Վանք գյուղի հարեւանությամբ է Հադրութի շրջանի հետաքրքիր բնակավայրերից Տյաքը, որը մնաց մեր ճանապարհից դուրս՝ ժամանակի սղության պատճառով։ Այստեղ ստեղծվել էր «Տյաք» արգելոցը, որն Արցախում հինգերորդն էր՝ հաջորդելով «Տիգրանակերտ», «Տողի մելիքական ապարանք», «Ազոխ» եւ «Հունոտի կիրճ» պետական արգելոցներին: Ցավոք՝ բոլորն էլ այսօր գերության մեջ են։
Գյուղը պահպանվել է, ինչպես եղել է 19-րդ դարում։ Այս գյուղի մասին Մ. Բարխուդարյանը գրում է. «ԴԱԳ ԳԻՒՂ. Հիմնուած միեւնոյն սարի հիւսիսահայեաց լանջի վերայ. բնակչաց կէս մասն բնիկ եւ միւս կէսն գաղթած Ղարադաղից, հողն բէկական, սակւ եւ նուազ արդիւնաբեր, պատուական օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 100 տ. եկեղեցին նորակառոյց, քարուկիր, Սուրբ Մեսրոպ, քահանան գալիս է Վանք գիւղից. ծուխ 35. ար. 175. իգ. 135։» Հաջորդ բնակավայրը՝ Ցորը, պատմական Ցորաբերդի արեւմտյան կողմում է՝ ձորակի մեջ։ Ցորաբերդ ամրոցը, ըստ տեղեկությունների, 3-17-րդ դարերի ընթացքում է գործել։ Հադրութ քաղաքի դիմաց է՝ արեւմտյան կողմում, բարձրադիր ժայռեղեն բլրի վրա, զբաղեցնում է մոտ 5 հա տարածք։
Դիզակ գավառի հնագույն բերդ-ամրոցներից է: Վաղ միջնադարյան աղբյուրներում հիշատակվում է նաեւ որպես բերդաքաղաք: Ամրոցը կոչվում է նաեւ Վելիջան իշխանի անունով: Երբեմնի ամրոց-բնակավայրից պահպանվել են պարիսպների, առանձին շինությունների ավերակներ: Պարսպի բարձրությունը 3 մ-ից ավելի է: Բերդն ունեցել է երկու դարպաս։ Անմշակ քարերով ու կրաշաղախով շարված պարիսպների հաստությունը մոտ երկու մետր է։ Բերդի ներսից գտնվել են կավե ջրախողովակներ, կարասներ, բրոնզե նետասլաքներ եւ դաշույններ։ Ցորաբերդի հիմնական շինություններից մնացել են պարիսպների ավերակները եւ ջրավազանների հողածածկ փոսերը։
Ամրոցի մոտով է անցնում Ցոր գյուղ տանող ճանապարհը։ Մ. Բարխուդարյանի գրքում ընթերցում ենք. «Հիմնուած է մի խոր ձորում, որ գտնուում է Վէլիջանի բերդի հարաւային ստորոտում. բնակիչք բնիկ, հողն արքունի, սակաւ եւ խիստ նուազ արդիւնաբեր, զի աւազուտ եւ խեճուտ է հողն, բայց պատուական է խաղողն, պատուական օդն, կլիման եւ ջուրն. երկար կեանք 90-95 տ. եկեղեցին՝ Ամենափրկիչ, կառուցեալ չորս սիւների վերայ, բարձրաշէն եւ գեղեցիկ, բեմի ժողովրդահայեաց ճակատն նրբաքանդակ նախշած. երկարութիւնն է 22 մ., լայնութիւնն 12 մ. 35 սանթ. դրան ճակատակալ քարի վերայ արտաքուստ. «Յիշատակ է Ն. թվ.». քահանայ մի. Ծուխ 75. ար. 290 իգ. 270»։ Արցախյան գոյամարտի ժամանակ, մոտ 2 տարի մնալով թուրքական տիրապետության տակ, գյուղն ամբողջովին ավերվել էր։ Սակայն Ցորի բնակիչները, վերադառնալով ազատագրված բնակավայր, այն վերակառուցել էին։ Մինչ գյուղ մտնելը՝ ճանապարհի եզրին Արցախյան գոյամարտում նահատակված ցորեցիներին նվիրված հուշակոթող կար։ 4 նահատակ հերոսների անուններ էին փորագրված հուշաքարին։ Ալեքսանդր Խաչատրյանը զոհվել է 1992 թ., իսկ Ռոմա Ավանեսյանը, Ալեքսանդր Աբրահամյանը եւ Կամո Գրիգորյանը՝ 1 տարի հետո։ Գյուղի բնակիչները 1991 թ. բռնագաղթից հետո վերադարձել էին նույն թվականի ձմռանը, սակայն 1992 թ. մայիսի 28-ին ենթարկվել էին թշնամու զրահատեխնիկայի եւ մեծ թվով հետեւակի հարձակմանը։ 18 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, ծերեր։
1994-ին վերաբնակեցվել էր Ցորը, մեր այցի ժամանակ ուներ 6 տնտեսություն, 30-ից ավելի բնակիչ եւ մտնում էր Բանազուրի գյուղական համայնքի կազմում։ Գյուղ մտնող ճանապարհի եզրի ծառերի բները կրապատված էին, բաժակները՝ քարապատ ու սպիտակ։ Գեղեցիկ տեսարանը շարունակվում է գյուղում։ Ցոր գյուղի կենտրոնական մասում՝ N 39, 29, 20.0 եւ E 47, 01, 18.2, Alt 970 կոորդինատներում, արդեն նորոգ վիճակում Ամենափրկիչ եկեղեցին էր՝ եռանավ բազիլիկ է, չորս մույթով, աբսիդի երկու կողմերի խորաններով։ Բեմի ճակատի եզրին վերից վար քանդակված է «Գրիգոր» փորաքանդակը։ Եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում եւ վերակառուցվել է 17-րդ դարում։ Գյուղի նորոգված տները, փողոցների հենապատերը, այլ կառույցներ աչքի էին ընկնում ոճական հրաշալի տեսքով։ Ներքեւում աղբյուրն է՝ նորակառույց ջրավազանով, եւ կամարակապ քարե կամուրջը՝ նույն գեղեցկությամբ, հաճելի տեսքով։ «Մեր ուստեքն են շարել ամեն ինչ»,- հպարտությամբ ասում է գյուղի բնակիչներից մեկը։ Ջրավազանի տարածքում՝ սեղանի մոտ երիտասարդներ էին, հրավիրում են օգտվել իրենց սեղանից։ Չենք հրաժարվում՝ ըմպել մի գավաթ թթի օղի։ Այս գյուղում վերստին զգացի հայ մարդու հայրենասիրությունը, իր հողի տեր մնալը։ Աղբյուրի մոտ նոր արձանագրություն է. «Աղբյուրը վերակենդանացված է հանուն բժիշկ Հայկազի հոգու. 2011 թ.»։ Մեկ այլ արձանագրություն հուշում է. «Վերանորոգվել է 2016-2019 թթ. ԱՍԲ ընկերության կողմից»։ Ցոր գյուղից մոտ 1.8 կմ հարավ-արեւմուտք, ձորի ձախ եզրին, N 39, 29, 16.9 եւ E 47, 01, 15.4, Alt 1001 կոորդինատներում է Սուրբ Լուսավորչի անապատը՝ 13-17-րդ դարեր: Ուղղանկյուն հատակագիծ ունեցող փոքրիկ եկեղեցի է՝ շինված մոխրագույն անտաշ քարերից։ Մոտակայքում է 14-17-րդ դարերի գերեզմանատունը, որտեղ գտնվում են բազմաթիվ տապանաքարեր։ Զարդարված է կենցաղային բովանդակության ու սրբապատկերների բարձրաքանդակներով։
Հրաժեշտ ենք տալիս ցորեցիներին եւ շարունակում ճանապարհը դեպի Մույքիդարա կոչվող գյուղ՝ Ջրաբերդ։ Ճանապարհի ձախ կողմում նորատունկ այգիներ են՝ եւս մեկ վկայություն, որ այս գյուղերը բարգավաճելու են, սակայն եղավ պատերազմ… Հաջորդ բնակավայրը, որ գտնվում էր մեր ճանապարհին, Բանազուրն է։ Մինչ գյուղ մտնելը անցնում ենք խաղողի այգիների մոտով, մի քանի հեկտար տարածքում հրաշալի այգիներ են՝ մի քանի տարվա պատմությամբ։ Բանազուրը նույնպես 1991 թ. մայիսի կեսերին հայաթափվեց։ «Հայ զինվոր» թերթում կարդում ենք. «13 ՄԱՅԻՍԻ- Խորհրդային բանակի եւ օմօն-ի ստորաբաժանումները շրջապատում են Հադրութի շրջանի Բինաթլու, Արագյալ, Ջիլան, Բանազուր, Քարագլուխ, Մույքիդարա, Սպիտակաշեն եւ Դոլանլար հայկական գյուղերը…»: Վերաբնակեցումից հետո մի քանի տասնյակ նոր տներ են կառուցվել գյուղում։ Հադրութից գտնվում է 36 կմ հեռավորության վրա, մայրաքաղաք Ստեփանակերտից` 122 կմ: Համայնքը լեռնային է, ունի 3576.5 հա տարածք, որից 2442.03 հա՝ գյուղատնտեսական նշանակության, 1055.02 հա՝ անտառային հողեր: Բանազուրն ուներ 60-ից ավելի տնտեսություն 175 բնակչով: Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ եւ հողագործությամբ։ Գյուղի դպրոցում սովորում էին 20 աշակերտ։ Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ Աստվածածին եկեղեցին (N 39, 27, 33.1 եւ E 47, 00, 30.8, Alt 842, 17-րդ դար), գերեզմանոց (17-19-րդ դար), կամուրջ (19-րդ դար), մատուռ «Սպիտակ տղա» (12-14-րդ դար)։ Գյուղում կանգուն էին Մեծ հայրենականում եւ Արցախյան գոյամարտում նահատակներին նվիրված հուշարձանները։ Նոր կառուցվածը, որի վրա թվագրված է 1999, 22 հունիսի, խաչքար է «ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ԲԱՆԱԶՈՒՐՑԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ» արձանագրությամբ: Մակար Բարխուդարյանը Բանազուրի մասին գրում է. «ԲԱՆԱԶՈՒՐ. գիւղս հիմնուած է մի ապառաժուտ ձորի աջ լանջի վերայ Ցոր գիւղի հարաւային կողմում, բնակիչք բնիկ, հողն բէկական, ոչ այնքան բարեբեր, բայց նշանաւոր-66-գինին. տեղական բերքերն նոյն, օդն, կլիման եւ ջուրն վատառողջ, երկար կեանք 70-80 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, կառուցեալ չորս սիւների վերայ, որի երկարութիւնն է 18 մետր 40 սանթիմ, լայնութիւնն 11 մետր. քահանայ մի։ Ծուխ 150, ար. 575. իգ. 430»։ Մազրա գյուղը (այժմ՝ Ձորագյուղ) ցածր դիրքում է: Փոքր այս բնակավայրը 1991-ի մայիսին նույնպես հայաթափվել է։ Հասնում ենք գյուղ. աջ կողմում՝ սարի գլխին իր վեհությամբ աչքի է ընկնում հայոց նոր սրբատուն։ «Քարագլխի նորակառույց եկեղեցին է՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչը»,- ասում է Գագիկ Սարգսյանը: