Հայկական կինոարվեստն սկզբնավորվել է ռուս եւ եվրոպացի կինոօպերատորների նկարահանած փաստավավերագրական ֆիլմերով։ Առաջին կինոկադրերն ստեղծվել են 1907-1914 թթ.: 1907 թ. նկարահանվել են Մկրտիչ Ա Վանեցի (ցուցադրվել է Թիֆլիսում եւ Բաքվում), 1910 թ.՝ Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի (օպերատորներ՝ Ալեքսանդր Դիգմելյով եւ Ա. Միներվին) կաթողիկոսների թաղումները։
1913 թ. Իվան Պերեստիանին Ալեքսանդր Խանժոնկովի ստուդիայում էկրանավորել է Շիրվանզադեի «Նամուս» վիպակը (ֆիլմը՝ «Երդումով կապվածները», սցենարիստ եւ գլխավոր դերակատար՝ Վահրամ Փափազյան)։ Նախահեղափոխական շրջանի ռուսական կինոյում նկարահանվել են դերասաններ Արշավիր Շահխաթունին, Արուս Ոսկանյանը, Արշակ Բուրջալյանը, Օլգա Մայսուրյանը, թուրքական կինոյում՝ Վահրամ Փափազյանը եւ Հրաչյա Ներսիսյանը։ 1915 թ. Ա. Միներվինը Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար) մի խումբ հայ սիրող դերասանների մասնակցությամբ նկարահանել է «Թուրքահայերի ողբերգությունը» կինոնկարը։ Մինչեւ հեղափոխությունը ռուսական կինոյի ճանաչված դերասան էր հետագայում հայկական գեղարվեստական կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանը։
ՀԽՍՀ ժողկոմխորհը 1923 թ. (համարվում է հայկական կինոյի ծննդյան տարեթիվը) որոշում է ընդունել մասնավոր կինոթատրոններն ազգայնացնելու եւ Պետկինո հիմնելու մասին։ 1923 թ. աշնանը Պետկինոյի հիման վրա ստեղծվել է Պետֆոտոկինո բաժնետիրական ընկերությունը, որը մինչեւ 1928 թ. կոչվել է Կինոֆաբրիկա, ապա՝ Հայկինո, 1938-ից՝ Երեւանի կինոստուդիա, 1957-ից՝ Հայֆիլմ (1966-ից՝ Հ. Բեկնազարյանի անվան)։
Գեղխորհդի որոշմամբ էկրանավորվել է Շիրվանզադեի «Նամուսը»։ Նկարահանել է Համո Բեկնազարյանը, ով 1921-ից աշխատում էր վրացական կինոստուդիայում (Հայաստանում հաստատվել է 1926 թ.)։ «Նամուս» ֆիլմում նկարահանվել են դերասաններ Հովհաննես Աբելյանը, Հասմիկը, Համբարձում Խաչանյանը, Օլգա Մայսուրյանը, Ավետ Ավետիսյանը, Հրաչյա Ներսիսյանը, Նինա Մանուչարյանը։ Ֆիլմն աչքի է ընկնում արտահայտիչ կինոլեզվով, ժողովրդի բարքերն ու կենցաղի մանրամասները պատկերելու հավաստիությամբ։