Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Ռուսա Առաջինի սեպագիրը

Հունվարի 12, 2023
Մշակույթ
Ռուսա Առաջինի սեպագիրը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
123
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեր հայրենիքի այժմյան Գեղարքունիքի մարզը, որը հյուսիսից սահմանակից է Տավուշի, արեւմուտքից՝ Կոտայքի եւ Արարատի, իսկ հարավից՝ Վայոց ձորի մարզերին, արեւելքից՝ Ադրբեջանին եւ Արցախին, հանրապետությունում ամենամեծն է տարածքով (5348 քկմ), որի մեկ քառորդ մասը Սեւանա լիճն է զբաղեցնում։ Պատմական ժամանակաշրջանում Մեծ Հայքի Սյունիք նահանգի հյուսիսային գավառը նույնպես Գեղարքունիք էր կոչվում։

13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում «Սյունյաց աշխարհի սահմանների ցուցադրումը…» (Գ) գլխում գրում է. «Ունի տասներկու գավառ… Երրորդը՝ Գեղարքունին, որ Հայկյան Գեղամի (անունից) կոչվեց Գեղարքունի…» (Երեւան, 1986 թ., էջ 70)։ Ըստ «Աշխարհացույցի»՝ Գեղարքունիքը եղել է Սյունիքի 4-րդ գավառը, ունեցել է մոտ 1735 քկմ տարածք, զբաղեցրել է Սեւանա լճի հարավային ափերը՝ Խորհրդային Հայաստանի Մարտունու, Կամոյի նախկին շրջաններն ամբողջությամբ, Վարդենիսի եւ Սեւանի շրջանների որոշ հատվածներ։ Խորենացին իր «Հայոց պատմություն» մատյանում հիշատակում է. «…Իսկ Գեղամը (Ամասիայի որդին) տարիներ անցնելուց հետո Արմավիրում ծնավ Հարմային. նա Հարմային թողեց Արմավիրում բնակվելու իր թոռների հետ. իսկ ինքը գնաց արեւելյան հյուսիսում եղած մյուս լեռան հետեւի կողմը, մի ծովակի ափ։ Նա շենացնում է ծովակի ափը, թողնում է այնտեղ բնակիչներ եւ իր անունով լեռը կոչում է Գեղ (Գեղամա լեռները.- Զ. Ը.), իսկ շեները՝ Գեղարքունի, ինչպես կոչվում է նաեւ ծովը…» (Երեւան, 1981 թ., էջ 115)։ Այսպիսով՝ դեռեւս վաղնջական ժամանակներում Սեւանա լճի ավազանը եղել է բնակության համար հարմար, եւ հազարավոր տարիներ առաջ մեր նախնիներն այստեղ բերդ ու ամրոցներ են հիմնել, սրբազան տաճարներ, պաշտամունքային բուրգեր… Տարածքը հարուստ է նաեւ դամբարանադաշտերով։

Սուրբ ծննդյան եւ Ամանորի օրերին ծննդավայրումս էի՝ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում, որը նույնպես ունի պատմական անցյալ, հարուստ է դարերի պատմություն ունեցող հուշարձաններով։ Հունվարի 3-ին եւ 4-ին հարազատներիս հետ այցելեցի տարածքի պատմական վայրեր։ Վանի թագավորության ուշ շրջանում Գեղարքունիքը նույնպես եղել է այդ պետականության կազմում։ Դա են վկայում տարածքում պահպանված մի քանի կիկլոպյան ամրոցները, ինչպես նաեւ՝ այդ թագավորության արքաների թողած սեպագիր արձանագրությունները, որոնցից մեկը Սեւանա լճի ափամերձ Արծվանիստ եւ Ծովինար գյուղերի մեջտեղում է՝ Արփա-Սեւան թունելի մուտքի հարեւանությամբ գտնվող ժայռերից մեկի վրա։ Ժամանակին Սեւանա լիճը, հիրավի, ծովակ էր, ուներ ավելի մեծ խորություն ու մակերես, ողողում էր նշված ժայռերի հիմքերը։ Ռուսա Առաջին թագավորին վերագրվող այդ սեպագիրը գտնվել էր դեռեւս 1862 թ., Մեսրոբ արքեպիսկոպոս Սմբատյանցի կողմից։ Տարածքի բնակիչները պատահաբար տեսել են, որ ժայռերից մեկի վրա ինչ-որ անսովոր պատկերներ կան, եւ տեղեկացրել էին։ Պատմաբան, գրող, գրականագետ, հրապարակախոս, պրոֆեսոր Լեոն (Առաքել Գրիգորի Բաբախանյան, 1860-1932 թթ.) իր Երկերի ժողովածուի 1-ին հատորում՝ «Վանյան սեպագրեր» գլխում հիշատակում է նաեւ այս հուշարձանի մասին։ «…Այնուհետեւ Սմբատյանն արտագրեց, նույն 1862¬ին, մի մեծ սեպաձեւ արձանագրություն (20 տող), որ փորագրված էր Սեւանա լճի հարավային ափին ցցված մի ժայռի վրա, Քյոլաղրան (Ծովինար) գյուղի մոտ։ Այդ աշխատանքը հեշտ չկատարվեց, քանի որ պետք էր նավակով մոտենալ այն ժայռին, որի վրա փորված էր արձանագրությունը։ Մի ուրիշ արձանագրություն էլ գտնվեց Աթամխան (Ձորագյուղ՝ Մարտունու տարածաշրջան.- Զ. Ը.) գյուղի մոտ, նույն լճի հարավ-արեւմտյան անկյունում։ Այս երկու արձանագրությունն էլ հրատարակվեցին «Համբավաբեր Ռուսիո» թերթի մեջ» («Երկերի Ժողովածու», հատոր 1-ին, էջ 12, Երեւան, 1966 թ.)։

