Վարագույր թատերական՝ բեմի սարքավորման կամ ներկայացման ձեւավորման տարր։ Ներկայացման սկզբում եւ վերջում, առանձին պատկերների միջեւ, ինչպես եւ ընդմիջումների ժամանակ բեմը փակող վարագույրը կոչվում է ընդմիջումնային, նախաբեմում կատարվող ինտերմեդիաների ժամանակ բեմի մի մասը փակող վարագույր՝ ինտերմեդիական։ Վարագույրները լինում են բացովի, բարձրացվող-իջեցվող, լուսային (լույսի հարահոսքն ապահովում են լուսավորող սարքերը)։ Հրակայուն, հակահրդեհային վարագույրները բեմը հերմետիկորեն մեկուսացնում են հանդիսասրահից։ Վարագույրը կիրառվել է հնուց։ Վերածննդի դարաշրջանում ստեղծվել են բարձրացվող վարագույրներ, որ սովորաբար նկարազարդվել են (երբեմն խոշոր վարպետի կողմից) դիցաբանական կամ այլաբանական սյուժեներով։ Այդօրինակ վարագույրներ կան 19-րդ եւ 20-րդ դարերում կառուցված բազմաթիվ թատրոններում։ 20-րդ դարի թատրոնում վարագույրներ հաճախ ներառվում են ներկայացման ձեւավորման մեջ, ստեղծվում որոշակի բեմադրության համար, օրինակ՝ 1917 թ., Ալեքսանդրյան թատրոնում Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» պիեսի ներկայացման համար նկարիչ Ա. Գոլովինը նկարել է 10 վարագույր (յուրաքանչյուր պատկերի համար)։ 1923 թ. Մարտիրոս Սարյանը ստեղծել է Հայաստանի առաջին պետթատրոնի վարագույրը, որը խորհրդանշել է հայ ժողովրդի կենսունակությունը։ Ժամանակակից թատրոնի ներկայացումներում, բեմադրողի մտահղացման համաձայն, երբեմն վարագույր բոլորովին չի կիրառվում։