Բերձորից էր Ժորան, ով 2020 թ. հոկտեմբերի 23-ին մարտիրոսվեց Արցախյան վերջին պատերազմում։ 2019 թ. հուլիսի 15-ին, երբ 6 օր առաջ էր լրացել 19-ամյակը եւ նոր էր ավարտել Բերձորի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցը, Քաշաթաղի զինկոմիսարիատի կողմից զորակոչվեց Հայոց բանակ եւ ծառայում էր Արցախի պաշտպանության բանակի արեւելյան զորամասերից մեկում։ Բարեխիղճ եւ կարգապահ ծառայության համար 1 տարի անց արդեն սերժանտի կոչում էր ստացել եւ մարտական հենակետի պատասխանատուն էր։ 20-ամյա սերժանտը պատերազմն սկսվելուց օր առաջ էր իջել դիրքերից իր ջոկի տղաների հետ։ Ու շտապեց դարձյալ դիրքեր՝ պաշտպանելու հայրենի հողը։
Դպրոցական տարիներին առավել աչքի էր ընկնում մարզական խաղերում, հատկապես լավ ֆուտբոլ էր խաղում, եւ նրանց թիմը, շնորհիվ Ժորայի լավ խաղի, հաճախ էր հաղթող դառնում։ Բազում մրցանակների է արժանացել այդ տարիներին ու շատ էր սիրված դասարանցիների, ընկերների, ուսուցիչների կողմից։ Զորամասում նույնպես իր տեղում էր Ժորան։ Ծառայության ընթացքում կապ էր հաստատում դասընկերների հետ, ովքեր ասում են՝ բանակում ավելի հայրենասեր էր դարձել մեր Ժորը, ասում էր. «Կտեսնեք՝ ամբողջը հետ ենք բերելու»։ Խոսքը 2016-ի կորցրած տարածքների մասին էր։ 25-26 օր շարունակ մարտադաշտում էր քաջորդին ու երբեք չլքեց իր դիրքը։ Կռվում էր իր ջոկով, պաշտպանում հայրենի սահմանը։
Սակայն Արցախյան վերջին պատերազմը մեզանից շատ թանկ կյանքեր խլեց, հազարավոր քաջորդիներ մարտիրոսվեցին, նրանց շարքը 2020 թ. հոկտեմբերի 23-ին համալրեց մեր սիրելի Ժորան՝ ժորա Սարգսի Սարգսյանը, ով իր մահով մեծ ցավ պատճառեց հարազատներին, ընկերներին, բարեկամներին, իրեն ճանաչողներին։ Հայոց ամենասրբավայր Եռաբլուրում է՝ իր մարտական նահատակ ընկերների շարքում այսօր Ժորան։ Հայոց Եռագույնն է ծածանվում նրա շիրմաքարին։
Մայիսի 19-ին հերոսի շիրիմին էին այցելել ծնողները, հարազատները, Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը, բարեկամներ, ընկերներ։ Իհարկե, ամեն օր են նման այցերը, ամեն օր է նրա շիրիմը պատվում թարմ վարդերով, ծաղիկներով, ամեն օր է կատարվում խնկարկում։ Այս անգամ կար այլ առիթ. Արցախի Հանրապետության նախագահի կողմից Ժորան հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի։ Հերոսի շիրմաքարի մոտ Արցախի նախագահի պարգեւը հորը հանձնեց Արցախի ՊԲ Ն զորամասի ներկայացուցիչ, մայոր Վասիլի Մալենկովը՝ ընթերցելով ԱՀ նախագահի հրամանագիրը. «2020 թ. հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ խիզախության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի Ն զորամասի զինծառայող, սերժանտ Ժորա Սարգսի Սարգսյանին հետմահու պարգեւատրել «Մարտական ծառայություն» մեդալով»։
Արցախի բանակի մայորը լավ էր ճանաչում Ժորային, մեծ գովեստով խոսեց քաջարի մարտիկի մասին ու ցավով ասաց՝ լավ կլիներ, որ պարգեւն ինքը՝ հերոսն ստանար… Պատմեց հերոսի մասին, ով եղել է իսկական զինվոր ու հայրենիքի պաշտպան։ Հուզմունքով ընդունեց որդու պարգեւը հայրը, համբուրեց մեդալը՝ ընկնելով հիշողությունների գիրկը… Ինչքան մեդալ ու պատվոգիր էր ստանում որդին՝ հաղթելով մարզական մրցումներում… Նորից եղավ խնկարկում, ծաղիկների խոնարհում, հուզմունք։
Մայիսի 18-ին՝ Բերձորի ազատագրման օրվա առթիվ Եռաբլուր այցելեցին այժմ Երեւանում եւ մոտակա բնակավայրերում բնակվող մի խումբ բերձորցիներ, նաեւ Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգի տնօրենը, ուսուցիչներ, ովքեր դասավանդել էին Ժորային եւ նրա շիրմաքարի մոտ հիշում էին, թե ինչքան լավ հուշեր է թողել իրենց սանը։