Իրաքում Թուրքիայի ռազմական ու դիվանագիտական ներկայությունը սպառնալիքի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ Բաղդադի կենտրոնական կառավարությունը նրա զորքերին մեղադրեց Դահուկի մարզը հրետակոծելու մեջ, ինչի հետեւանքով խաղաղ բնակիչներ են զոհվել: Չնայած որ Անկարան հերքել է իրաքցիների բոլոր մեղադրանքները, իրաքյան հասարակական կարծիքը վստահ է, որ ողբերգության պատճառը նրա երկարատեւ հատուկ գործողությունն է հյուսիսում բազավորված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ:
Դիվանագիտական աճող ճգնաժամի պատճառը հյուսիսային Դահուկի մարզի զբոսաշրջային օբյեկտին ուղղված հրետանային կրակն է, որը 10 մարդու կյանք է խլել: Նախնական տեղեկություններով՝ ավելի քան 30 մարդ է վիրավորվել:
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմին կառավարական հատուկ խումբ է ուղարկել դեպքի վայր, որը պետք է ճշտի կատարվածի բոլոր հանգամանքները: Դա, սակայն, կենտրոնական իշխանություններին չի խանգարել՝ գործնականում միանգամից տեսնելու մեղավորին. պատասխանատվությունը դրվել է Թուրքիայի վրա, որն ապրիլի 18-ից Իրաքյան Քուրդիստանի լեռներում ռազմական գործողություն է իրականացնում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ: Իրաքի ազգային անվտանգության խորհուրդը պատրաստակամություն է հայտնել Անկարայից հետ կանչել գործերի ժամանակավոր հավատարմատարին, իսկ տեղի արտգործնախարարությանը հանձնարարվել է հաշվետվություն կազմել Թուրքիայի զինված ուժերին ներկայացվող բոլոր առարկությունների մասին եւ բողոք ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:
Իր հերթին՝ Իրաքի միացյալ օպերատիվ հրամանատարությանը պարտավորեցրել են զեկուցել սահմանային իրավիճակի մասին, ընդունել հանգամանքներին համապատասխանող միջոցառումներ անվտանգության պահպանման համար, ինչպես նաեւ աջակցել Իրաքյան Քուրդիստանի կառավարության հետ աշխատանքների համակարգմանը, որի տարածքում՝ Զահուի շրջանում է հարձակման ենթարկված առողջարանային «Բարխ» գոտին: Բաղդադի բանակային կառույցները մտադիր են հարեւան պետությունից պահանջել՝ հանելու ողջ զինված ուժերն իրաքյան տարածքից եւ դադարեցնել հարձակողական գործողությունը, որի շրջանակներում, ըստ թուրքական ԶԼՄ-ների տեղեկությունների, Անկարան պլանավորում էր ոչ միայն 50-60 կմ խորանալ երկրի տարածքում, այլեւ ժամանակավոր ռազմական օբյեկտներ կառուցել անվտանգության ոլորտում իրավիճակը վերահսկելու համար:
«Մենք դրա հետ կապ չունենք եւ բաց ենք համագործակցության համար՝ ողբերգության մեղավորներին բացահայտելու նպատակով»,- հայտարարել է թուրքական ԱԳՆ-ի ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով հրետակոծության հետ կապված իրավիճակը: Արտգործնախարարը նկատել է, որ, համաձայն իր գործընկերների տվյալների, «քաղաքացիական օբյեկտների վրա ոչ մի հարձակում չի կատարվել»: «Իրաքյան իշխանությունները չպետք է ահաբեկչական կազմակերպությունների թակարդն ընկնեն»,- ասել է Չավուշօղլուն՝ ակնհայտորեն նկատի ունենալով, որ ողբերգությունը պլանավորված սադրանքի աղբյուր է: Այդուհանդերձ, հասարակական դժգոհությունն արդեն իրեն զգացնել է տվել Իրաքի մի շարք քաղաքներում: Այսպես՝ ցույցեր են տեղի ունեցել Բաղդադում Թուրքիայի դիվանագիտական առաքելության շենքի առջեւ: Սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր, որոնցում հստակ երեւում է, թե ինչպես է զայրացած ամբոխը պահանջում Անկարայի դեսպանին վռնդել երկրից՝ սպառնալով գրավել դեսպանության շենքը: Բացի այդ, ըստ որոշ հաղորդումների՝ տասնյակ ցուցարարներ փորձել են խոչընդոտել Նաջաֆ ու Կերբելա նահանգներում գտնվող վիզային կենտրոնների աշխատանքը: Փողոցային ակցիաներ են անցկացվել հարավային Էլ-Մուտանա եւ Դի-Կար մարզերում: Կենտրոնական կառավարությունից պահանջում են հասնել Թուրքիայի զինված ուժերի՝ երկրի տարածքից հանելուն, ինչպես նաեւ նրա նկատմամբ ազդեցության տնտեսական միջոցառումներ կիրառել: «Մահդիի բանակ» շիական կազմակերպության առաջնորդ Մուքտադ Աս-Սադրն Իրաքի իշխանություններին կոչ է արել պատասխան հարված հասցնել: Գործնականում դա պատերազմի հայտարարում կլինի: Բողոքողները շարունակում են փողոցներում թուրքական դրոշներ այրել:
«Թուրքիան ավելի ու ավելի լկտի է դառնում՝ ենթադրելով, որ Իրաքը կարող է պատասխանել միայն թույլ դատապարտմամբ»,- գրել է Աս-Սադրը թվիթերյան իր էջում: Իրաքի իշխանություններն առայժն չեն մեկնաբանում նրա հայտարարությունները: AFP-ի թղթակցի հաղորդման համաձայն՝ բարձրախոսներով հայրենասիրական երգեր են հնչել, իսկ ցուցարարները պահանջել են անմիջապես վռնդել Թուրքիայի դեսպանին:
«Մենք ուզում ենք այրել դեսպանությունը: Դեսպանին վռնդել է պետք,- հայտարարել է 53-ամյա ցուցարար Ալի Յասինը:- Մեր կառավարությունը ոչինչ չի անում»:
Վարչապետ ալ-Քազեմին բավական կտրուկ տոնով զգուշացրել է Թուրքիային, որ Իրաքը «պատասխան հարվածի իրավունք» է իրեն վերապահում՝ թուրքական կողմից հրետանային կրակն անվանելով Իրաքի ինքնիշխանության «աղաղակող խախտում»: Այդ դիրքորոշումը կիսում է Քրդական ինքնավարության կառավարությունը:
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմադ Աբուլ Գեյթը դատապարտել է Թուրքիայի «դաժան հարձակումը»: Նրա պաշտոնական ներկայացուցիչ Ջամալ Ռաշդին հաստատել է, որ Աբուլ Գեյթը լիովին մերժում է թուրքական հարձակումը, որը խախտում է Իրաքի ինքնիշխանությունը եւ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների եւ բարիդրացիության կանոնների կոպիտ խախտում է:
Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Լիգան աջակցում է Իրաքին Թուրքիայի հարձակումը մերժելու ու դատապարտելու հարցում, ինչպես նաեւ խստորեն դատապարտում է արաբական ցանկացած երկրի ինքնիշխանության ոտնահարման յուրաքանչյուր փորձ:
Հատկանշական է, որ ավելի վաղ եգիպտական «dmc» հեռուստաալիքին տված հարցազրույցում Աբուլ Գեյթը հայտարարել է, որ Թուրքիան Իսրայելից հետո երկրորդ գլխավոր սպառնալիքն է «արաբական ազգի» համար. նրա խոսքով՝ արաբական երկրները տասնամյակներով Թուրքիայից նվերներ են ստացել «բարի մտադրությունների» տեսքով, բայց Անկարան տարածաշրջանում գործնականում վարքագծի այլ ուղի է ընտրել սեփական հայեցակարգերի ու պատկերացումների հիման վրա: Հարկ է նշել, որ Թուրքիան Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ ռազմական ակտիվ գործողություններ է անցկացնում Սիրիայում ու Իրաքում, ինչպես նաեւ ներգրավված է Լիբիայի հակամարտության մեջ, ինչը, Աբուլ Գեյթի կարծիքով, անընդունելի է. Արաբական երկրները պահանջում են, որ Թուրքիան չմիջամտի իրենց ներքին գործերին:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քանանի Չաֆին ասել է, թե իր երկիրն «Իրաքի անվտանգությունը հավասարազոր է համարում սեփական անվտանգությանը» եւ պատրաստակամություն է հայտնում «ցուցաբերել ցանկացած օգնություն այդ ոլորտում»:
Հրետակոծությունը վճռականապես դատապարտել են նաեւ Գերմանիայի իշխանությունները՝ կոչ անելով կատարվածի հանգամանքների շուտափույթ հետաքննություն իրականացնել ու պարզել մեղավորներին: Այդ մասին նշված է երկրի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
«Դաշնային կառավարությունը դատապարտում է Դահուկ մարզի քաղաքացիական օբյեկտի վրա կատարված հարձակումը, որի ընթացքում մի քանի մարդ է զոհվել, շատերն էլ վիրավորվել են: Քաղաքացիական բնակչության վրա հարձակումը միանգամայն անընդունելի է»,- ասված է հայտարարության մեջ: Միեւնույն ժամանակ մատնացույց է արվում, որ քաղաքացիական անձանց պաշտպանությունը առաջնահերթ նշանակություն պետք է ունենա բոլոր հանգամանքներում:
Դաշնային կառավարությունը հայտարարել է. որ մեծ նշանակություն է տալիս Իրաքի պետական ինքնիշխանության հարգմանը եւ միջազգային իրավունքի պահպանմանը: Մենք կշարունակենք աջակցել Իրաքին, այդ թվում՝ Իրաքյան Քուրդիստանին, հատկապես՝ անվտանգության ու երկրի կայունացման հարցերում: