Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի երկօրյա ռազմական ագրեսիան աննախադեպ լայն արձագանք է գտել իրանյան ԶԼՄ-ներում, որոնք, ի տարբերություն 44-օրյա պատերազմի արձագանքների, առավելապես անկողմնակալ են` ներկայացնելով երկու կողմի պաշտոնական տեսակետները։
Դրանցում, մասնավորապես, պաշտոնական տեսակետներն արտահայտող ԶԼՄ-ների՝ դեպքերի ու զարգացումների վերաբերյալ տվյալները ոչ միայն հիմնականում հավաստի են, այլեւ հղումներ են արվել հայկական պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրներին, ինչը նախկինում, եթե չասենք բացակայում էր, ապա առնվազն հազվադեպ էր։ Բնականաբար, կարեւորվել է նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը, նշվել, որ Ռայիսին մեկ անգամ եւս շեշտել է սահմանների փոփոխության անընդունելի լինելը։ Մեծ նշանակություն է տրվել նաեւ հրադադարի պայմանավորվածությանը, միաժամանակ ընդգծվել, որ Հայաստանը հայտարարել է այդ մասին, մինչդեռ Բաքուն լռում է։ Բացի այդ, ներկայացվել են նաեւ այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների քայլերն ու տեսակետները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարցի քննարկումը։ Հատկանշական է, որ օտարերկրյա բազմաթիվ պարսկալեզու ԶԼՄ-ներում նույնպես ինչ-որ չափով անկողմնակալության դրսեւորումներ են նկատվում, որոնցում կարեւորվել է նաեւ Թեհրանի դիրքորոշումը հարցի վերաբերյալ եւ նշվել, որ Իրանը Բաքվին նախազգուշացրել է։ Իրանյան ԶԼՄ-ներում նշանավորվել է նաեւ Իրանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում Ամիրաբդոլահիանը, մտահոգություն հայտնելով նոր բախումների առնչությամբ, խիստ կարեւորել է Իրան-Հայաստան պատմական ճանապարհի ապահովությունը։ Թուրքական տեսակետները եւս իրանյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում են եղել, մասնավորապես՝ Թուրքիայի նախագահի հայտարարությունը, որտեղ շեշտվել է, թե իրենց եղբոր կողքին են, նրան մենակ չեն թողնի, ինչպեսեւ ԱԳ նախարար Չավուշօղլուի՝ Հայաստանին մեղադրող խոսքերը։
Ստորեւ՝ որոշ գործակալությունների հրապարակումներից հատվածներ։
«Թանսիմ» գործակալությունը «Հայացք Հայաստան-Ադրբեջան շարունակվող բախումներին» բավական ծավալուն հոդվածում ներկայացրել է Իրանի, տարբեր երկրների ու կազմակերպությունների, այդ թվում՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի, ՀԱՊԿ-ի եւ հակամարտ կողմերի տեսակետներն ու դիրքորոշումները։ Այն թեեւ չի անդրադարձել քաղաքական գործիչների ու վերլուծաբանների տեսակետներին, սակայն «Ռուս փորձագետի տեսակետները բախումների բռնկման դրդապատճառների վերաբերյալ» ենթավերնագրով ներկայացրել է միանգամայն հակահայ դիրքորոշում ունեցող, Նժդեհին ֆաշիստ անվանող քաղաքագետ Սերգեյ Մարկովի տեսակետները։ Ըստ երեւույթին՝ պատճառը վերջինիս՝ միջազգային ԶԼՄ-ներում ճանաչված ու նրա կողմնակալ, ադրբեջանամետ դիրքորոշումից հեղինակի անտեղյակ լինելն է։ Հոդվածի հեղինակը հղում է կատարել նրա թելեգրամյան ալիքին, որտեղ Մարկովը Հայաստանին մեղադրել է այն անհեթեթությունների համար, որոնցով մեղադրում է Բաքուն՝ զորքերն Արցախից լիովին դուրս չբերելը, նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների կատարումը ձգձգելը, «Զանգեզուրի միջանցք» չտրամադրելը եւ նման այլ հորինվածքներ։ Սա, թերեւս, իրանյան ԶԼՄ-ներում իմ դիտարկած բացասական դրսեւորումն է։
Մեկ այլ կարեւոր՝ «Մաշրեղ» գործակալությունը «Նախազգուշացում հայ-իրանական սահմանի փակման մասին եւ միջազգային սահմանների հնարավոր փոփոխություն» վերնագրով հրապարակումն սկսել է Իրանի ռազմաքաղաքական ու հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի Էրդողանին ասած խոսքերով՝ եթե հայ-իրանական սահմանը փակելու քաղաքականություն իրականացվի, Իրանը դեմ է հանդես գալու։ Սա նշանակում է, թե «Մաշրեղը» ճիշտ ուղու վրա է, եւ նոր բախումներ հրահրողը հենց Էրդողանն է, ոչ թե Ադրբեջանի վիլայեթի ղեկավարը։ Ապա հեղինակը շարունակում է, թե Ադրբեջանը, ինչպես միշտ, այս անգամ էլ մեղադրելով Հայաստանին՝ հայտարարում է, թե ընդամենը հակառակորդի սադրանքներին պատասխան քայլ է իրականացրել։ Մինչդեռ, հաշվի առնելով հարձակման մակարդակը՝ հրետանին եւ հարձակողական ԱԹՍ-ները շփման գիծ բերելը, ակնհայտ է դառնում, որ «Բաքուն նախապատրաստվել էր նոր բախումների ու հայ զինվորի կրակելը զուտ պատրվակ էր Բաքվի ծավալապաշտության ու հայ-իրանական սահմանի գրավման համար»։ Հեղինակը, անդրադառնալով 44-օրյա պատերազմին, նշել է, որ թեեւ Թեհրանը կողմերին կոչ էր անում հարցը կարգավորել բանակցություններով, արդարացի էր համարում ԼՂՀ-ից զատ, որի հարցը պետք է լուծվեր բնակչության կամքով, գրավյալ տարածքների վերադարձը, ինչը տեղի ունեցավ, մի բան էլ՝ ավելի։ Իսկ այժմ Ալիեւն Էրդողանի աջակցության խոստումներով ու պահանջով իր հավակնությունների գերին է դարձել, ձգտում է Սյունիքի մարզը գրավել։ «Մաշրեղը» հավելում է, թե սա այն դեպքում, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս շեշտել է, որ եթե Բաքուն նպատակամղված լինի Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխություններ իրականացնել, փոխել միջազգային սահմանները, ապա Թեհրանը մի կողմ կթողնի զսպվածությունը, անկողմնակալությունը եւ անմիջականորեն համապատասխան քայլի կդիմի։ Այնուհետեւ ընդգծել է, թե այս մասին Աստանայի գործընթացի թեհրանյան գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանի հետ հանդիպմանն ասել է հեղափոխության առաջնորդը՝ ուղիղ ու առանց որեւէ հաճոյախոսության։
Հեղինակը նշել է, որ թեեւ ԻԻՀ-ն Ադրբեջանի ժողովրդի հետ կրոնական ու մշակութային ընդհանրություններ ունի, սակայն հետեւողական է նաեւ իր մյուս հարեւանի շահերի հարցում։ Ուստի, հենվելով միջազգային փոխհարաբերությունների սկզբունքների ու օրենքների վրա, տարածաշրջանային եւ միջազգային որեւէ գերտերության կամայականություն չի հանդուրժելու Հարավային Կովկասում։ Հոդվածի հեղինակը, անդրադառնալով Ռայիսի-Փաշինյան հեռախոսազրույցին, նշել է, որ Իրանի նախագահը մեկ անգամ եւս շեշտել է Իրանի հիշյալ դիրքորոշումը։ Նա ընդգծել է, թե Թեհրանն ուշի ուշով հետեւում է զարգացումներին՝ հավելելով, որ Հարավային Կովկասում նոր պատերազմն անընդունելի է, եւ տարաձայնությունները պետք է լուծել բանակցություններով։ Իսկ Իրանի դիրքորոշումը տարածքային ամբողջականության վերաբերյալ ավելի քան հստակ է։ Ռայիսին մատնանշել է նաեւ հեղափոխության առաջնորդի շեշտադրումներն առ այն, թե չպետք է վտանգվի Իրան-Հայաստան ճանապարհը, ապա հավելել, որ Հայաստանի անվտանգությունը խիստ կարեւոր է Իրանի համար։