Ռուսաստանին եւ Թուրքիային կապում են երկարատեւ, հակասական եւ բարդ հարաբերությունները: Այս մասին գրում է լիբանանյան «Al Mayadeen»-ը: Պատմականորեն նրանք բարիկադների տարբեր կողմերում են եղել, սակայն վերջին տարիներին Մոսկվան ու Անկարան սերտ համագործակցում են շատ ոլորտներում: Իսկ նրանց «սիրուն» ուշադիր հետեւում է ԱՄՆ-ը:
Որքան էլ Հայաստանի համար ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը հղի է անկանխատեսելի ու բարդ հետեւանքների հեռանկարով, անհրաժեշտ է բողոքելու փոխարեն իրատեսորեն քննարկել, թե ինչն է մերձեցնում ՌԴ-ի ու Թուրքիայի առաջնորդներին, ապա կատարել եզրակացություններ:
Եվ այսպես՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Վլադիմիր Պուտինի միջեւ «հանկարծակի սեր» սկսվեց 2016 թ. հունիսի 27-ին Սանկտ Պետերբուրգում կայացած «պատմական» հանդիպման ընթացքում, երբ Թուրքիայի նախագահը ներողություն խնդրեց ռուսական կործանիչի հետ կապված միջադեպի համար, որը Թուրքիան խոցել էր 2015 թ. նոյեմբերի 24-ին: Այդ հանդիպումը սկիզբ դրեց երկխոսության, համակարգման ու երկու ղեկավարների երկկողմ համագործակցության, չնայած նրանց հարաբերություններում շատ թռիչքներ ու անկումներ են եղել, հատկապես կապված սիրիական հարցի հետ, որը Մոսկվային ու Անկարային օգնել է նկատելի ռազմավարական հաջողությունների հասնել տարածաշրջանային ու համաշխարհային մակարդակներում: Թուրքիայում նույնիսկ սպանվեց ՌԴ-ի դեսպանը, իսկ հետագա իրադարձությունները շատերին հիմք տվեցին հեգնելու, որ Ռուսաստանը հարգում է միայն այն երկրներին, որտեղ սպանում են իր օդաչուներին ու դեսպաններին:
Ինչեւէ: Դեռ կվերադառնանք այն դեպքերին, որոնք ծավալվում են Հարավային Կովկասում, հատկապես՝ Հայաստանում ու Արցախում: Մինչ այդ նշենք, որ Ռուսաստանը Թուրքիայի տարածքում զբաղվել է միջուկային ռեակտորների շինարարությամբ 30 մլրդ դոլար արժեքով նախագծերի շրջանակներում, իսկ մինչ այդ նրան C-400 զենիթահրթիռային համակարգեր էր մատակարարել: Բացի այդ, Ռուսաստանը փակում է Թուրքիայի բնական գազի պահանջարկի 45 տոկոսը, իսկ հինգ տարի առաջ այդ ցուցանիշը հասնում էր 55 տոկոսի, նրան զգալի քանակությամբ նավթ, հացահատիկ եգիպտացորեն ու այլ ապրանքներ է վաճառում: Իսկ Թուրքիայի ընկերությունները տասնյակ միլիարդավոր դոլարների հարյուրավոր նախագծեր են իրականացնում, մեծ ծավալի գյուղատնտեսական արտադրանք են արտահանում ՌԴ, իսկ տեղի զբոսաշրջային հատվածը շարունակում է ընդունել Ռուսաստանի միլիոնավոր քաղաքացիներին:
Քաղաքական հարթությունում Մոսկվայի ու Անկարայի հետաքրքրությունները հատվում են Կովկասում ու Միջին Ասիայում, որտեղ մահմեդական բնակչությունը խոսում է թյուրքական լեզուներով: Այդուհանդերձ, ՌԴ-ն այդ տարածաշրջանները համարում է իր «հետնաբակը»: Բացի այդ, Էրդողանը Մոսկվային պատասխանատու է համարում Ասադի ռեժիմի եւ, ընդհանուր առմամբ, սիրիական պետության գոյատեւման ու ամրապնդման համար, քանի որ ինքը բանակ էր ուղարկել Սիրիա եւ օգտագործել էր վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Չարժե մոռանալ նաեւ Լիբիայի մասին, որտեղ կողմերն աջակցում են հակառակորդ ուժերի:
Չնայած դրան, ամենաբարդ հարցը մնում է ուկրաինական ճգնաժամը, հատկապես այն բանից հետո, երբ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ չի ճանաչում 2014 թ. Ղրիմի միացումը Ռուսաստանին, իսկ այնուհետեւ ռազմավարական ռազմական ու քաղաքական միություն կազմեցին Ուկրաինայի հետ: Այսպես՝ թուրքական զորքերը լուրջ վնաս հասցրեցին ռուսական ուժերին ուկրաինական հակամարտության առաջին օրերին: Բայց դա չի խանգարել Էրդողանին՝ միջնորդի դեր խաղալու Կիեւի ու Մոսկվայի միջեւ, երբ Ռուսաստանի ու Ուկրաինայի արտգործնախարարները մարտի 10-ին հանդիպեցին Անթալիայում, չնայած բանակցություններում կողմերը չհասան նկատելի արդյունքների կրակի դադարեցման եւ Ստամբուլում Պուտինի ու Զելենսկու հանդիպման անցկացման հարցերում: Հարկ է հիշել հացահատիկի, ուկրաինական ու ռուսական գյուղատնտեսական արտադրանքի՝ Սեւ ծովով արտահանման գործում թուրքական միջնորդության արդյունավետությունը:
Մենք միայն մի քանի հակասություններ նշեցինք Պուտինի ու Էրդողանի հարաբերություններում, որոնց «սիրուն» ուշադիր հետեւում են Վաշինգտոնն ու արեւմտյան այլ մայրաքաղաքներ, քանզի Թուրքիան արդեն 70 տարի ՆԱՏՕ-ի անդամ է, ինչպես նաեւ Ամերիկայի ու Եվրամիության ռազմավարական դաշնակիցը:
Հարաբերությունների բարելավումը Ռուսաստանի նախագահին ստիպել է լրացուցիչ զիջումներ անել Էրդողանին Սիրիայում: Մասնավորապես՝ նա թուրքական բանակին թույլատրել է 2016 թ. օգոստոսի 24-ին մտնել Ջարաբլուս, Պուտինի ու Էրդողանի պետերբուրգյան պատմական հանդիպումից 50 օր հետո: Ավելի ուշ նա «կանաչ լույս» է վառել թուրքական ուժերի առջեւ Եփրատի ափերին անցկացված համատեղ գործողություններում, ինչի շնորհիվ նրանք այդ ժամանակվանից կարեւոր դեր են կատարում սիրիական իրադարձություններում: Սերտ համագործակցության վառ դրսեւորում էին Թուրքիայի նախագահի մեղադրանքներն ամերիկացիների հասցեին՝ Եփրատի արեւելյան ափի տարածքների «օկուպացիայի» եւ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության սիրիական մասնաճյուղին՝ Ազգային ինքնապաշտպանության ջոկատներին աջակցության համար:
Այս բոլոր նրբությունները չխանգարեցին Էրդողանին անձամբ ստանալ ամերիկյան հավանությունը՝ առաջիկա ընտրություններում հաղթելու նպատակով, ինչի համար անհրաժեշտ են տասնյակ միլիարդավոր դոլարներ։ Միեւնույն ժամանակ տեղեկություններ կան, որ նա որոշակի աջակցություն է ստացել Պուտինից՝ Սոչիում վերջերս կայացած գագաթնաժողովից հետո։
Եթե Էրդողանը սիրիական հարցում համաձայնության գա Պուտինի հետ, նրանց առջեւ որակական նոր ճանապարհ կբացվի ինչպես անձնական, այնպես էլ պետությունների՝ ռուսական ու Օսմանյան կայսրությունների ժառանգորդների հարաբերություններում: Նրանք պատերազմել են 16 անգամ, որոնցից 11-ում հաղթել են ռուսները, իսկ հինգում՝ թուրքերը՝ ֆրանսիացիների ու անգլիացիների աջակցությամբ:
Թուրքիայի ու Հունաստանի վերջին հակամարտությունը Էրդողանին կարող է մղել առավել սերտ մերձեցման Պուտինի հետ, որը, ինչպես բոլորին է հայտնի, զայրացած է այն փաստից, որ Աթենքն ու Նիկոսիան դաշինք են կնքել Վաշինգտոնի հետ: ԱՄՆ-ը կանգնեց Հունաստանի կողքին Էգեյան ծովում ու Կիպրոսում Անկարայի հետ տարաձայնություններում: Կիպրոսն օգտվում է Փարիզի, Լոնդոնի ու Բեռլինի աջակցությունից: Հիշեցնենք, որ Էրդողանը հրաժարվել է փակել Թուրքիայի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար եւ չի միացել ԱՄՆ-ի ու Եվրոպայի պատժամիջոցներին, չնայած որ փակել է Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռուսական ռազմական նավերի համար՝ կարծելով, որ դրանք ուղեւորվում են Սիրիա կամ Միջերկրական ծով: Բազմաթիվ բաց հարցեր են մնում, սակայն դրանց պատասխանելը հեշտ չի լինի: Թվարկենք դրանցից մի քանիսը:
