Օգոստոսի 31-ին՝ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպման օրը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրից՝ ՌԴ-ից բարձր մակարդակով հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող երկու հայտարարություն հնչեց: Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներից կազմված եռակողմ աշխատանքային խումբը զգալի առաջընթաց է գրանցել Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրի շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերման հարցում։
«Հարավային Կովկասում առեւտրատնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը քննարկում է եռակողմ խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների մասնակցությամբ։ Այն աշխատում է ռիթմիկ, սահմանների սահմանազատման հարցերով հանդիպումների հետ միաժամանակ»,- ասաց Լավրովը։ Նույն օրն ավելի ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի միջոցով Ռուսաստանը շարունակում է Երեւանի ու Բաքվի հետ առարկայական աշխատանք Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով։ Նրա խոսքով, եռակողմ ձեւաչափում աշխատանքներն անշեղորեն առաջ են ընթանում:
«Ինչ վերաբերում է ԵՄ-ի միջնորդությամբ աշխատանքային խմբի ստեղծման մասին տեղեկություններին, ապա այդ մասին որեւէ տեղեկություն չենք ստացել մեր ադրբեջանցի եւ հայ գործընկերներից։ Ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ ԵՄ-ի ակտիվությունը Հարավային Կովկասում պայմանավորված է աշխարհաքաղաքական հավակնություններով։ Մեր կարծիքով, դա ընդհանրապես կապ չունի ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ցանկության հետ։ Ես կասեի, որ սրանք եվրոպացիների կեղծ նախաձեռնություններ են։ Դրանք ավելի շատ նման են միջնորդության դափնիներն անամոթաբար յուրացնելու փորձի, որի տակ ոչինչ չկա։ Մենք՝ որպես միջնորդներ, աշխատում ենք, այդ աշխատանքը տալիս է կոնկրետ արդյունքներ եւ ըստ այդմ գնահատվում է կողմերի կողմից։ Իսկ նրանք, ովքեր, միջնորդ չլինելով, միջնորդ են ձեւանում, ուղղակի, ըստ երեւույթին, ոչինչ չեն կարողանում առաջարկել, բայց ուզում են ինչ-որ կերպ ցույց տալ իրենց ներգրավվածությունը։ Ընդհանրապես, եվրամիութենական Բրյուսելը մեծապես կորցրել է դիվանագիտական հմտությունները»,- ասաց Զախարովան:
Այն դեպքում, երբ ուկրաինական ճգնաժամով պայմանավորված սրվել են հարաբերությունները ՌԴ-ի եւ արեւմտյան երկրների, մասնավորապես՝ ԵՄ-ի միջեւ, կանխատեսելի էր, որ Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում գտնվող արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացը կներառվի վերջիններիս բանավեճերի ոլորտ: Սակայն Արցախի խնդրի կարգավորման գործընթացը չվնասելու համար անհրաժեշտ է, որ այն չվերածվի ՌԴ-Արեւմուտք հակադրությունների հարթակի, ինչը հնարավոր է միայն մեկ՝ կարգավորումների սկզբունքների հարցում կողմերի մոտեցումների տարբերության դեպքում: Առայժմ այդ հարցում մտահոգվելու պատճառներ քիչ կան:
Այսօր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում կողմերի հակասություններն առնչվում են ոչ թե կարգավորման գործընթացի բովանդակային կողմին՝ սկզբունքներին, այլ տեխնիկական խնդիրներին, մասնավորապես՝ կարգավորման գործընթացում նախաձեռնողականությանը, միջնորդական առաքելությունում առաջնային դիրքեր ունենալուն:
Այսօր հայկական կողմի համար դրականն այն է, որ հիմնահարցի կարգավորման գործընթացի բովանդակային մասի վերաբերյալ կողմերի հայտարարություններում տարբերություններ գրեթե չկան: Արցախյան բարդ հիմնահարցը աշխարհաքաղաքական բեւեռների հակադրությունների դաշտում հայտնվելը կվտանգի այն որոշակի առաջընթացը, որն արձանագրվել է վերջին շրջանում: Դա թույլ չտալու համար անհրաժեշտ է կարգավորման գործընթացում հավասարակշռել բոլոր շահագրգիռ կողմերի գործողությունները: