Տավուշի մարզի Շամշադինի տարածաշրջանի խոշոր գյուղը նախկինում կոչվել է Ղարաբաղայա, հետագայում՝ Ղրղի (բազեների ցեղին պատկանող գիշատիչ թռչուն), իսկ 1978-ից՝ Արծվաբերդ։ Տեղացիները հպարտությամբ ասում են. «Մեր սահմանամերձ գյուղն իր անունն ստացել է դարեր շարունակ մահմեդականներից՝ ի՛ր սեփական հողի վրա ապրելու, ի՛ր իրավունքը պաշտպանելու համար»։
Օրերս 3 ընկերներիս հետ այս հերոսական գյուղում էի, հյուրընկալվեցինք Ռոբերտ Պռոշիկյանի տանը։ Կինը՝ Անուշ Ճաղարյանը, 2013-ին ավարտել է Գավառի պետական համալսարանը, այժմ աշխատում է գյուղի մշակույթի տան գեղարվեստական մասի վարիչ։ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ ու հերոսական Վահան գյուղում է ծնվել Անուշը՝ ազատամարտիկ Գրիգոր Ճաղարյանի դուստրը։ Հորը չի տեսել. 1990 թ. հոկտեմբերին սահմանամերձ Վահան համայնքից առաջինը զոհվել է 31-ամյա Գրիգոր Ճաղարյանը: Անուշն ու Ռոբերտն ունեն 3 զավակ։ Արսինե դուստրն արդեն 3-րդ դասարանի աշակերտուհի է, որդիներից Վանն ավարտել է առաջին դասարանը, իսկ Նոյը դեռ մանկապարտեզ է հաճախում, բայց համարում է՝ ինքը դպրոցական է։ Ռոբերտի ընտանիքի հետ եղանք գյուղի գեղատեսիլ ու պատմական վայրերում։ Նաեւ փոքրիկներն են հպարտ, որ շատ գեղեցիկ տարածքում է իրենց ծննդավայրը։ Արծվաբերդցիների, նաեւ փոքրիկ Նոյի ու Վանի համար շատ հարազատ վայր է հատկապես իրենց Ծիլի ծովը՝ Խնձորուտ գետի վրա՝ Արծվաբերդ-Քոլագիր ճանապարհի ձախակողմում։ Անտառապատ լանջերով պատված սարերի գրկում գտնվող այս ջրամբարը, ասում են, ավելի գեղեցիկ է հատկապես գարնանը, երբ ջրի մակարդակը բարձր է։
Ամռան ընթացքում նույն ջրամբարի ջրով են ոռոգվում Արծվաբերդի եւ հարեւան Այգեձոր, Նորաշեն, Վերին Կարմիրաղբյուր, Չորաթան բնակավայրերի հողատարածքները։ Օրվա ընթացքում եղանք նաեւ Չինարի գյուղի հարեւանությամբ գտնվող միջնադարյան հայոց սրբավայրում՝ Խորանաշատում։ Սահմանամերձ Չինարին հերոսաբար իր տեղում է ու սահմանապահ։ Խորհրդավոր է Խորանաշատում։ Արդեն 800 տարեկան հայոց երբեմնի շեն ու կանգուն վանական համալիրն այսօր վտանգված է: Նախ, որ վթարային վիճակում է, երկրորդ՝ սահմանին շատ մոտ՝ ցանկացած պահի ենթակա թշնամու հարվածի։ Շրջում ենք վանքի տարածքում. մեր պապերը շատ մեծ ժառանգություն են մեզ թողել։ Երեկոյան Անուշի ուղեկցությամբ եղանք գյուղի մշակույթի տանը։ Արդեն 6 ամիս է՝ ինչ աշխատում է Բերդի մշակույթի տան (տնօրեն՝ Արմեն Մելիքյան) Արծվաբերդի մասնաճյուղում՝ գեղմասվար։ Մինչ այդ աշխատել է գյուղի մանկապարտեզում։ Դեռեւս խորհրդային տարիներին, երբ գյուղի կոլտնտեսությունը ղեկավարում էր (1961-1971 թթ.) ծնունդով արծվաբերդցի Արմենակ Շամիրի Ուզունյանը, կառուցված մշակույթի այս պալատը մշտապես կարեւոր դեր է ունեցել Արծվաբերդի բնակչության համար։ Ներսը զարդարված է խորհրդային տարիների հետաքրքիր ու գեղեցիկ զարդանախշերով։ Այժմ ունի որոշակի վերանորոգման, ջեռուցման, սանհանգույցի կարիք։ Կես տարվա ընթացքում Անուշը կարողացել է լավ աշխատել գյուղի երիտասարդների, դպրոցականների հետ, եւ մեր այցի պահին շատ երեխաներ ու երիտասարդներ մասնակից էին ամառային ճամբարի միջոցառումներին։
