Իկեբանա, ծաղկեփնջեր կազմելու ճապոնական արվեստ։ Սկիզբ է առնում Ճապոնիայում բուդդայականության տարածման ժամանակներից։
Իկեբանան՝ ճապոնական ծաղկահարդարման արվեստը, աշխարհում մեծ մասսայականություն է վայելում։ Այն բնությանն անմիջապես մերձենալու ունակությամբ կամուրջ է մարդ-բնություն հաղորդակցման մեջ եւ այդքանով գրավել է միլիոնավոր մարդկանց։ Սովորաբար իկեբանայի արվեստն իր եվրոպական իմաստային տարբերակով ընկալվում է որպես «ծաղկահարդարման ճապոնական արվեստ»։ Իրենք՝ ճապոնացիները գտնում են, որ իկեբանան ծաղիկների բնական հատկությունները ի հայտ բերելուն, ցուցադրելուն օգնող արվեստ է։ Ընդունված է իկեբանան բաժանել երեք մեծ խմբերի՝ ծիսակատարությունների, հանգստի ու ուրախության եւ հարդարանքի կամ դեկորատիվ իկեբանա։ Այդ երեք խմբերից, թերեւս, հնագույնը՝ ծիսակատարությունների իկեբանան, ըստ իր նշանակության տարբերվում է մի քանի ձեւերի՝ շնորհավորանքի ծիսակատարության իկեբանա, թեյի ծիսակատարության իկեբանա՝ հաբանա, եւ այլն։ Ըստ ճապոնացի նկարիչների, բուսական աշխարհի գծապատկերների անսահման գեղեցկություններն իրենց արտահայտությունն են գտնում իկեբանա արվեստում։ Դա ծաղկահարդարման կամ ծաղկեփունջ կազմելու արվեստ է, բայց ոչ սովորական հասկացությամբ, այլ ծաղիկներից, տերեւներից, ճյուղերից եւ այլ դեկորատիվ նյութերից կոմպոզիցիաներ ստեղծելու արվեստ։ Իկեբանան ունի 800 տարվա պատմություն։ Այն ստեղծվել է Բուդդայի տաճարում հոգեւորականների կողմից։
Ըստ ավանդույթի, ճապոնուհիները ամուսնության դաշինք չեն կարող կնքել առանց կարուձեւի, խոհարարության եւ իկեբանայի արվեստն իմանալու։ Դեռեւս 7 տարեկան հասակից ճապոնացի աղջիկներին ուսուցանում են ծաղիկներից կոմպոզիցիաներ ստեղծելու արվեստը, միաժամանակ երեխաների մեջ դաստիարակում ներդաշնակության եւ կատարելության զգացում։ Յուրաքանչյուր կին Ճապոնիայում ինչ-որ չափով տիրապետում է այդ արվեստին։ Իկեբանան իգական դպրոցներում եւ քոլեջներում համարվում է հիմնական եւ պարտադիր առարկա։ Մասնագետներ դառնալու համար ուսանում են 3 տարի եւ 10 ամիս, որի ընթացքում ծանոթանում են գեղանկարչության, ծաղիկների բուրմունքի, գույների, երանգների եւ բույսերի կազմաբանության հետ։ Ամեն տարի Տոկիոյում հայտարարվում են իկեբանայի մրցույթներ։