Աղավնոյի ձախակողմյան ալպիական գոտում՝ ծովի մակերեւույթից 2000 մ եւ ավելի բարձրության վրա են գտնվել Ղարաքեշիշ-Լենինքյանդ (պատմական՝ Եզնագոմեր), Քյամալլու, Չրաղլու գյուղերը: Լեռնահովիտ անվանափոխված Եզնագոմեր-Ղարաքեշիշում պահպանվել են պատմական տներ, տապանաքարեր, խաչքարեր, թուրքաշեն տների պատերի մեջ շատ են հայոց հանգստարանի շիրմաքարերի բեկորներ:
Լեռնահովիտ գյուղական համայնքի մեջ էին մտնում Հոչանցի վերնահովտի աջափնյա Սպիտակաջուր եւ Շրվական պատմական գյուղերը, որոնցում նույնպես շատ են միջնադարյան հայկական խաչքարերն ու տապանաքարերը: Սպիտակաջուր գյուղում նաեւ եկեղեցի է եղել, որը խորհրդային տարիներին ավերվել է հիմնովին: Նույն ճակատագրին է արժանացել Չրաղլու (պատմական անունը հայտնի չէ) գյուղի եկեղեցին, որի մասին հիշատակում է Երվանդ Լալայանը. «Հերիկի, Մերիկի, Բայենդուրի, Հոչասի, Փչանիսի, Չրախլուի եկեղեցիները խոտանոցներ են դարձուած, Կատոսի, Սունասարի, Ղորդղաճիի եկեղեցիները իբրեւ փարախ կամ գոմ են ծառայում» («Ազգագրական հանդես», գիրք Դ, Թիֆլիս 1898 թ., էջ 49 կամ «Զանգեզուր», էջ 50): Հիշատակվածներից խորհրդային տարիներին հիմնովին ավերվել են նաեւ Փչանիսի (այժմ՝ Գողթանիկ) եւ Սունասարի (Սոնասար) եկեղեցիները: Տարածքի ազատագրումից հետո բազում պատմական հուշարձաններ են հայտնաբերվել, իհարկե, որոշները հայտնի էին դեռ խորհրդային տարիներին, երբ այստեղ քրդաթրքերն էին բնակվում: Չրաղլու-Քյամալլու (Ուղտաձոր) տարածքում պահպանվել են մի քանի տապանաքարեր, որոնք, բացի պատմական ու վավերագիր լինելուց, ունեն բացառիկ քանդակներ, արձանագիր են: Հավանաբար՝ այստեղ գոյություն են ունեցել հայոց գերեզմանատունը եւ Ե. Լալայանի հիշատակած եկեղեցին: Տապանաքարերի մոտ խորհրդային տարիներին պետական երկհարկանի ինչ-որ շինություն է կառուցվել, որի պատերի մեջ օգտագործվել են շիրմաքարերի բեկորներ: Պահպանված տապանաքարերի արձանագրությունները վերծանվել են Քաշաթաղի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար, պատմաբան Ալեքսան Հակոբյանի կողմից: 90x41x22 սմ չափերով տապանաքարի վրա երեք տողով գրված է.
ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ԾԱՏՈՒՐ ՈՐԴԻ Վ
–(Ա)ՐԴՈՒՄԻՆ. ԹՈՌ ԴԻՐՈՒՄԻՆ:
ԹՎ-ԻՆ ՌԾԷ(1057 +55 =1608թ.):
Տապանաքարի մի կողմում 3 խաչեր են քանդակված, իսկ մյուսում՝ կենցաղային պատկեր է: Պատկերված մարդկանցից մեկը ձեռքին կուժ է պահել, մյուսում՝ հավանաբար՝ դափ: Իսկ մյուսը, ով ունի երկար մազեր, նստած է ձիու վրա: Երկուսի մեջտեղում հավերժության նշան է: Նեղ կողմերից մեկին նույնպես մարդ է քանդակված՝ ձեռքերը կրծքին ծալած, մյուս կողմին ամբողջական խաչն է: Հաջորդ արձանագիր տապանաքարը չափերով ավելի մեծ է: Արձանագրությունը դժվար է ընթերցվում: Սրանց հարեւանությամբ կանգուն տապանաքարերից մեկի հարավային նեղ կողին արծիվ է քանդակված՝ ճանկերով գառը պահած: Արեւմտյան կողմում 4 խաչախորաններ են: Արեւելյան կողմը բաժանված է 2 հավասար քառակուսիների, ներսում՝ շրջաններ: Այստեղ եղել էինք նաեւ տարիներ առաջ՝ Գագիկ Սարգսյանի, Արտակ Գնունու եւ Արսեն Բոբոխյանի հետ: Դեռ նշված տապանաքարերին չհասած՝ գյուղի սկզբում՝ բանջարանոցների ցանկապատերից մեկի մեջ կա դեղնավուն մի քար, որը հայոց միջնադարյան գեղաքանդակ խաչքարի վերին մասն է: Պահպանված մասը մոտ 90 սմ երկարություն ունի, լայնությունը՝ 54 սմ, հաստությունը՝ մոտ 20 սմ: Խաչքարի մեջտեղում, որի վերին մասը կլորավուն է, մեծ ու գեղեցիկ խաչ է քանդակված: Խաչի վերնամասում կլոր քանդակներ են, ներքին մասում՝ փոքր խաչեր: Փոքր ու գեղեցիկ խաչեր են քանդակված նաեւ խաչքարի եզրային մասերին (ձախ կողմում պահպանվել են երեքը, աջում՝ երկուսը): Վերին մասում կոթողն ունի երկտողյա արձանագրություն. տառերը քերված են, եւ դժվար է վերծանել, երկրորդ տողում հնարավոր եղավ ընթերցել ՏԻՐՈ(Ջ)Ն բառը եւ թվագրությունը՝ ՌԾ(1050 +551=1601թ.): Գյուղերի հյուսիսային կողմի բլրակներից մեկի վրա պահպանվել են բնակատեղիի հետքեր եւ դամբարաններ:
Ներկայիս Լեռնահովիտը՝ պատմական Եզնագոմերը, Հոչանց եւ Աղավնո գետերի ջրբաժանում է՝ ծովի մակերեւույթից մոտ 1900 մ բարձրության վրա։ Հայաթափումից հետո անվանակոչվել է Ղարաքեշիշ, խորհրդային տարիներին՝ Լենինքյանդ։ Այս գյուղը նույնպես միջնադարում հարկ է մուծել Տաթեւի վանքին, ըստ Ստեփանոս Օրբելյանի «Ժամանակագրության» հավելվածի՝ 6700 միավոր։ Գյուղի թուրքաշեն պատերի մեջ կան հայկական շիրմաքարերի բազում կտորներ։ Ներկայիս դպրոցի հարեւանությամբ կա միջնադարյան 2 կառույց, որոնցից մեկն ունի 2 սենյակ, թաղակապ է, պատերն ունեն 1 մետր հաստություն, շարված են կոպտատաշ քարով: 2 սենյակն էլ ունեն բուխարիկներ, դռների եւ պատուհանների անկյունաքարերը սրբատաշ են: Պատերի ներսի կողմում կան պահարան-խորշեր: Շենքը, որի չափերն են 9,8-8,5 մ, մուսուլմանների օրոք օգտագործվել է որպես բնակարանի օժանդակ մաս եւ կոչվել է «Ասլի-Քյարամ քիլիսա», այսինքն՝ Ասլիի եւ Քյարամի եկեղեցի: Այս տան հարեւանությամբ գտնվում է ավելի փոքր չափերով մեկ այլ շինություն, որը նույնպես թաղածածկ է, կազմված 2 մասից՝ միջանցք եւ սենյակ: Սենյակի պատուհանի անկյունաքարերը նույն տապանաքարի բեկորներ են, որից մեկն արձանագիր է. ընթերցվում է ԳՈՒՍԱՆ ԳԱՆԻ… Դռների անկյունաքարերն ու բարավորները սրբատաշ են՝ փոքր չափերով: Սենյակի ներսում դռան աջակողմյան անկյունում, տապանաքարի բեկոր է՝ խաչով եւ թռչնի պատկերով:
Սամվել Կարապետյանն իր «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում տեղեկացնում է, որ շինությունը 17-18-րդ դարերի կառույց է եւ քիլիսա-եկեղեցի է կոչվում, քանի որ մինչ գյուղի հայաթափվելը՝ պատկանել է կամ գյուղի հայ տանուտերին, կամ՝ տերտերի: Հիշում եմ՝ պապս՝ Գորգի Ալվանդյանը, ով լավ հեքիաթասաց էր, պատմում էր նաեւ «Ասլի եւ Քյարամ» սիրավեպը՝ երբեմն կատարելով նաեւ երգեր: Ինչպես գիտենք՝ Ասլին՝ Մարիամը, քրիստոնյա էր, տերտերի աղջիկ, իսկ Քյարամը մուսուլման էր: Նրանք սիրում էին միմյանց, սակայն կրոնական տարբերությունը պատճառ է դառնում նրանց կործանման: Իմ կարծիքով այս սիրավեպն ստեղծվել է այստեղ, երբ քրդերն արդեն եկել էին Հայոց տարածք։ Սկզբում բնակվել են վրաններում, այնուհետեւ դուրս են հանել հայերին իրենց բնակավայրերից եւ տիրացել։ Հավանաբար՝ այստեղ է ապրել Ասլի-Մարիամը, եղել է գյուղի տերտերի դուստրը, իսկ հիշատակված տունը նրանցն է եղել: Եզնագոմերում կամ հարեւան որեւէ բնակավայրում է ապրել Քյարամը, սիրահարվել է գեղանի Ասլիին, եւ նրանց սերը վերջացել է ողբերգությամբ: Սրանից հետո մուսուլմաններն ատել են հայ տերտերին եւ անվանել Ղարա-սեւ քեշիշ-տերտեր, այսինքն՝ չար տերտեր: Գյուղն էլ հայաթափումից հետո, ի հիշումն տերտերի՝ կոչել են Ղարաքեշիշ: Իհարկե, սա ընդամենը վարկած է, սակայն որոշ փաստեր եւ անուններ իրավունք են տալիս նման կարծիք հայտնել:
Եզնագոմերից 2,5 կմ հարավ-արեւմուտք 39 44 30,1 N. 46 14 41,0 E. կոորդինատներում, ծովի մակերեւույթից 2000 մ բարձրությունբ բլրի վրա պահպանվել է Ք. ա. 2-1-ին հազարամյակների բրոնզ-երկաթդարյա ամրոց։ Հայաստանի ամենամեծ կիկլոպյան ամրոցներից է, որի պարսպապատով ներփակվող տարածքը 3,0 հեկտարից ավելի է (երկարությունը՝ 280 մ, լայնությունը՝ 110 մ): Այն ամբողջ պարագծով ամրացված է մեծածավալ, ճեղքած ժայռաբեկորներին, չոր, կիկլոպյան շարվածքով երկշերտ դրված եւ մինչեւ 4 մ բարձրությամբ պահպանված պարսպապատերով: