«ՀՀ»-ի զրուցակիցները տնտեսագետ, կառավարման փորձագետ, տ. գ. թ., դոցենտ Կարեն Սարգսյանն ու տնտեսագիտության թեկնածու, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող Համազասպ Գալստյանն են։
Ըստ Կարեն Սարգսյանի՝ «շատ հստակ է՝ ինչ պետք է անել. ռազմարդյունաբերությունը պետք է դառնա մեր տնտեսության առանցքային ոլորտը»։ Ցանկացած պետության գոյության եւ ազգի բարօրության կարեւոր նախապայման է վերջինիս քաղաքական անկախությունը: 1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր մեր երկրի տնտեսությունն անցել է բավական վայրիվերումների միջով։ Պլանային կացութաձեւից հետո շուկայական տնտեսակարգի արմատավորումը, ինչպես եւ այլ հետխորհրդային երկրներում, բավական ցավոտ դրսեւորումներ ունեցավ մեզ մոտ, եւ եթե հաշվի առնենք նաեւ այն, որ հենց այդ ժամանակահատվածը համընկավ Արցախյան առաջին պատերազմի ընթացքի հետ, ապա պատկերն առավել քան ակներեւ է։ Նոր անկախացած եւ կաթվածահար տնտեսություն ունեցող երկիրը ներքաշվել էր երկարատեւ պատերազմի մեջ, ինչն ուղեկցվեց գրեթե տոտալ շրջափակմամբ, ինչն էլ իր դրոշմակնիքը թողեց թե այդ ժամանակահատվածի եւ թե հետագա տարիների տնտեսական զարգացումների վրա։ Բացի այդ, շուկայական տնտեսության կայացմանն ուղղված տնտեսական բարեփոխումները չուղեկցվեցին կապիտալի գործուն շուկայի ձեւավորմամբ՝ համապատասխան ենթակառուցվածքներով, չգործադրվեցին արտաքին ներդրումների ներգրավման հնարավորությունները։ Մարդկային կապիտալը եւս զերծ չմնաց բացասական ազդեցություններից։ Հայաստանը, որը խորհրդային ժամանակաշրջանում ունեցել է մեծ գիտական ներուժ, չնպաստեց վերջինիս ոչ միայն զարգացմանը, այլեւ պահպանմանը։ Հետեւանքը՝ բազմաթիվ մասնագետներ լքեցին երկիրը, իսկ առկա սոցիալ-տնտեսական մարտահրավերների ֆոնին կրթությունը մղվեց երկրորդային պլան։ Հետագա տարիներին Հայաստանում չձեւավորվեցին տնտեսական աճի ապահովման կայուն մեխանիզմներ, իսկ առանձին տարիներին տնտեսական աճի ապահովումը պայմանավորված է եղել հիմնականում արտաքին ազդակներով եւ տնտեսության ոչ արտահանելի հատվածի խթանմամբ: Թերեւս, նաեւ սա էր պատճառը, որ 2008 թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ Հայաստանի տնտեսության մեջ խոր անկում արձանագրվեց, եւ հետագայում էլ, երբ ճգնաժամի ազդեցությունները հաղթահարվեցին, տնտեսական աճի նախաճգնաժամյան տեմպերն այդպես էլ չվերականգնվեցին։
«Ի տարբերություն անկախացած այլ երկրների՝ Հայաստանի համար տարածաշրջանային առանձնահատկություններից եւ հարեւան երկրի հետ ունեցած հակամարտությունից առաջնային էր համարվում անվտանգային խնդրի առաջնահերթ լուծումը՝ դրանից ածանցելով տնտեսական համապատասխան մոդելի ձեւավորումը: Սակայն,-շարունակեց Կարեն Սարգսյանը,- Արցախյան վերջին պատերազմի արդյունքները փաստացի ի ցույց դրեցին տնտեսական մոդելի անարդյունավետությունը։ Այլ կերպ՝ եթե ունենայինք մրցունակ տնտեսություն եւ հզոր ռազմարդյունաբերական համալիր, ապա բոլորովին այլ իրավիճակում կլինեինք։ Ակնհայտ է, որ նախ՝ երկրի զարգացման համար այն պետք է ռազմական առումով հնարավորինս անխոցելի լինի։ Ժամանակակից զենքերի արտադրության համար Հայաստանում կան պոտենցիալ մեծ հնարավորություններ, այդ թվում՝ մարդկային կապիտալ: Ռազմարդյունաբերությունը պետք է դառնա մեր տնտեսության առանցքային ոլորտը, եւ վստահ եմ, որ ունենք դրա համար անհրաժեշտ ներուժը, պարզապես դա կյանքի կոչելու համար անհրաժեշտ է պետական հստակ քաղաքականություն եւ ռազմավարություն որդեգրել»:
Այսպիսով՝ Կ. Սարգսյանի համոզմամբ՝ կարող են լուծվել ինչպես մեր երկրի անվտանգության խնդիրները, այնպես էլ կապահովվեն տնտեսության դիվերսիֆիկացումը եւ առաջանցիկ զարգացումը։ Տնտեսությունն իր ամբողջ ռեսուրսներով պետք է ծառայի մեր անվտանգության ապահովմանը ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ոլորտներում: «Առհասարակ մակրոմակարդակում պետք է ապահովենք տնտեսական անվտանգության այնպիսի մակարդակ, երբ գործնականում կապահովվեն մեր երկրի տնտեսության կայուն զարգացման գործընթացը եւ հասարակության սոցիալ-տնտեսական կայունությունը՝ անկախ արտաքին գործոնների առկայությունից եւ ազդեցությունից»,- եզրափակեց մասնագետը:
Հայրենիքի հզորացման համար պետք է հավաքենք հոգով առողջներին
Համազասպ Գալստյանի՝ այսօր «ի՞նչ անել»-ի պատասխանը պատերազմին պատրաստ լինելն է. անկախության երեք տասնամյակներն արդեն պատմություն են, եւ այդ պատմության ամեն տասնամյակում Արցախին ու Հայաստանին ուղեկցել է հարեւան երկրի հետ հակամարտությունը, հաջորդաբար տաք պատերազմական փուլից անցնելով սողացողի ու սառի։ Ցանկացած պետության համար, իհարկե, կարեւոր է հարեւանների հետ խաղաղ գոյակցության սկզբունքի պահպանումը, սակայն, միաժամանակ, հատկապես երբ դիմացինդ որեւէ կերպ չի արձագանքում այդ սկզբունքի պահպանմանը, այլ ընդհակառակը՝ բարձրաձայնում ու հոխորտում է իր անիրատես հավակնությունների մասին, ոտնահարելով ցանկացած միջազգային նորմ, հասկանալի է դառնում, որ այդ բաղձալի խաղաղության քարոզը չի կարող լինել ինքնանպատակ։ Այս դեպքում, ըստ Հ. Գալստյանի, աշխատում է մարդկության պատմության հիմնարար սկզբունքներից մեկը՝ խաղաղություն ցանկացողը միշտ պիտի պատրաստ լինի պատերազմի. «Հետեւաբար, խաղաղության ձգտման մեր ճանապարհը, ըստ իս, անցնում է մոբիլիզացիոն տնտեսության եւ արդիական զինանոց ունեցող, Ոգով ամուր Զինված ուժերի համատեղ կառուցած «վերահսկելի միջանցքով»։ Մոբիլիզացիոն տնտեսությունն այն տնտեսությունն է, որի ռեսուրսները կենտրոնացված օգտագործվում են երկրի՝ Հայաստանի, Արցախի եւ այնտեղ ապրող մարդկանց գոյությանը սպառնացող վտանգներին դիմակայելու համար՝ որպես մեկ միասնական ու ամբողջական կուռ համակարգ: Ասել է թե, մեր անկախ պետության պարագայում խաղաղության գաղափարի իրականացումը, որը փուլային է իր էությամբ, նախ ենթադրում է տնտեսության հզորացում եւ ռազմարդյունաբերական համակարգի անխափան ու արդյունավետ համագործակցություն հիմնական շահառուի՝ Հայոց բանակի հետ»։
Ըստ մեր զրուցակցի՝ մոբիլիզացիոն տնտեսության եւ ռազմարդյունաբերության երկարաժամկետ պլանավորումը պարտադիր ենթադրում է հիմնական եւ օժանդակ ուղղությունների տարանջատում ու քայլերի հերթականություն՝ ըստ այդ գերակայությունների։ Եթե երկրի տնտեսական ռեսուրսները սահմանափակ են, ապա ցանկացած ենթադրելի խոշոր ռազմական գործողության դիմակայությանը նախապատրաստվելիս անհրաժեշտ է հաշվարկել սեփական ուժերն ու միջոցները եւ ապա՝ սպասվելիք ներարկումները, լինի դա արդիական զինամթերքի, թե տեխնոլոգիաների ձեռքբերման տեսքով։ Միաժամանակ այս գործընթացի արդյունավետությունն ուղղակիորեն կախված է զինված ուժերի բարձրագույն հրամանատարության որոշումների եւ մոբիլիզացիոն տնտեսության հիմնական ու գերակա ուղղությունների ամբողջական համընկնման քաղաքականությունից։ Չարակամ հարեւանի հետ վերջին տարիների պատերազմներն ու տարաբնույթ բախումներն ինքնին թելադրում են այն գերակա ուղղությունները, որոնց վրա անհրաժեշտ է մոբիլիզացնել մեր տնտեսական ու մարդկային ռեսուրսը։ «Արդեն տեսանելի է,- շեշտեց Հ. Գալստյանը,- որ Հայոց բանակում, մասնավորապես հակաօդային պաշտպանության եւ անօդաչու թռչող սարքերի առումով ասիճանական բարելավման ձեւն այլեւս ժամանակավրեպ է, ու այստեղ անհրաժեշտ է ուղղակի թռիչքային զարգացում։ Այսինքն՝ արդեն կա կոնկրետ ուղղություն եւ առաջին հերթին պետք է աշխատել հենց ա՛յդ ուղղությամբ՝ չարակամի համար անանցանելի եւ պաշտպանված դարձնելով Հայաստանի ու Արցախի օդային տարածքը։ Իհարկե, անհրաժեշտ է գիտակցել, որ տնտեսության եւ բանակի փոխշաղկապման մեր նպատակային գործընթացը պետք է իրականացվի ներկայիս աշխարհաքաղաքական միտումների եւ համաշխարհային տնտեսության վայրիվերումների ծանր մամլիչի տակ, եւ որ այն իրագործելու ճանապարհին մենք բախվելու ենք բազմաթիվ արգելապատերի։ Սակայն սա անվտանգության եւ հզորանալու հիմնական ճանապարհն է եւ միեւնույնն է, պիտի իրականացվի ամեն գնով։ Հապաղումը թանկ է նստելու մեզ վրա։ Ներկայիս աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային մարտահրավերների փնջին դիմակայելու եւ չարակամ հարեւանների ախորժակը զսպելու համար Հայաստանը պետք է հարստանա, իսկ դա հնարավոր է միայն տնտեսության ու հատկապես նրա արդյունաբերական հատվածի արագ զարգացման միջոցով՝ որպես հիմնական գործիք օգտագործելով բարձր տեխնոլոգիաների արդի ողջ ներկապնակը։ Դրա իրականացման համար նախ հարկ է աչքի լույսի պես պահել մեր ունակ աշխատուժը եւ որեւէ կերպ չթողնել, որ նրա որակյալ հատվածն իր արժանավայել աշխատանքը փնտրի երկրի սահմաններից դուրս»։
