Գյուղի խնդիրը, թերեւս, մեր երկրի համար ամենակարեւորներից մեկն է, որի լուծման համար կարծես արվում է հնարավորն ու անհնարինը, բայց… Պատմական փորձը ցույց է տալիս, որ գյուղն ապահովում է երկիրը ոչ միայն սննդամթերքով, այլեւ բնակչությամբ: Իսկ եթե բնակչություն չկա, երկիր էլ չկա: Կամ պետք է այս երկու խնդիրը լուծել այլ ճանապարհներով, կամ գտնել գյուղը պահպանելու իրական եղանակ:
Խորհրդային Միության ժամանակ եւս մեզ համար մտահոգիչ էր գյուղի դատարկման հիմնահարցը: Երկրի ղեկավարությունը պատճառները փնտրում էր գյուղերում ակումբների, դիսկոտեկների, մեծ խանութների եւ այլնի բացակայությամբ: Այո, հային գյուղի հետ կապելը ուրիշների համեմատ ավելի բարդ եւ ծախսատար գործ է։ Բայց գյուղը դատարկվում էր` անկախ հարվածային կոլտնտեսություններից եւ սովտնտեսություններից: Հիմա այն դատարկվում է անկախ հողի սեփականաշնորհումից, անկախ քաղաքի եւ գյուղի ինֆորմացիոն դաշտի տարբերության վերացումից: Իսկ եթե դատարկվում է, ուրեմն այնտեղ ապրելը ձեռնտու չէ:
Ի՞նչ է նշանակում ձեռնտու: Այն շահույթ է եւ հնարավորություններ: Սա բարդ համակարգ է, որը կարելի է նաեւ պարզեցված ներկայացնել: Շահույթն ապահովվում է երկու ճանապարհով` ցածր ծախսերով եւ բարձր եկամուտներով: Գյուղացին չի վարում հողը, քանի որ թանկ է էներգակիրը: Դա նավթն է եւ գազը: Պարզվում է, որ Հայաստանում բենզինի գնից հստակ բան գոյություն չունի: Բենզինի համաշխարհային գնի նվազման ընթացքում մեր բենզին մատակարարողները չեն հասցնում արագորեն թանկ վաճառել իրենց թանկ գներով ձեռք բերված վառելանյութը։ Մինչեւ հասցնում են թանկը վաճառել ու էժան նոր ծավալներ ձեռք բերել, աշխարհում գինը նորից բարձրանում է, եւ ձեռք բերած գնով վաճառելը դառնում է անցանկալի («հաշվի առնելով» դոլարի տատանումները, «ծանր շոգը», քաղաքական իրավիճակը եւն):
Էներգակիրների էժանացման խնդիրը մինչեւ այսօր աշխարհում լուծվել է շատ պարզ` մենաշնորհի վերացմամբ: Ցավոք, այսօր այդ ունիվերսալ բանաձեւն այլեւս չի գործում եւ Եվրոպայի համար դարձել է պատուհաս։ Մենք էլ մեր ռազմավարական գործընկերոջից գազը ստանում ենք ոչ ամենաէժան, բայց համեմատության մեջ անհամեմատ էժան գներով։ Էներգակիրների էժանացման եղանակներից մեկը տեխնիկայի կատարելագործումն է: Այ սա արդեն ուղղակի մեզ է վերաբերում։ Մինչեւ սպառողին հասնելը մեր գազը թանկանում է սահմանի վրա ձեռքբերման գնի գրեթե կրկնակի չափով։ Սա չտեսնված ցուցանիշ է։ Ամբողջովին ընկալելով էներգիայի պահպանման օրենքը` պետք է գտնել ծախսերի նվազեցման ճանապարհները: Ինչո՞ւ ֆուտբոլային թիմի համար կարելի է արտասահմանյան մարզիչ հրավիրել եւ միլիոններ վճարել, իսկ համապատասխան ինժեներ` տեղացի կամ արտասահմանցի, հրավիրել հնարավոր չէ: Ճիշտ է, բարձրագույն դպրոցն այսօր հասել է գուցե եւ իր լճացման գագաթնակետին, սակայն մեր գիտության մեջ դեռ կան իսկական գիտնականներ, որոնք կորած են հանրապետությունը հեղեղած դոկտորների եւ ակադեմիկոսների մեջ (եթե մինչ անկախությունը ողջ հանրապետությունում կար շուրջ 100 դոկտոր, ապա այժմ յուրաքանչյուր մասնագիտական ամբիոնում տասը անդամներից հինգը դոկտոր են, իսկ մնացածը` դոկտորանտ): Հայաստանում, առանց գիտնականների օգնության, մեր հնարամիտ բնակչությունը կարողացավ անձնական ավտոմեքենաների հիմնական մասն անցկացնել գազի։ Այս չափանիշով մենք աշխարհում ամենաառաջիններից ենք։ Բայց սա քիչ է նպաստում պարենի արտադրությանը։ Կա մի ակնառու հնարավորություն. տրակտորներն աշխատեցնել գազով, եւ վառելիքի ծախսը կէժանանա երեք անգամ։ Առայժմ մեզ մոտ առկա խնդիրն այն է, որ դիզելային շարժիչները ավելի բարդ է փոխադրել գազով վառելիքի։ Այ հենց այստեղ է, որ ժողովրդին պետք է օգնության գան մեր գիտնականները։ Ի վերջո, այս հարցն աշխարհում սկզբունքորեն լուծված է, չինական ավտոբուսների մի մասը մեր երկիր արդեն առաքվում է գազի գործարանային սարքավորումներով, պարզապես լավ կլիներ տեղայնացնել դա նաեւ գյուղատնտեսական մեխանիզացիայի վրա։ Իսկ եթե այս դեպքում եւս արտեր ցանելը ձեռնտու չէ, պետք է դրանք օգտագործել որպես արոտավայր, զարգացնելով անասնապահությունը։
Գյուղը հիմա ազատ է իր ընտրության մեջ: Բայց իշխանությունը պետք է միշտ ուղեկցվի պարտականություններով: Գյուղի աշխատանքը պետք է կազմակերպվի: Շատ գյուղերում հողերը չեն մշակվում ջրի, բերքի պահպանման հետ կապված խնդիրների եւ այլ պատճառներով, բայց սրանից կարեւորը վերջնական արդյունքի անապահովությունն է: Այստեղ կարող են լինել եւ՛ բնական, եւ՛ ոչ բնական աղետներ: Քաղաքում յուրաքանչյուր ամիս աշխատանքի դիմաց աշխատավարձ է վճարվում, իսկ գյուղում նման ապահովություն չկա: Եթե համեմատենք նախկինում գյուղից քաղաք տեղափոխվելու հոսքը Հայաստանի կոլտնտեսություններում աշխատավարձային համակարգ մտցնելուց առաջ եւ հետո, ապա նշված փաստի կարեւորությունը ակնառու կդառնա: Տասը-տասնհինգ տարի առաջ մի քանի մասնագետներ եւ գործիչներ առաջարկեցին վերականգնել կոլեկտիվ տնտեսություն վարելու փորձը` գուցե նաեւ այլ հիմունքներով: Բայց էականը դա չէ: Գյուղացու աշխատանքը պետք է ապահովագրել, ինչպես վթարներից ապահովագրում են մեքենաները, հիվանդություններից` զարգացած երկրների քաղաքացիներին… Այս պայմաններում գյուղական «ԱՊՊԱ»-ն կաշխատի պահպանել գյուղացու բերքը կարկուտի կամ անսպասելի այլ բնական աղետների դեպքում, քանի որ դա նրա համար կունենա իսկապես էական նշանակություն: Մեր կարծիքով` այս հարցերը պետք է լինեն գյուղնախարարությունը փոխարինած պաշտոնյաների հիմնական խնդիրները…
Դաժան տպավորություն են թողնում հանրապետությունով մեկ սփռված լքված հողամասերը։ Ժամանակին անվճար հատկացված լինելով, դրանք տերերի համար ոչ մի արժեք չունեն։ Հարմար լինելու դեպքում նման հողերին կառուցվում են ռեստորաններ, կասկածելի ժամանցի համար հյուրանոցներ, տեխսպասարկման կետեր։ Նույնիսկ… մասնավոր գերեզմանատներ։ Տերերը դրանցից հոժարակամ չեն հրաժարվում, իսկ նշանակությամբ էլ չեն օգտագործում։ Այստեղ պետությունը պետք է կիրառի անհրաժեշտ որոշում՝ հանձնելով դրանք հողագործներին՝ թեկուզ ժամանակավոր եղանակով, վարձակալությամբ եւ այլն։ Կա նաեւ մի այլ հանգամանք։ Հատկացված հողակտորները փոքր են եւ չեն կարող ընտանիքի ապրուստ ապահովել։ Գյուղացիները այլ աշխատանք են որոնում, իսկ մեծ հողակտոր ունենալու դեպքում, նրանք կարող են մնալ գյուղում եւ արժանավայել կյանք ապահովել թեկուզ եւ քրտնաջան աշխատանքի շնորհիվ։
Հիմա՝ հնարավորությունների մասին: Երկրում պետք է գործի հստակ կարգ ու կանոն: Գյուղացին պետք է ինքը լինի իր բերքի տերը. իրավունք ունենա վաճառելու այն շուկայում թե դաշտում, առանց միջնորդի կամ միջնորդով: Նա պետք է ապահովվի ջրով եւ այլ անհրաժեշտ պարագաներով հստակ: Եթե գյուղացին համոզված չէ, որ պարբերաբար կկարողանա դաշտը ջրել, նա դժվար թե համաձայնի ցանել այն: Պետությունը պետք է նպաստի բերքի իրացմանը` համապատասխան մաքսատուրքեր մտցնելով ներկրվող մթերքի վրա: Եվ մենք կստանանք ավարտուն համակարգ` աճեցումից մինչեւ իրացումը:
Վաղարշակ ՄԱԴՈՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, իրավաբանության դոցենտ