Հետագայում Սմբատյանը գրել է. «Երբ 1862 թվին Ալիչալուի (Արծվանիստ) մոտ բեւեռագիր արձանագրություն օրինակեցի, Սեւանա ծովի մակերեւույթն այնքան բարձր էր, որ ջուրը հավասար էր արձանագրին, եւ մենք նավակով գնալով ջրի վրա… օրինակեցինք։ Իսկ 1883 թվին նույն արձանագիրը համեմատելու համար 10 ոտնաչափ սանդուղք դնելով ծովի ցամաքած գետնից մինչեւ արձանաքարը, այնպես օրինակեցինք։ Ըսդ այսմ` ուրեմն 20 տարվա ընթացքում ջուրը պակասելով իջել էր 10 աստիճան ցած, այն է` 20 ֆուտ կամ ոտնաչափ»։ Սեպագրի ուսումնասիրությամբ տարբեր գիտնականներ են զբաղվել։ Գերմանացի ճանապարհորդ ու հնագետ Վոլդեմար Բելքը երեք ժամ շարունակ մինչեւ գոտկատեղ ջրի մեջ կանգնած` փորձել էր կրկնօրինակել արձանագրությունը, բայց կարողացել էր 19 տողից միայն երեքն ընթերցել։ Եվ ահա 1926 թ. այս հուշարձանի ուսումնասիրմամբ ու տեքստի վերծանմամբ զբաղվել է նաեւ հայտնի հայագետ, հնագետ, պատմաբան Աշխարհբեկ Քալանթարը (1884-1942 թթ.)։ Նա սկզբում ցանկանում էր պատճենել Ռուսա Ա արքայի ժայռակերտ արձանագրությունը` նավակի վրա կանգնած։ Բայց մի քանի փորձերը ձախողվել են նավակի ճոճքի, ինչպես նաեւ քամու պատճառով։ Այնուհետեւ հնագետները դիմել են այլ միջոցի՝ պարանով ժայռից կախ են տվել վիմագրագետ եւ պատմաբան Սեդրակ Բարխուդարյանին, ով կարողացել է այդ դիրքում կրկնօրինակել արձանագրությունը։ Ռուսա Առաջին թագավորին վերագրվող այդ սեպագիրը կերտվել է Ք. ա. 735-714 թթ., Թեյշեբաինի (Օձաբերդ) հնավայրի հյուսիսային կողմում է։ Այժմ այս արձանագրությունը բավականին հեռու է լճից, եւ հնարավոր է հանգիստ ընդօրինակել սեպագիրը, որի տակ վերջերս կանգնեցվել է մի քար-սյուն՝ հետեւյալ գրությամբ. «ԹԵՅՇԵԲԱՅԻ ՔԱՂԱՔԱՏԵՂԻ. ԱՄՐՈՑԸ ԵՒ ՔԱՂԱՔԸ ԿԱՌՈՒՑՎԵԼ ԵՆ ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԹԵՅՇԵԲԱ ԱՍՏԾՈՒ ԱՆՎԱՄԲ, ԻՍԿ ՍԵՊԱԳԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՐԴՈՒՐԻ ՈՐԴԻ ՌՈՒՍԱ ԹԱԳԱՎՈՐԻ 735-714 ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐՆ Է»։ Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի (ՍՀՀԿ) նախագահ, արեւելագետ, թուրքագետ, լեզվաբան, բ. գ. թ., դոցենտ Մհեր Քումունցը «Հնդեվրոպական արմատը Գորիս տեղանվան մեջ» հոդվածում անդրադարձել է հիշյալ արձանագրությանը. «Գորիս տեղանունը առաջին անգամ հիշատակվում է ուրարտական արքա Ռուսա 1-ին (Ք. ա. 735-713 թթ.)  արձանագրության մեջ՝ 9-րդ տողում՝ «…Գուրիայան երկիրը…»: Ռուսա 1-ինը Ք. ա. 715 թ. է ձեռնարկել արշավանք դեպի Գեղարքունյաց ծովի արեւելյան հատված եւ նվաճել 23 երկրներ, որոնցից մեկը եղել է Գորիսը՝ Գուրիայան»։

