Մայիսի 21-22-ը Մարտակերտ քաղաքի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի նախասրահում բացվել էր «Իմ հայրենիք» խորագիրը կրող շարժական միջազգային ֆոտոցուցահանդեսը։ Այն կազմակերպել էին քանդակագործ Արմեն Պետրոսյանը, երեւանցի լուսանկարիչ Արմեն Ենգոյանն ու Չեխիայի լուսանկարիչների միության նախագահ Գարիկ Ավանեսյանը։
Աշխարհի շուրջ 6 երկրից հայ եւ օտարազգի 24 լուսանկարիչ իրենց աշխատանքներն այդ երկու օրվա ընթացքում ներկայացրել էին հասարակության դատին։ Ըստ Ենգոյանի` Արցախում ֆոտոցուցահանդես բացելու միտքն առաջացել էր պատերազմի օրերին, քանի որ մարդիկ պետք է հասկանային, որ պատերազմն ավարտվելու է, իսկ իրենք հայրենիք են պաշտպանում, եւ հայրենիքը սա է, որտեղ կյանքը կա ու շարունակվում է։ Ցուցահանդեսը նախատեսվել էր բացել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու բակում, բայց չհասցրեցին։
Արցախում ցուցահանդես բացելու կոչին միացան լուսանկարիչներ տարբեր երկրներից` Հայաստանից, Ռուսաստանից, Սլովակիայից, Չեխիայից, Իսրայելից, Իտալիայից եւ, իհարկե, Արցախից, մարդիկ, ովքեր եղել են այստեղ եւ ովքեր չեն եղել։ Նրանց համար ցուցահանդեսը մի նախաձեռնություն էր արցախցիներին սատարելու եւ այդ դժվարին պահին նրանց կողքին լինելու համար։
-Լուսանկարներում ներկայացված են կադրեր Հայաստանից եւ Արցախից, ինչպես նաեւ հեղինակների հայրենիքներից: Խաղաղ առօրյան` բնություն, քաղաքներ, եկեղեցիներ եւ մարդիկ, այն ամենը, ինչով ապրում, ուրախանում ու տխրում են, եւ պատերազմից դրվագներ, որտեղ կռվում եւ պաշտպանում են, որովհետեւ դա է իրենց հայրենիքը,- նշել է Ա. Ենգոյանը:
Ֆոտոցուցահանդեսը Մարտակերտից սկսեցին Արմեն Պետրոսյանի առաջարկով։ Նրա խոսքով` սովորաբար ամեն ինչ սկսվում է մայրաքաղաքից, այս անգամ համադրողներով պայմանավորվեցին բացառություն անել, սակայն մնացած քաղաքներում եւս կբացվի ցուցահանդեսը։
Մայիսի 21-ին ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաեւ Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանը, կրթության եւ սպորտի բաժնի վարիչ Դավիթ Լալայանը։
Իլոնա ԱՆԴՐՅԱՆ