Ա. Ճաղարյանը տեղեկացրեց, որ դպրոցի բարձր դասարանների ավելի քան 30 աշակերտ կամավորական հիմունքներով մասնակից է մշակույթի տան աշխատանքներին, այժմ՝ ամառային ճամբարի միջոցառումների կազմակերպմանը։ Տեղում էին կամավորականները, զրուցում եմ նրանց հետ։ Մեծ սիրով լցվեցի մեր երեխաների հանդեպ, ովքեր սիրում են իրենց ծննդավայրը, համոզված եմ՝ միշտ տեր են մնալու։ Կամավորական Արամը ծրագրավորող է, Լուսինեն մանկավարժ է ցանկանում դառնալ։ Եկել են աշխատելու ճամբարականների հետ։ 12-րդ դասարան է փոխադրվել Հայկ Դոմբլյանը, ով արդեն լավ լուսանկարիչ է եւ շարունակելու է զբաղվել դրանով։ Ա. ճաղարյանը ցույց է տալիս Հայկի աշխատանքի արդյունք լուսանկարները։ Հայրենի եզերքն է պատկերել երիտասարդ լուսանկարիչը, ով նաեւ այլ ծրագրեր է իրականացնում։ Ցանկանում է լուսանկարչական ստուդիա բացել գյուղի մշակույթի տանը։ Ձեռագործ աշխատանքներ է կատարում դպրոցական Անին՝ ստեղծելով վզնոցներ, մատանիներ, այլ զարդեր։ Իններորդցի Անին որոշել է թարգմանիչ դառնալ եւ իր հայրենի բնակավայրի մասին պատմել աշխարհին։ Բաբայան քույրերը՝ Նաիրան ու Տաթեւը, արդեն հետաքրքիր ծրագիր են իրականացնում. շապիկների վրա ձեռագործ հայոց նախշեր են նկարում։ Վաճառվում է իրենց աշխատանքը, գոհ են։ Նրանց հետ է աշխատում նաեւ Հասմիկը։ Համակարգչային օպերատոր, ծրագրավորող Գայանե Շահնազարյանը սովորում է Բերդի պետական քոլեջում, նպատակ ունի դառնալ իրավագետ եւ գյուղում բացել իրավաբանական գրասենյակ։
Զրույցից հետո կայացավ սեմինար, որի ընթացքում կամավորականները քննարկեցին մի շարք հարցեր։ Շրջում եմ մշակույթի տան ներսում։ Անուշն ասում է, որ ցանկություն ունի նաեւ թանգարան բացել։ Պատերին Մեծ հայրենականում նահատակված արծվաբերդցիների լուսանկարներն են։ Արցախյան առաջին գոյամարտում գյուղից նահատակվել են 7, իսկ 44-օրյայում՝ 12 քաջորդիներ։ Անցած 6-ամսյա աշխատանքի մասին է պատմում Անուշը։ Այդ ընթացքում արժանացել է 1 պատվոգրի եւ 2 շնորհակալագրի Բերդի մշակույթի տան տնօրինության կողմից՝ կազմակերպած տարբեր միջոցառումների եւ հանդեսների համար։ Նշեց, որ համագործակցում են գյուղի 2 դպրոցների եւ 2 մանկապարտեզների, Անկա Ավետիսյանի ղեկավարությամբ գործող պարի խմբակի, մոտակա զինվորական կառույցների, հարեւան բնակավայրերի մշակույթի տների հետ։ Հատկապես կարեւորում են բանակ-հասարակություն կապը եւ պետական տոների ժամանակ միջոցառումներ են կազմակերպում զինվորականների մասնակցությամբ։ Հոգեւոր-ազգային տոներին նվիրված տարբեր հանդեսներ ու ազգագրական արարողություններ են կազմակերպում, որոնց ներկա են լինում նաեւ տարածքի հոգեւորականները։ Դպրոցականների հետ կազմակերպում են ինտելեկտուալ խաղեր, արշավներ, էքսկուրսիաներ։ «Չպետք է սպասենք՝ հրահանգեն, որ աշխատենք,- ասում է Անուշը,- յուրաքանչյուրս ենք պարտավոր գործել ըստ բնագավառի եւ տեր մնալ մեր երկրին»։