Արձանագրության բարձրությունը 1 մետր է, լայնությունը՝ գրեթե 1.5 մետր: Սեպագրի ուսումնասիրությամբ զբաղվել են նաեւ Վրաստանի ազգությամբ հայ խոշոր պատմաբան, Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գիորգի Ալեքսանդրի Մելիքիշվիլին (Գեւորգ Մելիքյանց, 1918-2002 թթ.), ով առավել հայտնի է դարձել Ուրարտուի պատմությանը վերաբերող հետազոտություններով, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Գրիգոր Ղափանցյանը (1887-1957), Հովհաննես Կարագյոզյանը եւ այլք: Հայ սեպագրագիտության վաստակաշատ դեմքերից Հովհ. Կարագյոզյանը (1928-2005 թթ.) արձանագրությունը վերծանել է այսպես.

«1/Խալդյան զորությամբ Ռուսա

2/Սարդուրորդին ասում է.-Ես այս երկրները

3/մեկ արշավանքում նվաճեցի, /ծառա դարձրի՝

4/Ադախու երկիրը, Վելիքուխե երկիրը, Լուերուխե երկիրը,

5/Արկուկեան երկիրը-չորս արքայի՝ այս կողմից ծովային գավառում,

6/Գուրկուշիլե երկիրը Տուտուայան երկիրը, Քարուիշայան երկիրը,

7/ Գիշուայան երկիրը, Աքուայան երկիրը, Ծամա երկիրը,

 8/ Երկիլայան երկիրը, Ելայան երկիրը, Երելթուայան երկիրը,

9/ Այդամանիու երկիրը, Գուրիայան երկիրը, Բերզիրա երկիրը,

10, Պիրուայան երկիրը, Շիլայան երկիրը, Վիդուայան երկիրը

 11/ Ատեզայան երկիրը, Երիյան երկիրը, Ազամերունե երկիրը,

 12/ տասնինն արքայի այս կողմից ծովային գավառում՝ լեռնաշղթայի

 13/ստորոտում: Ընդամենը քսաներեք արքայի առաջին տարում նվաճեցի:

14/Մարդ, կին դեպի Բիայնիլի քշեցի: Հաջորդ տարի եկա,

15/ կառուցեցի այս ամրոցները:

 16/Երբ որ երկրներն այս երկրիս վրա ավելացրի,

17/ Թեյշեբայի համար ամրոց հոյակապ կառուցեցի, դրեցի անունը

 18/ «Թեյշեբայի քաղաք»՝ Բիայնիլի երկրի զորությունը թշնամիների մեջ ամրապնդելու համար:

19/ Ռուսան ասում է- Ով այս արձանագրությունը ոչնչացնի,

20/ փչացնի……..ով…………..

 21……….թող-ոչնչացնեն նրան Շիվինին ր

22աստվածները ………….

23………….մահվան ուղարկեն»:

Վահրամ Բալայանի «Արցախի պատմություն-Հնադարից մինչեւ մեր օրերը» գրքում (Երեւան, 2002 թ., էջ 32) «Արցախը Վանի թագավորության շրջանում» գլխում նույնպես հիշատակվում է այս արձանագրության մասին. «…Այդ առթիվ Սարդուրի Բ-ն Վարդենիսի Ծովակ գյուղի մոտ հայտնաբերված սեպագիր ժայռափոր արձանագրության մեջ պատմում է, որ ուրարտական զորքը հաղթականորեն անցել էր Սեւանա լճի ողջ արեւմտյան ափի երկայնքով, նվաճել Ուելիքուխի երկիրը եւ, այնուհետեւ, լճի հարավ-արեւմտյան ափին հաղթանակ տարել Տուլիխու, իսկ հարավային ափին՝ Արկուկինի երկրի նկատմամբ՝ հասնելով մինչեւ Ուրտեխինի։ Սեւանի ափին, Ծովինար գյուղում հայտնաբերված մեկ այլ արձանագրություն վկայում է, որ Սարդուրին նվաճել է 23 թագավորություններ, որոնց շարքում հիշատակվում են՝ Ադախունին, Ուելիկուխին, Լուերուխին, Արկուկինին։ Բ. Պիոտրովսկին կարծում է, որ Ուելիկուխի աշխարհն զբաղեցրել է Սեւանի արեւմտյան ափը, իսկ Ադախունին՝ հարավային ափի արեւելյան մասը։ Հետեւապես, Սարդուրին Սեւանի հարավային ափով շարժվել է դեպի արեւելք. «Լճի կողմից բնական ոչ մի արգելք չկա՝ շարժվելու համար դեպի արեւելք, ընդհուպ մինչեւ Լեռնային Ղարաբաղ, որը կապված է եղել Հայաստանի հետ»։ Որ «Ուրտեխեն» կամ «Ադախունին» նույն Արցախն է, վկայում են նաեւ Սարդուրի Բ-ի նույն արձանագրության մեջ հիշատակվող Արցախի գավառների, բնակավայրերի եւ գետերի՝ Հարճլանք, Պարծկանք, Պիանք, Գիշի, Տրտու, Կտրական անունները։ Սարդուրի Բ-ի կողմից Գանձադռան տարեգրության հատվածներից մեկում Ք. ա. 741 թ. տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ եւ Ռուսա Ա-ի՝ Ծովինարի ժայռափոր արձանագրության մեջ հիշատակված է Ադախունի տեղանունը։ Ադախ տեղանունը հիշատակված է նաեւ հետագա ժամանակների հայկական աղբյուրներում»։

Նույն օրը բարձրացանք նաեւ այս արձանագրության մոտակա հնավայր՝ Թեյշեբաինի ամրոցը, որը կառուցվել է Ք. ա. 1-ին հազարամյակում։ Հնավայրը Ծովինար եւ Արծվանիստ գյուղերի միջեւ գտնվող մի բարձրավանդակի վրա է, որտեղից երեւում է Սեւանա լճի մի ամբողջ հատված։ Արեւելյան կողմում բավականին թեք լանջ է, որի վերին մասում պարիսպներ են եղել։ Արեւմտյան կողմում նույնպես պարիսպներով է բարձրավանդակն ամրացվել։ Միայն հարավային կողմում է, որ բարձրավանդակը միանում է Վարդենիսի լեռների ստորոտներին։ Մոտ 10 տարի առաջ այս հնավայրում պեղումներ է կատարել հայ-իտալական արշավախումբը։ Մասնակցել են հնագետ Աշոտ Փիլիպոսյանը եւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ, Օձաբերդի հայ-իտալական արշավախմբի համաղեկավար Միքայել Բադալյանը։

ԿիսվելTweetԿիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Նուրբ հզորության ելեւէջները

Նուրբ հզորության ելեւէջները

Մարտի 28, 2023
Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Մարտի 24, 2023

Հպարտ ենք ձեզնով

«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

Հոբելյանական հուշապատում

Վաստակաբեռն բանաստեղծի նոր նվաճումը

Հայրավանք. երեկ եւ այսօր

Հաջորդ Հոդվածը
«Չե՛ս փախչի, արյունարբո՛ւ, քո խղճին իմ ժողովրդի արյունն է…»

«Չե՛ս փախչի, արյունարբո՛ւ, քո խղճին իմ ժողովրդի արյունն է…»

Անձնիշխանության խռովքի տրամաբանությամբ

Անձնիշխանության խռովքի տրամաբանությամբ

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    72 Կիսվել են
    Կիսվել 29 Tweet 18

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist