Վերջերս Վրաց գիտնականների կոնգրեսը մեր վաստակաշատ լեզվաբան Վաղարշակ Մադոյանին ընտրել է արտասահմանյան անդամ։ Առաջարկը ներկայացրել են Վրաստանի գիտությունների ակադեմիայի 6 անդամներ։
Վաղարշակ Մադոյանն արտասահմանում Հայաստանը ներկայացնող մեր ամենահայտնի գիտնականներից է։ Նա գիտական զեկուցումներ է ներկայացրել ավելի քան 50 միջազգային գիտաժողովներին։ Բացի հայ եւ ռուս, ընդհանուր եւ միջազգային լեզվաբանությանը, գերմանագիտությանը վերաբերող գիտական ուսումնասիրություններից, Վ. Մադոյանը մարդու իրավունքներին նվիրված մի շարք աշխատություններ է տպագրել, որոնք վերաբերում են սոցիալիստական եւ հետսոցիալիստական իրականությունում մարդու շահագործման, հանցավոր ձրիակերության, լճացման հարցերի ուրույն մեկնաբանություններին։
Գիտական գործունեությանը զուգահեռ՝ Վ. Մադոյանը կատարում է հասարակական եւ կազմակերպչական մեծ աշխատանք՝ ԽՍՀՄ կազմում եղած ժողովուրդներին Հայաստանի հետ մերձեցնելու նպատակով։ Նա Հայաստանում Խորհրդային Ռուսաստանի շրջանավարտների միության գործադիր տնօրենն է, Հայաստան-Ռուսաստան, АОКС-Украина միությունների նախագահության անդամ, մի շարք միջազգային եւ հանրապետական գիտական ու գեղարվեստական հանդեսների խմբագրական կոլեգիաների անդամ։ Տարածաշրջանային եւ միջազգային համագործակցության, մարդու իրավունքների, խաղաղության հարցերով հանդես է եկել մի շարք միջազգային համաժողովներում՝ Հելսինկիում (1991), Դելիում (1993), Մոսկվայում (1997), Ինդիանապոլիսում (ԱՄՆ, 2001), Փարիզում (2001), Ամմանում (Հորդանան, 2004)։ Հայտնի է Ղարաբաղյան շարժմանն ակտիվ օժանդակությամբ։
Վաղարշակ Մադոյանը Երեւանի Անանիա Շիրակացի միջազգային հարաբերությունների համալսարանի հիմնադիր-ռեկտորն է, ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի լեզուների ամբիոնի վարիչը։ Նա «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լավ բարեկամն է, մեզ մոտ տպագրվող ակտիվ հեղինակներից։
Բերում ենք մի հատված Վրաստանի ԳԱԱ փոխնախագահ Ռոին Մետրեւելիի` Վրաստանի գիտնականների կոնգրեսի անդամ ընտրվելու կապակցությամբ Վաղարշակ Մադոյանին ուղարկած շնորհավորական ուղերձից. «Սրտանց ողջունում եմ վրացի եւ հայ գիտնականների միջեւ համագործակցության, առողջ գիտական բանավեճի, բարեկամության ավանդույթների շարունակության համար եւ ուրախ եմ, որ Դուք զարգացնում եք այդ բարի հարաբերությունները վրացի գիտնականների հետ։ Ես ողջունում եմ Ձեզ, որ միացել եք գիտության եւ հասարակական գործիչների մեր մեծ հանրությանը։ Ձեր գիտական նվաճումները լեզվաբանության, գրականության, գրաքննադատության, ինչպես նաեւ իրավունքի բնագավառում, Ձեր կողմից բարձրացված՝ լեզվի քաղաքականության կարգավորման հարցերը, ինչպես նաեւ Ձեր համալսարանի համագործակցությունը ճշգրիտ եւ բնական գիտությունների վրացի գիտնականների հետ հիմք ծառայեցին Ձեզ ընտրելու Կոնգրեսի արտասահմանյան անդամ։ Ես ոչ պակաս երջանիկ եմ, որ Դուք, ականավոր գիտնականդ, ծնվել եք Վրաստանում եւ ունեք սերտ բարեկամական կապեր վրացի գործընկերների եւ վրաց ժողովրդի հետ։ Ցանկանում եմ Ձեզ երկար կյանք եւ մեծ ստեղծագործական հաջողություններ ի շահ մեր հին ժողովուրդների»։