Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացում, խոշորացված համայնքների տնտեսական ենթակառուցվածքների բարելավման կարողություն, Կապսի ջրամբարի շինարարություն… Կառավարության երեկվա նիստում այս ամենին վերաբերող չզեկուցվող հարց կար. խոսքը 2022 թ. պետբյուջեի մասին օրենքում վերաբաշխումների ու լրացումների եւ 2021 թ. դեկտեմբերի 23-ի որոշումում փոփոխությունների մասին է։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, պայմանավորված է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից իրականացվող մի շարք վարկային ծրագրերի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով եւ, մասնավորապես, Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրի 2022 թ. բյուջետային ֆինանսավորման հայտով ներկայացված ցուցանիշների համեմատ 2022 թ. պետբյուջեի օրենքով հաստատված բյուջետային հատկացումների կրճատմամբ:
Բանն այն է, որ, դարձյալ ըստ ՏԿԵՆ-ի, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրի շրջանակներում ՀՀ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումն օժանդակում է Աղետների ռիսկի նվազեցման ազգային ծրագրի իրականացմանը՝ բարելավելով դպրոցների սեյսմիկ անվտանգությունը։ Եվ այս ծրագրի 2022 թ. ֆինանսավորման հայտը նվազեցվել էր 1.5 մլրդ դրամով։ Դրա հետեւանքով ծրագրի տարեկան բյուջեով 4-րդ եռամսյակում շինաշխատանքների համար գումար չի նախատեսվել, իսկ 9 ամսվա գումարը բավարար չէ վճարումներն ամբողջությամբ անելու համար։ Հիմա ծրագրի շրջանակներում կան գործող 23 շինարարական պայմանագրեր, եւ «բոլորը ակտիվ իրականացման փուլում են» (տեղեկությունը ՏԿԵՆ-ինն է): Այս պայմանագրերով նախատեսված վճարումների եւ ծրագրի սահուն ընթացքն ապահովելու համար ծրագրին անհրաժեշտ է լրացուցիչ 1.915 մլն դրամ: Իսկ վարկային միջոցների մասով լրացուցիչ շուրջ 450.0 մլն դրամը նախատեսվում է զուտ գանձապետական Client-Treasury համակարգում 2022 թ. պետբյուջեի հաշվարկի հիմքում դրված եւ տարեսկզբից ցայժմ փաստացի գործարքների համար ՀՀ ԿԲ հաստատած արտարժութային փոխարժեքների զգալի տարբերություններով առաջացած արտարժույթային դեֆիցիտը ծածկելու համար:
Մեկ այլ ծրագրի՝ «Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրացված կառավարում ծրագրի խորհրդատվության եւ կառավարման» մասով։ Սրա շրջանակներում հիմնականում նախատեսված են վճարումներ, որոնք Կապսի ջրամբարի շինարարության խորհրդատուների եւ միջազգային փորձագետների մատուցած ծառայությունների դիմաց են։ Վարկային միջոցներից վճարման ենթակա գումարների վճարումներն իրականացվում են Վերակառուցման վարկերի բանկի կողմից՝ ուղիղ վճարումների մեթոդով։ Եվ քանի որ խորհրդատվական մի պայմանագրի ժամկետները ձգվել են, մեկ այլ պայմանագրի շրջանակներում էլ կանխավճարի պահ կա, նաեւ նախորդ տարվանից կուտակված եւ շինարարական պայմանագրի մրցութային գործընթացի ժամանակատարությամբ պայմանավորված հետաձգված վճարումներ կան, 2022 թ. պետբյուջեում միջծրագրային եւ միջհոդվածային վերաբաշխումների անհրաժեշտություն է առաջացել։
Մյուս ծրագրի՝ «Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման ծրագրի շրջանակներում ջրային տնտեսության ենթակառուցվածքների հիմնանորոգման» շրջանակներում նախատեսվում է Կապսի ջրամբարի եւ ինքնահոս համակարգի կառուցում։ Ընթացքում է «Կապսի ջրամբարի եւ օժանդակ կառուցվածքների կառուցում» շինարարական աշխատանքների ձեռք բերման մրցութային գործընթացի՝ գնառաջարկի գնահատման փուլը։ Շինարարական պայմանագիրը նախատեսվում է կնքել սեպտեմբեր-հոկտեմբերին։ Պայմանագրի շրջանակներում 2022 թ. կվճարվի միայն նախատեսված կանխավճարի գումարը։ «Հաշվի առնելով շինարարության նախապատրաստական աշխատանքների ծավալը եւ տարեվերջի եղանակային պայմանները Շիրակի մարզում՝ 2022 թ. նախատեսված որոշ աշխատանքներ չեն կատարվի, եւ այդ մասով պետբյուջեում առկա միջոցները հնարավոր է վերաբաշխել այլ միջոցառումների»,- պարզաբանում է ՏԿԵ նախարարությունը։
«Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր, Տրանշ 2» միջոցառման շրջանակներում 2022 թ. նախատեսված էր կնքել 2 պայմանագիր: Մրցութային գործընթացը հաշվի առնելով` ՏԿԵՆ-ն առաջարկում է պայմանագրերից մեկի ամփոփումը հաջորդ տարի անել եւ այդ ժամանակ էլ տալ կանխավճարը։
Արդյո՞ք այս վերաբաշխումներն ինքնին դարձյալ հետաձգումներ չեն ենթադրի։ Ըստ ՏԿԵՆ-ի, ակնկալիքը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող վարկային ծրագրերի բնականոն ընթացքն ապահովելն է եւ 2022 թ. պետբյուջեում նախատեսված ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը։