Այս օրերին շատ է խոսվում Քաշաթաղի շրջանում դեռեւս հայկական մնացած 3 բնակավայրերի՝ Բերձորի, Ներքին Սուսի եւ Աղավնոյի՝ Ադրբեջանին հանձնելու մասին։ Միայն խոսում ենք ու վերջ։ 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբերյան պատերազմից հետո շատ էինք խոսում Հադրութի ու Շուշիի, Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանների մասին…
Այսօր գոնե պետք է ազգովի տեր կանգնենք հերոսական Աղավնոյին ու Բերձորին՝ մեր հայրենի բնակավայրերին, որտեղ մինչ օրս ապրում են հայրենասեր բնակիչներ, որ նպատակ չունեն դուրս գալու։ Ազգովի պետք է տեր կանգնենք՝ երկրի ղեկավարով ու երեւանցիներով, շիրակցիներով, արարատցիներով, գեղարքունիքցիներով ու էլի տեղացիներով… Իսկ այն, որ Քաշաթաղն ամբողջությամբ, Հադրութը ծայրից ծայր, Քարվաճառն ու Շուշին Հայոց երկրի մի հատվածն են, դարեր, ավելի ճիշտ՝ հազարամյակներ եղել են Մեծ Հայքի մի հատվածը, ապացուցում են նույն տարածքներում պահպանված հայոց վանք ու եկեղեցիները, հանգստարանները։ Բերդ ու ամրոցի, կամուրջների, ջրաղացների, նախաքրիստոնեական դամբարանների, վիշապաքարերի ու ժայռապատկերների մասին էլ չասեմ։ 2 տասնամյակից ավելի զբաղվել եմ նշված տարածքների, հատկապես Քաշաթաղի պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրմամբ, հայտնաբերմամբ, դրանց մասին լուսաբանելով, կազմակերպելով լուսանկարների ցուցահանդեսներ, սակայն կարծում եմ՝ պետք է կրկին հիշեցնել հայ ժողովրդին՝ Արցախը Հայաստան է, Քաշաթաղն ու Քարվաճառը Հայաստան են, եղել են Սյունիքի ու Արցախի գավառներ։
2020 թ. պատերազմից 2 ամիս առաջ՝ օգոստոսի առաջին 2 օրերին հնագետներ Գագիկ Սարգսյանի եւ Լեւոն Մկրտչյանի հետ եղանք Քաշաթաղի եւ Հադրութի շրջաններում՝ պատմական հուշարձանների ուսումնասիրման ու նկարահանումների նպատակով։ Մեր շրջայցն սկսեցինք Հոչանց գետի հովտից եւ անցանք Աղավնոյի ավազան։ Հոչանց պատմական անունն են կրում Քաշաթաղի հյուսիսային թեւում ամենաբարձր գագաթը՝ ժայռակերտ սարը, նրա ստորոտում գտնվող գյուղը եւ արեւելյան կողմի խոր կիրճով անցնող գետը՝ Հակարիի միջին վտակը։ Հոչանց գյուղում պահպանվել է 17-րդ դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը 2019-ին հիմնանորոգվեց «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից եւ վերաօծվեց ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի եւ հոգեւորական այրերի ձեռամբ։ Եկեղեցու տարածքը մաքրելիս հողի տակից գտնվեցին 10-ից ավելի տապանաքարեր։ Քաշաթաղի շրջանի հյուսիսային թեւի բնակավայրերի մի մասը մինչեւ հայաթափումը եղել են Մեծ Հայքի Սյունիք եւ Արցախ աշխարհների մեջ։ Հայաթափումից հետո (18-րդ դարակեսից) օտարները հայոց հոգեւոր հուշարձանների մի մասն ավերել են, թաղել հողի տակ, իսկ կանգուն որոշ եկեղեցիներ օգտագործել են որպես հացի փուռ, մարագ, պահեստ, անասնագոմ եւ այլ նպատակներով։ Հայոց գերեզմանատները եւս հնարավորինս ավերել են, որոշները ծածկել հողով։ Նման օրինակ են Հոչանցի, Հարարի, Սոնասարի, Հակի, Արտաշավիի, Ղազարապատի եւ այլնի հին գերեզմանատները։ Հոչանցի եկեղեցու շենքն օգտագործել են որպես հացի փուռ՝ ենթարկելով որոշակի փոփոխությունների, ավելացնելով կից կառույցներ, իսկ մոտակա գերեզմանատունն ավերել, խաչքարերի ու տապանաքարերի մի մասն օգտագործել որպես շինաքար. գյուղի տների պատերի մեջ ագուցված են նույն շիրմաքարերի բազում բեկորներ։ Նույն պատկերն է նաեւ հարեւան Սոնասար գյուղում։
Ըստ Գորիսի տարածքի տարեց բնակիչ-ականատեսների՝ Սոնասարում մինչեւ 1930-ական թվականները կանգուն է եղել հայոց եկեղեցին, որն ավելի վաղ շրջանի կառույց էր եւ ունեցել է ճարտարապետական յուրահատուկ հորինվածք: Հետագայում այստեղ բնակություն հաստատած թրքաքրդերը քանդել են այն հիմնահատակ, քարե սյուները տեղափոխել այլ վայր: Գյուղում պահպանվել են եկեղեցու սյուների խոյակներից, քիվերի եւ այլ մասերի քարաբեկորներ: Իսկ գերեզմանատան շիրմաքարերի մի մասը կոտրել եւ տներ են կառուցել, մի մասը թաղել հողի տակ: Վերաբնակեցման տարիներին բացվեցին որոշ տապանաքարեր, որոնք ունեն ոճական առանձնահատկություններ: Մինչ պատերազմը գյուղի Կյուրեղյանի անվ. միջն. դպրոցի մոտակա հուշարձանում պահպանվում էին պատերի միջից հանված տասնյակ շիրմաքարերի բեկորներ՝ զարդանախշ քարեր: Այժմ դրանց եւ ընդհանրապես բոլոր հուշարձանների ճակատագիրն անհայտ է։ Սոնասարով դեպի Աղավնոյի հովիտ անցնող ճանապարհ կա, որը մի փոքր դժվարանցանելի էր՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ականապատվել էր: Վերաբնակեցման տարիներին ականներից մաքրվեց տարածքը, ճանապարհը դարձավ անվտանգ, այնուամենայնիվ, զգուշություն է պետք: Բարձրանում ենք անտառապատ ճանապարհով. «Նիվա» մեքենան վարում էր Գ. Սարգսյանը, ով 10 տարուց ավելի է՝ հնագիտական աշխատանքներ էր կատարում Քաշաթաղի շրջանում: Նրա շնորհիվ տարածքում հայտնաբերել ենք 3 տասնյակ ամրոցատեղի եւ այլ պատմական հուշարձաններ: Գրեթե միշտ միասին ենք ուսումնասիրել նշված հուշարձանները: Անտառապատ ու ոլորապտույտ ճանապարհով վերջապես հասնում ենք Աղավնո-Հոչանց ջրբաժանի գլուխ: Բավականին հարթ, ալպիական գոտի է: Վաղնջական ժամանակներում եղել է բնակելի տարածք, մեջտեղում՝ մի բլրի վրա, ամրոց է եղել: Այժմ քիչ բան է պահպանվել ամրոցից, բայց տարածքի բազում դամբարաններ պահպանվել են:
Իջնում ենք Աղավնոյի հովիտ՝ նեղ ու ձգվող հրվանդանի հարավային թեք ու քարքարոտ լանջով: Պարզվում է՝ անցնում ենք դարձյալ վաղնջական շրջանի բնակատեղիով: Մոտ 10 հեկտար տարածքում պահպանվել են մի քանի տասնյակ դամբարանաթմբեր, իհարկե՝ ժամանակին կողոպտված, սակայն ունեն հնագիտական, տարածքը ճանաչելու կարեւոր արժեք: Ձախ կողմում Տանձուտ պատմական գյուղն է, որի եզրին շատ հետաքրքիր ու գեղեցիկ ժայռակերտ պուրակում պահպանվել է միջնադարյան ժայռափոր եկեղեցի: Լանջի տակ ձոր է՝ ժայռերով, որոնք հարուստ են ժամանակին բնակելի հսկա ու փոքր քարանձավներով: Բնակատեղիի լանջի ներքեւում մեծ-մեծ քարեր են՝ իրարից համաչափ հեռավորությամբ: Գրեթե շրջանաձեւ պատել են մեկ այլ մեծ ժայռ, որը դուրս է ցցված հողից: Արդեն մի քանի հնավայր-տեղերում եմ տեսել նման երեւույթ, որ մեծ-մեծ քարերն իրարից հեռու են համաչափորեն, շարված մեկ գծով կամ շրջանաձեւ: Նույն պատկերը կա Աղավնո գետի աջակողմյան մի շարք հնավայրերում: Քաշաթաղի շրջանում դա կա Միրիկի ամրոցում, Ղուշչիի բնակատեղի-ամրոցում եւ նույն գծով այլ հնավայրերում, Որոտանի ավազանում: Նման պատկեր տեսել եմ իմ ծննդավայրի տարածքում՝ ՀՀ Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ գյուղի Սեւ սարում՝ հայտնի աստղադիտարան-հնավայրում: Ուսումնասիրում ենք տարածքը, լուսանկարում: Հրվանդանի հյուսիսային լանջն անտառապատ է, որտեղով է շարունակվում ճանապարհը: Այս հատվածում՝ Տանձուտ-Մոշաթաղ ճանապարհի աջակողմում բարձր, ուղղաձիգ ժայռերով բլուր կա։ Ժայռերում կան քարանձավներ, որոնցում ամբողջ տարվա ընթացքում ջուր է կաթում։ Քարանձավներից մեկը փլվել է՝ պահպանված պատը եկեղեցու խորան է։ Այս բլրի վրա պահպանվել են միջնադարյան ամրոցի պարիսպներ, կացարանների հիմքեր, գաղտնուղի եւ ամրոց հիշեցնող այլ վկայություններ։ Տարիներ առաջ պատահաբար տեսա պարիսպները, հնագետների հետ ուսումնասիրեցինք, եւ բոլորիս կարծիքը մեկն է՝ այստեղ է եղել պատմական Խոժոռաբերդը, որի մասին առաջին անգամ հիշատակում է Ստեփանոս Օրբելյանը, սակայն տեղը չի նշում։ Իհարկե՝ մենք վարկած ենք առաջ քաշում։