Իսրայելի եւ ՀԱՄԱՍ շարժման միջեւ կրակի դադարեցման հայտարարությունը չի լուծել Գազայի հատվածի շուրջ կոնֆլիկտային բոլոր հարցերը: Պաղեստինի ամենակատաղի պաշտպաններից մեկը՝ Թուրքիան, փորձում է առաջ մղել մերձափնյա անկլավի վարչակազմի հետ ծովային հուշագրի ստորագրման գաղափարը, նման այն փաստաթղթին, որը երկու տարի առաջ ստորագրվեց Անկարայի ու Տրիպոլիի միջեւ՝ առանց հաշվի առնելու Միջերկրական տարածաշրջանի այլ երկրների հետաքրքրությունները: Իսրայելում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այդ նախաձեռնության մեջ տեսնում են փորձ՝ սանձազերծելու տնտեսական պատերազմ եւ հերթական անգամ մարտահրավեր նետելու Գազայի հատվածի շրջափակմանը: Գաղափարը, որ Անկարան կարող է իրականացնել «լիբիական մոդելը»՝ գործարք կնքելով Գազայի հատվածի հետ, լայն տարածում է ստացել թուրքական լրատվամիջոցներում:
Նախաձեռնության հեղինակը Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար. ծովակալ Ջիհաթ Յայջին է: Նա կարծում է, որ Անկարայի եւ Տրիպոլիի միջեւ ծովային գոտիների սահմանազատման մասին երկամյա համաձայնագիրը կարող է ներառել նաեւ Գազայի հատվածը, որը իսրայելական շրջափակման մեջ է: Դա ՀԱՄԱՍ-ի գլխավորած անկլավի վարչակազմին կթույլատրի աջակցություն ապահովել ծովից: Նախաձեռնությունն Արեւելյան Միջերկրածովյանի մի շարք վիճելի տարածքների նկատմամբ թուրքական առարկությունների օրինականացման տպավորություն է ստեղծում:
Այդ առաջարկին ուշադրություն են դարձրել նաեւ իսրայելական ԶԼՄ-ները՝ շեշտելով, որ Էրդողանը ցանկանում է մուտք գործել հրեական պետության սահմանների մոտ գտնվող գազային հանքավայրեր: Ինչպես նշել է «Jerusalem Post»-ը, Յայջիի հայեցակարգն Իսրայելին ու Թուրքիան կդնի բախման սահմանագծին եւ կհարվածի Արեւելամիջերկրածովյան նավթամուղի նախագծին հրեական պետության մասնակցությանը:
«Թուրքիան իր ափերից ուղիղ գիծ է քաշելու մինչեւ Գազա՝ ենթադրաբար բաժանելով ծովը եւ ստեղծելով միջանցք: Դա Իսրայելին կկտրի Արեւելամիջերկրածովյան նավթամուղից, որը Իսրայելը, Հունաստանը եւ Կիպրոսը ցանկանում են համատեղ կառուցել,- գրել է «Jerusalem Post»-ը:– Դա ակնհայտ տնտեսական պատերազմ է, որը մարտահրավեր է նետում էներգետիկայի ոլորտում Իսրայելի նպատակներին»:
Այն բանից հետո, երբ Գազայի հատվածում իշխանության եկավ ՀԱՄԱՍ շարժումը, Իսրայելը եւ Եգիպտոսը բլոկադայի ենթարկեցին մերձափնյա անկլավը: Ցամաքային սահմանին կառուցվեց ամուր պատ՝ պահակակետերի պահպանմամբ: Բացի այդ, հրեական պետության իշխանություններն արգելեցին նավարկությունն ափամերձ գծի երկայնքով՝ 20 մղոն գոտում: Պաշտոնապես հայտարարվեց, որ նման միջոցառումներն անհրաժեշտ են զինյալներին զենք մատակարարելու դեմ պայքարի համար: Բայց Գազայի շահերի պաշտպաններին նման բացատրությունը չի բավարարել: 2006-ից գոյություն ունեցող «Ազատ Գազա» միջազգային շարժումը եվրոպական նավահանգիստներից կազմակերպում է ծովային քարավաններ դեպի անկլավ: Արշավը ստացել է «Ազատության նավատորմ» անվանումը:
Իսրայելցիները «նավատորմի» գործողությունները գնահատեցին որպես սադրանք եւ հումանիտար բեռների տեսքով պաղեստինյան կազմավորումներին զենք հասցնելու փորձ: Եթե 2008-2009 թթ. ակտիվիստներին հաջողվում էր հասնել մինչեւ անկլավի ափերը, ապա ավելի ուշ Իսրայելն սկսեց կոշտ ճնշել բոլոր ներթափանցումները: Շատ դեպքերում քարավանների բռնագրավումը կատարվում էր առանց զենքի օգտագործման: Սակայն 2010 թ. շրջափակումը ճեղքելու փորձը հանգեցրեց զոհերի: Թուրքական «Մավի Մարմարա» լաստանավը, որը ճանապարհորդում էր վեց արտասահմանյան նավերի կազմում, Գազային մոտենալիս ենթարկվեց իսրայելական ռազմածովային ուժերի հարվածին: Գործողության ընթացքում զոհվեցին Թուրքիայի 8 քաղաքացի եւ թուրքական ծագում ունեցող 1 ամերիկացի: Քարավանի վրա հարձակումը խարխլեց Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները:
Երկու երկրի կապերը հերթական հարվածը կրեցին, երբ Իսրայելը 2018 թ. ուժ կիրառեց Գազայի հատվածի հետ սահմանի երկայնքով տեղի ունեցած անկարգությունների ժամանակ: Առավել զարմանալի էր դիտարկել, թե ինչպես է 2020 թ. նույն Յայջիին Թել Ավիվի համալսարանի Դայան Մոշեի անվան Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի ուսումնասիրությունների կենտրոնի հովանու ներքո լույս տեսնող «Turkeyscope» ամսագրի համար հոդվածում հրեական պետությանն առաջարկում պայմանագիր կնքել ծովային սահմանների սահմանազատման վերաբերյալ: Նա արտահայտվել է Անկարայի եւ Տրիպոլիի միջեւ կնքված ծովային սահմանների երկկողմ հուշագրի գործողության ընդլայնման եւ Իսրայելին Արեւելյան Միջերկրածովյանում 12-րդ ծովային, մասամբ նաեւ՝ 7-րդ, 8-րդ, 9-րդ եւ 11-րդ բլոկների հանձնման օգտին: Այդ հոդվածն ընդունվեց որպես հաշտեցման անհրաժեշտության ազդանշան:
Չնայած Ջիհաթ Յայջին պետական պաշտոնյա չէ, նրա արտահայտությունները, համաձայն լայն տարածում գտած գնահատականի, երկրի իշխանություններին օգնում են ուսումնասիրել հասարակական կարծիքը՝ կապված արտաքին քաղաքական որոշ նախագծերի նպատակահարմարության հետ:
Յայջին «Կապույտ հայրենիք» հայեցակարգի հիմնադիրներից է: Դա ռազմաքաղաքական մի դոկտրինա է, որը ցուցադրում է Էգեյան եւ Միջերկրական ծովերում լայն իրավասություններ ունենալու Թուրքիայի պահանջների «արդարությունը»: Հենց նա է եղել Անկարայի եւ Տրիպոլիի միջեւ պայմանավորվածությունների հեղինակներից մեկը: Նրա այժմյան նախաձեռնությունը, հավանաբար, նպատակ ունի ցուցադրել Անկարայում տրամադրությունների փոփոխությունը եւ իսրայելական կողմի հետ համագործակցությունից լիովին հրաժարումը:
Էրդողանը մայիսի 19-ին թուրք երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ չի ցանկանում համագործակցել Իսրայելի ղեկավարության հետ. «Նաթանյահուն (Իսրայելի վարչապետ- խմբ.) երբեք մեր ընկերը չի եղել եւ չի դառնա: Մենք շարունակելու ենք հետեւել մեր պայքարի ուղուն»: Իսրայելը պատասխանել է փոխադարձությամբ. Միացյալ Նահանգներում հրեական պետության դեսպան Գիլադ Էրդանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստում նշել է, որ «Թուրքիայի ղեկավարներն Իսրայելին նախատելու ոչ մի իրավունք չունեն», ապա համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի կողմից Իսրայելի դեմոնացումը «նպաստում է ողջ աշխարհում հակասեմական զզվելի հարձակումներին»: