Շուրջ երկու տասնամյակ առաջ էր, երբ աշխարհահռչակ երգիչ, կինոդերասան, գրող Շառլ Ազնավուրը հյուրընկալվեց Արցախում: Նա շրջեց հայկական հինավուրց պատմական հողում, հաղորդակցվեց հին վանքերին ու եկեղեցիներին, պատմամշակութային հուշարձաններին, մոմ վառեց Դադիվանքում, Գանձասարում եւ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարում եւ աղոթեց արցախցիների համար: Ապա նա տխուր հրաժեշտ տվեց մարդկանց՝ կարծես կանխատեսելով ժողովրդին պատուհասած նոր գորշ ամպերը…
Մեծ արվեստագետը գնաց՝ վերստին վերադառնալու եւ Ստեփանակերտում ծրագրված մտահղացումներն իրագործելու մտադրությամբ: Ավաղ, այդ գործերն անավարտ մնացին, եւ նրա զավակները ֆրանսիացի իրենց բարեկամների հետ կյանքի կոչեցին այդ ծրագրերը: Շառլ Ազնավուրի անունը կրող մշակույթի կենտրոնը վերջին տարիներին համալրվել է Ֆրանսիայից ուղարկված երաժշտական գործիքներով եւ գույքով, որ նվիրաբերել է «Շառլ Ազնավուր» հիմնադրամը:
Պուրակի տարածքում, որ խորհրդանշում է հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը, երկու տարի առաջ սկսվեց Ֆրանկոֆոնիայի կենտրոնի շինարարությունը: Այն շուտով ավարտին կհասցվի, եւ աշնանն արդեն ակնկալվում է կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Իսկ մինչ այդ պարզվում է, որ սիրված շանսոնյեի անվան հետ կապված եւս մի գեղեցիկ անակնկալ են պատրաստել նրա արվեստի երկրպագուները:
Ծննդյան 97-ամյակի կապակցությամբ, Ստեփանակերտի սրտում, հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող պուրակում հանդիսավորությամբ կայացել է Շառլ Ազնավուրի բրոնզաձույլ կիսանդրու բացումը, որին ներկա են գտնվել խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, հասարակայնության ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից: Քանդակի հեղինակի՝ Յուրի Հովհաննիսյանի կարծիքով. «Շառլ Ազնավուրի կիսանդրին երախտիքի յուրահատուկ խոսք է՝ ուղղված Ֆրանսիայի ժողովրդին, ով ամենաճակատագրական պահերին գտնվել է մեր կողքին ու իր վճռական ձայնն է բարձրացրել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացվող եղեռնի դեմ»:
Շառլ Ազնավուրի մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանի խոսքով, Արցախը նման ձեռնարկմամբ է որոշել իր սերն ու երախտագիտությունն արտահայտել աշխարհահռչակ շանսոնյեին՝ հավերժացնելով նրա դիմաքանդակը, ով իր արվեստով, երգով սեր, ազատություն եւ բարեկամություն է քարոզել, մերժել կեղծիքը, խարդավանքն ու անարդարությունը, մարդկության դեմ հանցագործությունները: Ա. Հովսեփյանն այն համոզմունքն ունի, որ «Շառլ Ազնավուրը եթե կենդանի լիներ, արցախյան 44-օրյա դաժան պատերազմը սանձազերծողների նկատմամբ ցասումը կարտահայտեր հորդաբուխ իր երգով, ինչպես դա եղավ 1988-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ»…
Անդրադառնալով այն հարցին, թե հանդիսատեսը նրա թախծոտ հայացքն է հիշում, մինչդեռ պարզվում է, որ շանսոնյեին ժպիտը շատ է սազում, Յուրի Հովհաննիսյանը նշեց, որ իր մտահղացմամբ՝ «Ազնավուրը հառնում է արեւի շողերից, ու նրա ժպիտը հավերժ ուղեկցելու է հայ եւ ֆրանսիացի ժողովուրդներին»…