Առաջին՝ Էրդողանն ու Պուտինը վստահո՞ւմ են իրար, եթե նկատի ունենանք, որ Թուրքիան պատմական թշնամություն ունի ռուսների նկատմամբ: Որքա՞ն է մեծ այդ վստահությունը եւ որքա՞ն երկար կարող է պահպանվել:
Երկրորդ՝ արդյոք Սիրիան փորձարկումների անցկացման ասպարեզ կդառնա՞՝ փոխադարձ կամ միակողմանի այդ վստահությունը ստուգելու համար, ինչպես Դամասկոսի ու Հալեպի օդանավակայանների վրա իսրայելական կրկնակի հարձակումների վերաբերյալ Մոսկվայի լռության դեպքում:
Երրորդ՝ Անկարայի ու Վաշինգտոնի 75-ամյա ռազմավարական միությունից հետո, որն ունի բազմաթիվ ռազմաբազաներ Թուրքիայի տարածքում, Էրդողանը մտածո՞ւմ է Միացյալ Նահանգներից իր երկրի կախվածությունը նվազեցնելու մասին: Անկարան անցած տարիներին եղել է ամերիկյան որոշումների, հաշվարկների ու հետաքրքրությունների պատանդը: Նրան կհաջողվի՞ դա անել:
Բոլորին է հայտնի, որ Էրդողանի համար հեշտ չի լինի հակադրվել ամերիկյան հետաքրքրություններին, եթե միայն չմոռանա այն ամենը, ինչ եղել է անցյալում, բացառությամբ մեկ դեպքի՝ 2016 թ. հունիսի 27-ի հանդիպման ընթացքում ունեցած պայմանավորվածությունները: Այդ օրվանից Թուրքիան, տարածաշրջանն ու ողջ աշխարհն ականատես են եղել բազմաթիվ իրադարձությունների, որոնք կարող է լուծել Մոսկվայի ու Անկարայի դաշինքը: Միակ բանը, որ կարող է խանգարել նրանց, Բայդենի միջամտությունն է Թուրքիայում կայանալիք առաջիկա համընդհանուր ընտրություններից առաջ կամ դրանց ընթացքում:
Ռուսաստանը Թուրքիային զիջումներ է արել նաեւ Հարավային Կովկասում՝ հարվածի տակ դնելով իր դաշնակցի՝ Հայաստանի հետաքրքրությունները: Տեղի են ունենում լրջագույն փոփոխություններ, որոնք Երեւանին օբյեկտիվորեն կստիպեն գնահատել առկա իրողությունները եւ վերանայել սեփական քաղաքականությունը: Վերջին իրադարձությունները, որոնք կրկին ուղեկցվեցին հայ ժողովրդի դեմ պատերազմական հանցագործություններով, նույնիսկ անհույս լավատեսներին ապացուցեցին, որ ադրբեջանցիների ու թուրքերի հետ համատեղ ճանապարհ պարզապես գոյություն չունի:
Ռուսաստանում շատ քաղաքական գործիչներ կարծում են, որ ԱՄՆ-ը փորձում է ՌԴ-ին ծուղակի մեջ գցել Կովկասում՝ նրան ներքաշելով պատերազմի մեջ: Մոսկվան, իհարկե, կարող է միջամտել Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությանն առաջինի խնդրանքով, այդ դեպքում ՌԴ-ն կբախվի Թուրքիայի հետ, որը պաշտպանում է ադրբեջանցիներին: Բայց ՌԴ-ն կարող է եւ չմիջամտել, իսկ այդ դեպքում Հայաստանը ՀԱՊԿ-ից ու Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հարց կբարձրացնի՝ դառնալով ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դաշնակիցը: Հիմա Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի, քանի որ իր դաշնակցի վրա ճնշում գործադրելով՝ միայն խորացրել է ադրբեջանցիների հետ հակասությունները, որոնք Մոսկվային հնարավորություն չեն տա միաժամանակ աշխատել երկուսի հետ: