Աշխարհը թեւակոխել է գլոբալ վերափոխումների հերթական փուլը, որը ենթադրում է տարբեր աշխարհաքաղաքական հարթակների գործարկում։ Սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում անցկացվեց Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների հանդիպումը։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է քաղաքագետ Արա Պողոսյանի հետ Սամարղանդում տեղի ունեցած գագաթնաժողովի եւ դրա քաղաքական ուղերձների շուրջ։
-Պրն Պողոսյան, ինչպիսի՞ դերակատարություն կարող է ունենալ ՇՀԿ-ն որպես տարածաշրջանային հարթակ։
-Կազմակերպությունը ընդգրկում է հետաքրքրությունների եւ համագործակցության բավականին մեծ շրջանակ։ Տեւական ժամանակ կազմակերպությանն անդամակցելու հավակնություններ է ներկայացնում Թուրքիան, իսկ վերջին հանդիպմանը հստակ զգացվեցին նաեւ Ադրբեջանի նկրտումները։ Սակայն կազմակերպության ընդլայնման հետ կապված, կարծում եմ, կխորանան նաեւ ներքին հակասությունները, որոնք ըստ էության թույլ չեն տա կազմակերպության կենսունակության բարձրացումը։ Այն, որպես Եվրասիական գոտում գործող միջազգային կազմակերպություն, ունի ռեսուրսային հսկայական բազա, սակայն միաժամանակ առկա են անդամ պետությունների շահերի հակասություններ, ինչպես նաեւ ընդգծված առաջնորդ-պետության ստատուսի հաստատման գրեթե անհնարինություն։ Դա պայմանավորված է նրանով, որ առնվազն երեք պետություններ՝ ՌԴ-ն, ՉԺՀ-ն եւ Հնդկաստանը ունեն տարածաշրջանային տերության կարգավիճակ, իսկ ՌԴ-ն եւ ՉԺՀ-ն ձգտում են համաշխարհային բեւեռներ դառնալուն։ Ակնհայտ է դառնում, որ կազմակերպությունն առնվազն միջնաժամկետ հեռանկարում չի՛ կարող կենսունակություն ապահովել եւ ներկայումս լուծում է կարճաժամկետ նպատակներ սպասարկելու խնդիր։ Ուստի, կարծում եմ, ՇՀԿ-ն առայժմ ունի տեղային խնդիրներ լուծելու փոքրիշատե բավարար ներուժ, մինչդեռ չունի համաշխարհային բեւեռ կամ հակակշիռ դառնալու հնարավորություն։
-Շանհայի համագործակցության կազմակերպությունն ունի հսկայական ներուժ՝ տրանսպորտային, տարանցիկ, մարդկային ռեսուրսների եւ մի շարք այլ առումներով։ Կարո՞ղ է, արդյոք, դառնալ ուժի նոր կենտրոն, թե՞ անդամ երկրների միջեւ առկա հակասությունները թույլ չեն տա նման հեռանկարը։
-Եթե փորձենք համեմատական վերլուծություն կատարել անդամ երկրների միջեւ, ապա ըստ էության կազմակերպությունն ինքնին բաժանվում է երկու հակադիր խմբակների, որտեղ գոնե ինձ համար անորոշ է ՌԴ դերակատարումը։ Մի կողմից թյուրքալեզու պետություններն են, որոնց միանալու հավակնություններ ունեն Թուրքիան եւ Ադրբեջանը։ Այս երկու երկրների անդամակցումը կհանգեցնի կազմակերպության մեջ հստակ տարաբաժանման՝ թյուրքական խմբակի, որին անվերապահորեն կպաշտպանի Պակիստանը, եւ մյուս կողմից՝ իրանա-չինական տանդեմի, որին կմիանա Տաջիկստանը, որոշ հարցերում համերաշխություն կարող է դրսեւորել նաեւ Հնդկաստանը։ Ռուսաստանը կխաղա պահի թելադրանքով՝ մերթ մեկի, մերթ մյուսի կողմից։ Բելառուսի անդամակցության դեպքում արդեն կարող ենք խոսել նաեւ ռուս-բելառուսական տանդեմի մասին։ Գոնե վերջին հանդիպումից տպավորություն ստեղծվեց, որ Ռուսաստանն այդտեղ այլեւս նախկին հեղինակությունը չունի։ Դատելով Վ. Պուտինի վարքագծից, նրա մոտ անհարմարավետության զգացում կար։ Այսպիսով, աշխարհաքաղաքական հակասություններ ունեցող երկրների միության կենսունակության եւ լուրջ դերակատարության մասին այս պահին հնարավոր չէ խոսել։ Այս կառույցը եւս ունի բոլոր նախադրյալները, որպեսզի նմանվի ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին, կառույցներ, որոնց անդամների աշխարհաքաղաքական շահերն առավելապես բախվում են, քան համընկնում։
-Ո՞ր երկրների միջեւ երկկողմ հանդիպումները կարելի է առանձնացնել։ Ի՞նչ կարեւոր ուղերձներ հնչեցին գագաթնաժողովի եւ առանձին հանդիպումների շրջանակներում։
-Բնականաբար, մեզ համար առավել կարեւոր են այն հանդիպումները, որոնք այս կամ այն կերպ շոշափել են մեզ առնչվող հարցեր։ Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի առաջնորդների մասնակցությամբ չի եղել որեւէ հանդիպում, առնվազն վերջին 1-2 տարիներին, որի շրջանակներում Հայաստանին անդրադարձ չլինի։ Թերեւս սկսենք Թուրքիայի նախագահ Էրդողանից, ով ինչպես նախկինում, այնպես էլ՝ այս անգամ առիթը բաց չթողեց խոսելու միջազգային անարդարությունից, թուրանական հավակնություններից։ Էրդողանի շուրթերով հերթական անգամ հնչեց այն միտքը, որ «աշխարհը պետք է ավելի արդար դառնա», այլ կերպ ասած՝ Թուրքիան ապագա աշխարհակարգում պետք է լինի աշխարհի ճակատագիրը որոշողներից մեկը, ասել է թե՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ։ Հիշենք նրա նախկինում ասված «աշխարհը հինգից ավելին է» հայտնի արտահայտությունը։ Ուշադրության է արժանի Պուտին-Էրդողան առանձին հանդիպումը, որտեղ ի թիվս այլ ժեստերի, ՌԴ նախագահը Էրդողանին դիմեց «պարոն վարչապետ», ինչը բավականին քննարկվեց հայկական եւ թուրքական տեղեկատվական հարթակներում։ Իլհամ Ալիեւն առիթը բաց չթողեց մեղադրելու Հայաստանին այն սադրանքների մեջ, որոնք իրականացվում են հենց Ադրբեջանի կողմից։ Այս անգամ, սակայն, Ադրբեջանի նախագահը որոշակիորեն թաքցնում էր նախկինում դրսեւորվող ագրեսիվ եւ հայատյաց էությունը, ինչն անմիջական առնչություն կարող է ունենալ ռազմական գործողությունների ժամանակ ստացած անակնկալ հարվածից։ Բնականաբար, խոսել է նաեւ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, փորձ անելով այն «վաճառել» ՇՀԿ-ի անդամ երկրների վրա, իբրեւ տարանցիկ մեծ հնարավորություններ ստեղծող «երկնային մանանա»։ Միեւնույն ժամանակ, գոնե մեզ համար առանցքային նշանակություն ունեին Իրանի նախագահի հստակ ուղերձները, որոնք վերաբերում էին Հայաստանի եւ Իրանի սահմանների անխախտելիությանը՝ ընդգծելով, որ Իրանը թույլ չի տա իր հարեւանների տարածքային ամբողջականության խախտում։
-Գագաթնաժողովի օրակարգային հարցերից է եղել կազմակերպության հետագա ընդլայնումը։ Անդամ երկրի կարգավիճակ է ստացել Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Ի՞նչ ազդեցություն կունենա այդ երկրի ընդգրկումը կառույցի համար։
-Վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետությունը կարծես թե մեկուսացել էր միջազգային նախագծերից եւ ընդհանուր առմամբ՝ միջազգային հարաբերություններից։ Այժմ նկատվում է Իրանի ակտիվացումը հատկապես տարածաշրջանային հարաբերություններում, ինչը մեծ կապ ունի իրանական կողմի մտավախությունների հետ. նրանք բազմիցս են բարձրաձայնում, որ տարածաշրջանային այս կամ այն գործընթացը դավադրություն է Իրանի դեմ։ Բնական է, որ վերահաս ենթադրելի հակամարտության դեպքում երկրները սկսում են փնտրել նոր դաշնակիցներ, չեզոքացնել հավանական թշնամիներին, որպեսզի հնարավոր բախման դեպքում կառավարելի եւ կանխատեսելի լինեն հարվածների ուղղությունները։ Ուստի կարծում եմ, որ այստեղ իրանական կողմը փորձելու է հնարավորինս չեզոքացնել տարածաշրջանային այն երկրներին, որոնք կարող են դառնալ հարվածային ուղղության պլացդարմ։ Հաջորդը տնտեսական բաղադրիչն է, որը Իրանին հնարավորություն կտա նոր շուկաներ մտնել եւ իրանական ապրանքները նոր շուկաներում իրացնել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, «միջուկային գործարքի» ելքով պայմանավորված, Իրանի գլխին մշտապես կախված է լինելու պատժամիջոցների սպառնալիքը։ Ինչպես արդեն նշել ենք, կառույցի կենսունակության մասով թերահավատություն կա, եւ անգամ Իրանի մուտքը էական աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային փոփոխություն չի բերելու։ Լավագույն դեպքում այն մնալու է որպես տնտեսական փոխգործակցության հարթակ, իսկ ռազմական եւ ռազմաքաղաքական իմաստով, հազիվ թե հաջող համագործակցության հարթակ դառնալու լուրջ հնարավորություններ լինեն։
-Որպես պատվավոր հյուր գագաթնաժողովին մասնակցում էր նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Իր ելույթում նա շեշտել է Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ Թուրքիայի «կամուրջ» լինելու հանգամանքը։ Ի՞նչ խնդիրներ կարողացավ լուծել Թուրքիան՝ ելնելով հրապարակային հայտարարություններից։
-Թուրքիան հերթական անգամ փորձեց հանդես գալ որպես առաջնորդող երկիր, ասել է թե՝ Էրդողանն անգամ չթաքցրեց թուրքական ախորժակը։ Իսկ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ «կամուրջ» լինելու մասին ակնարկը նպատակ ուներ բարձրացնելու թուրքական հնարավորությունների նշաձողը եւ հատուկ ընդգծելու Թուրքիայի աշխարհաքաղաքական դերը։ Իհարկե՝ ՇՀԿ-ի կազմում խնդիր լուծելու մասին խոսելը դեռ վաղ է, բայց առնվազն ՇՀԿ-ի անդամ Ղազախստանի, Պակիստանի եւ Ղրղզստանի համար մեկ անգամ եւս ընդգծվեց Թուրքիայի, զուգահեռաբար նաեւ Ադրբեջանի դերն ու նշանակությունն ապագա աշխարհում։ Տպավորություն կար, որ կազմակերպության ներսում ձեւավորվում են կոալիցիաներ եւ յուրաքանչյուր երկիր ներկա էր սեփական խնդիրներ լուծելու համար։ Էրդողանը թե՛ այստեղ, թե՛ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության մեջ հաստատելով իր առաջատար դերը եւ դիրքը, փորձում է ապագա աշխարհակարգում իր ձեռքը վերցնել եթե ոչ ամբողջ Եվրասիական, ապա առնվազն Ասիական երկրների վրա հեգեմոնի կարգավիճակը, ինչը բնականաբար հեշտ չի լինելու։
-Հանդիպման օրերին տեղի ունեցավ մեկ այլ «հետաքրքիր» միջադեպ, այն է՝ սահմանային բախումներ ՀԱՊԿ-ի, ինչպես նաեւ ՇՀԿ-ի անդամ Տաջիկստանի եւ Ղըրղզստանի միջեւ։ Ի՞նչ հետեւություններ կարող ենք անել դրանից։ Արդյո՞ք պատահական զուգադիպություն էր սահմանային լարումը, թե՞ քաղաքական ուղերձ։
-Սահմանային բախումները եւս մեկ անգամ հաստատում են այն ենթադրությունը, որ կառույցի անդամները կենսական հարցերում ունեն հակասություններ, որոնք ականներ են կազմակերպության համար։ Մյուս կողմից՝ պետք է նկատի ունենալ, որ բախումների մասնակից կողմերից Տաջիկստանն առավել մեծ կապվածություն ունի Իրանի հետ, այդ թվում՝ էթնիկ, պատմական, մշակութային, կրոնական եւ այլն, իսկ մյուսը՝ Ղրղզստանը, առավելապես մոտ է Թուրքիային։ Հավելեմ, որ այդ միջադեպի նախօրեին Ադրբեջանը ռազմական ագրեսիա էր սկսել Հայաստանի դեմ։ Եթե այս ամենը դիտարկենք որպես գործողություններ «մեծ շախմատային տախտակի» վրա, ապա կնկատենք լուրջ աշխարհաքաղաքական տեղաշարժեր, որոնք ըստ երեւույթին վերադասավորումներ են տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային լրջագույն ցնցումներից առաջ։ Եվրասիական տարածաշրջանում դրանք անխուսափելի են դառնում, իսկ այժմ բախման կողմերը դաշնակիցների իրենց շրջանակն են վերաձեւում, ինչը ստեղծված իրավիճակում տրամաբանական է։ Այս ամենից կարելի է ենթադրել, որ ինչպես ՀԱՊԿ-ն, այնպես էլ՝ ՇՀԿ-ն կառույցներ են, որոնք լուծելու են ժամանակավոր խնդիրներ, եւ դեռեւս հնարավոր չէ լուրջ կենսունակություն ակնկալել ՇՀԿ-ից՝ հաշվի առնելով անդամ երկրների հակամերժ շահերը։ Եթե դիտարկենք Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվելիք քայլերը եւ ենթադրությունները, ապա անխուսափելիորեն ստիպված ենք համագործակցել հնարավոր բոլոր կառույցների հետ՝ սեփական շահերը սպասարկելու, թշնամիներին կանխատեսելիության դաշտում պահելու, իսկ երբեմն էլ՝ չեզոքացնելու համար։ Միաժամանակ անհրաժեշտ է ձգտել երկարաժամկետ հեռանկարում համագործակցելու այնպիսի միջազգային կառույցի հետ, որտեղ հայկականին հակամերժ շահեր չեն լինի։