Ուստի՝ որո՞նք են առաջադրանքները։ Համազասպ Գալստյանի ձեւակերպմամբ՝ 1. պիտի ապավինենք հիմնականում մեր ուժին, բայց միաժամանակ սակարկենք այն ամենի շուրջ, ինչ հնարավոր է ստանալ դրսից: Արտաքին կախվածության սանդղակը, հատկապես մոբիլիզացիոն տնտեսության ու ռազմարդյունաբերական ոլորտների զարգացման առումով, պետք է լինի սթափ չափելի-հաշվարկված, իսկ անվտանգային առումով շահեկան նախ մեզ համար։ 2. Առաջադեմ տեխնոլոգիաներով ուժեղ մրցունակ արդյունաբերությունը մոբիլիզացիոն սկզբունքի կիրառմամբ պետք է ներքին «արյունատար անոթներով» կապված լինի բանակի հետ եւ անխափան սնուցվի ամբողջ շղթայով։ 3. Ամենակարեւորներից մեկը՝ այս օրհասական պայմաններում պետք է մեկընդմիշտ վերջ տալ «օֆշորային արիստոկրատիայի» ձեւավորման վտանգավոր գործընթացին՝ դրանով իսկ փակելով ազգային հարստությունն այլ «խաղացողների» հետ դրսում համատեղ վայելելու ազգադավ քաղաքականության ամոթալի էջը։ 4. Հաշվի առնելով այն, որ մեր ոչ բոլոր «գործընկերները» կուրախանան նման ծրագրերի իրականացման հեռանկարով, «արյունատար անոթների» համակարգին անհրաժեշտ է միացնել նաեւ մեր դիվանագիտական բանակը՝ որպես արտաքին ճնշումների շանթարգել։ 5. Այս բարդ ժամանակներում եւ անհավանական խառնված խաղաքարտերով տարածաշրջանում, ելնելով ստեղծված իրավիճակից, պետք է եւս մեկ անգամ հատ-հատ գույքագրել սահմանակից ու նաեւ մեր տարածքով անցնող տնտեսական խոշոր մայրուղիների վրա տեղակայված երկրների, հարեւանի, բարեկամի, չարակամի հավակնություններն ու դրանց իրագործման հնարավորությունները՝ փորձելով շահեկան միանալ նաեւ նոր տնտեսական ու ռազմաքաղաքական միավորների, որոնք այսպես թե այնպես առաջանալու են տարածաշրջանային նոր իրողություններում։
«Մեջքներս պիտի ուղղենք,- շեշտադրեց մեր զրուցակիցը,- անկախ նոր պատուհասած փորձությունից եւ Հայրենիքի հզորացման ու առաջընթացի համար պետք է հավաքենք հոգով առողջներին, հետ բերենք շփոթվածներին, շահագրգռենք անտարբերներին եւ վանենք օտարամոլներին։ Պետք է օր առաջ դնել մոբիլիզացիոն տնտեսության հիմնաքարը, որը հզոր բանակի անհրաժեշտ պայմանն է։ Թերապեւտիկ միջոցներով տնտեսական քաղաքականության վարումը շատ թանկ կարող է նստել մեզ վրա։ Տնտեսական քաղաքականության գործող խաղաղ եւ փափուկ նորմերն ու կանոնները պիտի չեղարկվեն՝ ամբողջությամբ կամ մասնակի։ Փոխարենը պետք է ձեռնարկվեն հրատապ միջոցներ, որոնք ի զորու կլինեն ամբողջապես մոբիլիզացնել երկրի եւ սփյուռքի ներուժն ու ռեսուրսները՝ արագ ու թռիչքաձեւ հաջողության հասնելու համար։ Դանդաղ մտածելու եւ գործելու ժամանակներն արդեն անցյալում են»։