«Բնաւ մի վախենար այն բաներիցը, որ կրելու ես. ահա բանսարկուն ձեզանից բանտի մէջ է գցելու, որ փորձուիք…»
Երկրորդ եկեղեցին, ում դիմում է Հիսուսը Հովհաննես Ավետարանիչի միջոցով Հայտնության գրքում, Զմյուռնիայի եկեղեցին է.
«Գիտեմ քո գործերը եւ նեղութիւնը եւ աղքատութիւնը. բայց դու հարուստ ես. եւ գիտեմ նորանց հայհոյանքը, որ ասում են, թէ իրանք Հրէայ են եւ չեն, այլ սատանայի ժողովք են»։ Հայտնություն 2։9
Աղքատությամբ հարուստ մարդիկ նրանք են, ովքեր կամովին հրաժարվում են աշխարհիկ ցանկացած ինչքից՝ վախենալով ցանկացած գայթակղությունից եւ ձեռք բերելով կատարյալ ազատություն։ Այդ մարդիկ փայփայում են իրենց աղքատությունը։ Այդպես էլ Զմյուռնիայի եկեղեցին է. այն աղքատ է, բայց, միեւնույն ժամանակ, ունի մեծ հոգեւոր հարստություն։ Թեպետ բուն Զմյուռնիան իր ժամանակի ամենահարուստ քաղաքներից մեկն էր: Ներկայիս Իզմիրի տարածքում հիմնված Զմյուռնիայի մասին առաջին տեղեկությունները թվագրվում են Քրիստոսի ծննդից վեց հազար տարի առաջ, այստեղ է ծնվել Հոմերոսը, տեղի Ակրոպոլիսում հռետորները փայլել են պերճախոսությամբ։
Հովհաննես Ավետարանիչն ինքն էլ մի քանի տարի բնակվել է Զմյուռնիայում, իր աշակերտները եղել են տեղի առաջին եպիսկոպոսները, որոնց հալածելով, չարչարելով՝ տանջամահ են արել։ Եվ ընդհանրապես, այդ ժամանակներից սկսած եւ երկար ժամանակ շատ ու շատ նահատակներ են եղել, ովքեր սրբադասվել են՝ կրելով անմարդկային տանջանքներ։ Այստեղ է, որ Տերը մեզ պատվիրում է չվախենալ.
«Բնաւ մի վախենար այն բաներիցը, որ կրելու ես. ահա բանսարկուն ձեզանից բանտի մէջ է գցելու, որ փորձուիք, եւ նեղութիւն կունենաք տասն օր. հաւատարիմ եղիր մինչեւ ի մահ, եւ կեանքի պսակը կտամ քեզ»։ Հայտնություն 2։10
Զմյուռնիացիները հայտնի են եղել իրենց հավատարմությամբ Հռոմին եւ հաղթանակի պսակով։ Աստված Զմյուռնիայի հետ խոսում է իրեն հասկանալի լեզվով. Աստծուն հավատարիմ լինելով՝ կստանան հավերժական կյանքի պսակը։
«Ով որ ականջ ունի, թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ յաղթում է, երկրորդ մահիցը չի վնասուիլ»։ Հայտնություն 2։11
Մեղավորի համար անէանալը կլիներ մեծագույն պարգեւ: Երկրորդ մահն ավելի դաժան է, քան լիովին անէանալը։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