Երեխաների մեջ կա հատիկ սրբազան.
Նրանցում գալիքն է թաքնված։
Յովան Յովանովիչ-Զմայ, սերբ բանաստեղծ, թարգմանիչ
Ապագային ուղղված ամենակարեւոր խոսքերն ու նպատակները պայմանավորված են նախեւառաջ երեխաներով եւ նրանց համար։ Երեխաներն են մեր լինելիության գրավականն ու զարգացման խթանը։ Նրանց երջանիկ մանկության համար մենք պետք է ապահովենք մատաղ սերնդի ոչ միայն ֆիզիկական անվտանգությունն ու պաշտպանությունը, այլեւ ներդաշնակ հոգեւոր զարգացումը։ Իսկ այդ ամենին հասնելու համար մարդկությունը դեռեւս չի գտել այլ իդեալական բանաձեւ, քան փոխադարձ սիրո եւ հարգանքի վրա հիմնված ընտանիքի մոդելը։
Առաջին անգամ հունիսի 1-ը որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր նշվել է 1950 թ.: Սակայն 1925-ին Շվեյցարիայում տեղի ունեցավ երեխաների բարօրությանը նվիրված համաշխարհային կոնֆերանս, որտեղ հունիսի 1-ը հայտարարվեց որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր: Արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երեխաների առողջության եւ բարեկեցության մասին հոգ տանելը դարձավ կարեւորագույն խնդիրներից մեկը: Չէ՞ որ պատերազմի արհավիրքներից եւ դաժանություններից ամենաշատը տուժում են հենց երեխաները. նրանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգից բացի խաթարվում է նաեւ նրանց հոգեկան անդորրը, որի հետեւանքները դեռ որեւէ մեկը չի կարող հաշվարկել։
Արցախյան երկրորդ պատերազմի հետեւանքով տասնյակ հազարավոր հայ մանուկներ զրկվեցին իրենց տնից, ծնողներից, կրթվելու եւ սոցիալական ամենատարրական պայմաններից։ Սեպտեմբերի 27-ին ընդհատվեց նրանց մանկության հեքիաթը։ Արդեն ութ ամիս է այդ երեխաներն ապրում են մեծերի անհանգիստ աշխարհում, որտեղ յուրաքանչյուր օրը պայքար է, պայքար ապագայի գոյության համար։ Եվ ո՞վ է պատասխան տալու նրանց կորսված մանկության, երազանքների եւ ինչու չէ՝ սեփական հայրենիքում ավելի լավ ապագա ունենալու խլված հնարավորության համար։
ՄԱԿ-ը երեխաների կյանքի եւ առողջության պաշտպանության հարցը հայտարարել է իր գործունեության գերակա ուղղություններից մեկը։ 1956 թ. ՄԱԿ-ի կողմից ներկայացվեց «Երեխաների իրավունքների մասին» հռչակագիրը, իսկ արդեն 1989-ին այդ կազմակերպությունը հաստատեց «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիան, որով ամրագրվեցին մեծահասակների պարտականությունները եւ երեխաների իրավունքները: «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 1992 թ., իսկ 1996-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Այսօր ունենք իրավական բավարար բազա նրանց իրավունքների պաշտպանության համար, սակայն իրականության մեջ շարունակում են խախտվել երեխաների ամենահիմնական իրավունքները եւ առաջին հերթին՝ կյանքի իրավունքը:
Մանկուց մենք մեր երեխաների մեջ սերմանում ենք խաղաղության եւ սիրո առաջնահերթությունը, այնինչ միայն մեր բարի ցանկությամբ հնարավոր չէ ապահովել այդ ամենը թե՛ մեր երեխաների, թե՛ մեզ համար։ Մի՞թե իրական պաշտպանությունը ենթադրում է ապահովագրում ցանկացած դժվարությունից եւ խնդրից։ Արդյո՞ք ճիշտ ենք բանաձեւել երեխաների պաշտպանության սկզբունքները։ Ցավոք, պետք է արձանագրենք, որ գերխնամքի եւ ցանկացած գնով նրանց պաշտպանելու եւ իրական կյանքից հեռու պահելու արդյունքում զրկում ենք երեխաներին կենսունակ դառնալու հնարավորությունից։ Այսօր, ինչպես եւ մշտապես երեխաների պաշտպանության լավագույն միջոցը նրանց այնպիսի դաստիարակություն տալն է, որը կօգնի նրանց դառնալու ավելի ուժեղ՝ ֆիզիկապես, հոգեպես, բարոյապես, դիմակայելու դժվարությունները՝ չկորցնելով հանդերձ մարդկայնությունը։