Ժամանակը սրընթաց սլանում է առաջ։ Մեր աչքի առաջ տեղի են ունենում մեծագույն դարակազմիկ փոփոխություններ։ Ավարտվում է քրիստոնեության ու աթեիզմի միջեւ բանավեճը, որն սկսվել էր ֆրանսիական հեղափոխության ժամանակներից։
Նախկին Խորհրդային Միության երկրները թեւակոխել են հետաթեիստական դարաշրջան։ Ակնհայտ է, որ մեր բնակչության մի զգալի հատված անտարբեր է կրոնական եւ աթեիզմի հարցերի նկատմամբ, սակայն շատերն են ցանկանում իմանալ, թե ի՞նչ է սպասվում մեզ ապագայում։
Վերջին համաշխարհային հակամարտությունը տեղի է ունենալու ո՛չ կրոնի ու աթեիզմի միջեւ։ Դանիելի մարգարեական գրքերը եւ Հայտնության գիրքը, ինչպես նաեւ այլ մարգարեություններ վկայում են, որ այդ հակամարտությունը տեղի է ունենալու կրոնական գիտակցության ոլորտում։ Դա չի լինելու բախում տարբեր համաշխարհային կրոնների միջեւ, թեպետ լարվածությունը դրանց միջեւ գնալով մեծանում է։
Համաշխարհային պատմության ավարտական փուլում ողջ մարդկության ուշադրությունը կենտրոնանալու է այն ճշմարտությունների վրա, որոնք հռչակված են Հավերժական Ավետարանում.
«Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ թռչելիս երկնքի մէջ, որ յաւիտենական աւետիք ունէր, որ աւետարանէր երկրի վերայ բնակողներին. եւ ամեն ազգի, եւ ցեղի, եւ լեզուի, եւ ժողովրդի»։ Հայտնություն 14։6
Աստծո համար օտար է այն ամենը, ինչ կրոնի մեջ ներմուծված է մարդու կողմից. դրանք չեն կարող դիմանալ ժամանակի փորձությանը։ Միայն Աստծո խոսքն է պարունակում կենարար պատասխաններ մարդկային հոգու պահանջմունքներին։
Աստվածաշունչը նկարագրում եւ բացատրում է ոչ միայն համերկրային ողբերգության ակունքները, որոնք ծնունդ են մեղքի, այլեւ թե ինչպե՞ս է զարգացել երկրային քաղաքակրթությունը մեղքի պայմաններում։
Համաշխարհային պատմության կենտրոնում բարձրացվում է Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի խաչը, եւ այդ հանգամանքը մեզ հնարավորություն է տալիս հատուկ պարզությամբ տեսնել Աստծո մասնակցությունը աշխարհի փրկության գործին։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