Մեր ժողովուրդը դարեր շարունակ մարտնչել է թշնամու դեմ, պայքարել հանուն իր երկրի, ազատության։ Նույն վիճակն է նաեւ այսօր, եւ՝ առավել ծանր։ Գնալով փոքրանում է մեր երկիրը, եւ այն պահպանող միակ ուժը հայ ժողովուրդն է՝ իր բանակով։ Իսկ բանակն առանց ժողովրդի աջակցության քիչ բան կարող է անել։ Չնայած վերջին մի քանի տարիների ընթացքում տեսանք, թե ինչքան հզոր է հայ 18-20-ամյա զինվորն առաջնագծում։
Նույն՝ վերջին պատերազմներն ստիպել են, որ երկրում կազմավորվեն ռազմամարզական կառույցներ, հասարակական կազմակերպություններ, որոնք կաշխատեն բնակչության հետ, կպատրաստեն պայքարելու, երկիրն ու իրենց անձը պաշտպանելու համար զինվորագրված մարտիկներ։ Այս կառույցներից թերեւս առանձնանում է ՈՄԱ-ն՝ «Ողջ մնալու արվեստ» անունը կրող ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որը հիմնադրվել է 2014 թ.։ Նախագահն է առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարդանովը, ով արդեն ճանաչված է մեր ժողովրդի կողմից եւ մեծ հավատ է ներշնչում։ ՈՄԱ-ի նպատակն է՝ մեր երկրում ստեղծել ավելի մարտունակ բնակչություն։ Կազմակերպության առաջնային գաղափարն է՝ Հայաստանից եւ սփյուռքից պահեստազորի, նորակոչիկների եւ կամավորների պատրաստումը կօգնի ստեղծել ավելի հզոր պետություն եւ կդառնա իրական պահեստային բանակ։ Այս գաղափարին հավատարիմ՝ կազմակերպությունն իրականացնում է մի շարք ոլորտներ ընդգրկող դասընթացներ 16 տարեկանից բարձր անձանց համար։ Ըստ ՈՄԱ-ի հայեցակարգի՝ Հայաստանի յուրաքանչյուր շրջան պետք է լինի ինքնապաշտպանունակ։ Կարեւորվում են երկրի ռազմական արդյունաբերությունն ու բանակի տեխնոլոգիականությունը, դպրոցականներին զինվորական ծառայության նախապատրաստումը, աղջիկների ռազմական կրթության ապահովումը։ 2020 թ. պատերազմը, վերջին ռազմական իրադարձությունները սահմանին առավել են ծանրաբեռնել ՈՄԱ-ի գործունեությունը, եւ այս օրերին հարյուրավոր կամավորներ, անկախ սեռից, ներգրավված են այս կառույցում՝ պատրաստվելու անհրաժեշտության դեպքում առաջնագիծ մեկնելու։
ՈՄԱ-ի կենտրոնում զրուցեցի կառույցի ներկայացուցիչների եւ կամավորականների հետ, ծանոթացա կատարվող աշխատանքներին։ Համակարգող կազմի անդամ, «ՄշակութաMET» նախաձեռնության համահիմնադիր, երաժիշտ Ջեմմա Մանուկյանը նոր կամավորների հետ էր զրուցում, ներկայացնում ՈՄԱ-ի ծրագիրը։ Նորեկները համաձայնեցին ներկայանալ նոր փուլի մարզումներին։ Ջ. Մանուկյանը տեղեկացրեց, որ խաղաղ ժամանակներում ՈՄԱ-ի դասընթացները լինում են եռամսյա եւ վեցամսյա, իսկ նման ժամանակներում, ինչպես այժմ է, երբ հարաբերական է անդորրը, կառույցը կազմակերպում է արագընթաց՝ 10-օրյա դասընթացներ, որում ընդգրկված են հիմնականում տակտիկական, կրակային վարժանքներ, առաջին բուժօգնություն, երբեմն՝ ալպինիզմ։ Ջ. Մանուկյանը հավելեց, որ կրակային պատրաստության վարժանքներն իրականացնում են «Ազատազէն» կառույցի հետ համագործակցելով։ Սեպտեմբերի 25-ին սկսվել է 10-օրյա վարժանքների երկրորդ փուլը, սակայն նույն օրվա ընթացքում, դրանից առաջ շատերն են դիմել՝ մասնակցելու վարժանքներին, եւ գրեթե կազմավորվել է երրորդ խումբը։ Ջ. Մանուկյանը նշեց, որ այժմ ավելի շատ կանայք են դիմում՝ մասնակցելու վարժանքներին։ Հավելեց նաեւ՝ գրեթե բոլոր դիմողները սիրով են մասնակցում մարզումներին, ենթարկվում կանոնակարգին։
«Մենք պետք է հասնենք նրան, որ ազգը բանակ դառնա։ Ազգ-բանակ համագործակցությունը մեր ողջ մնալու միակ գրավականն է։ Ստեղծված պայմաններում պետք է գիտակցենք եւ բոլորս մտածենք հայրենիքի մասին, հակառակ դեպքում՝ անձնականը կդառնա անիմաստ։ Մեր հավատը, ինքնությունը, ազգայինը, մշակույթը պետք է պահպանենք»,- ասաց Ջ. Մանուկյանը։ Կարեւորեց նաեւ այն, որ այստեղ մասնակցելով դասընթացներին՝ անհրաժեշտության դեպքում առաջնագիծ մեկնողներն արդեն կարող են զենք օգտագործել, բացի այդ՝ արդեն միմյանց ծանոթ, կարող են իրար թիկունք ու պաշտպան լինել։ Սա էլ ողջ մնալու կարեւոր պայմաններից է։ Տեղեկացրեց նաեւ, որ այս պահին էլ ՈՄԱ-ի ջոկատներից կան առաջնագծում եւ թիկունք են ժամկետային ու պայմանագրային զինծառայողներին։ Կամավորական Սուսաննա Մանասերյանը, ով նույնպես «ՄշակութաMET» նախաձեռնության անդամ է, երաժիշտ, ասաց, որ արդեն 10 օր է՝ համագործակցում է ՈՄԱ-ի հետ եւ կշարունակի պատրաստ լինել ռազմական գործին։ Ուրախությամբ նշեց, որ 10 օրվա ընթացքում արդեն տակտիկապես պատրաստ է, սովորել է կրակել։ Ցանկանում է նաեւ մասնակցել եռամսյա պարապմունքներին, երբ սկսվեն։ Այն հարցին՝ կա՞ անհրաժեշտություն, որ կանայք մասնակցեն ռազմական գործին, Ս. Մանասերյանը պատասխանեց՝ օրվա հրամայականն է լինել պատրաստ, ստանալ զինվորական գիտելիք։
Կամավորական տղաներից ոմանք դժգոհ են, որ համեմատաբար քիչ տղաներ են մասնակցում մարզումներին։ Չպետք է մոռանանք թե ինչի առջեւ ենք կանգնած։ Կամավորական Արմեն Քերամյանը տարիներ առաջ Ռուսաստանից վերադարձել եւ բնակություն էր հաստատել Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում։ Զբաղվում եր գյուղատնտեսությամբ։ Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրվանից առաջնագծում էր։ Այլեւս չկարողացավ վերադառնալ իր տուն, որտեղ թողել էր ունեցվածքը։ Թշնամին 2020 թ. հոկտեմբերի կեսերին գրավեց Կովսականը։ Այժմ պատրաստ է անհրաժեշտության դեպքում առաջնագիծ մեկնել՝ չնայած արդեն 50-ն անց տարիքում է։ Մինչ Երեւան գալը Վեդիում է մասնակցել ՈՄԱ-ի եռամսյա մարզումներին։ Գտնում է, որ մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի ինքնապաշտպանության, ազատագրի կորցրած հայրենիքը։ Ընթացքում ներկա եղա ֆիզիկական պատրաստության վարժանքների, որոնց մասնակցում էին նաեւ անմահ հերոսների մայրեր, հարազատներ։ Հրահանգիչը տեղեկացրեց, որ այս վարժանքներն անցկացնում են շաբաթը 2 անգամ եւ պարապում են ազատ օրերին։ 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած Արայիկ Աշոտի Բաղդասարյանի մայրը՝ Գոհար Դավթյանը, ասաց, որ 1996 թ. ծնված որդին ծառայել է Քարվաճառում որպես գնդացրորդ, մասնակցել ապրիլյան պատերազմին, տուն եկել։ 2020 թ. սեպտեմբերի 28-ին կամավոր մեկնել է Արցախ։ Կռվել է Ջրականում, վերջին անգամ կապ են հաստատել հոկտեմբերի 3-ին, եւ մինչ օրս նրա մասին տեղեկություն չկա։ Ժամկետային զինծառայող Կարապետ Մկրտչի Բուռնազյանը նահատակվել է Վարանդայում։ Հուղարկավորված է Եռաբլուրում։ Նույն Վարանդայում է նահատակվել նաեւ ժամկետային զինծառայող Խորեն Արամի Հաջաթյանը, ով ծառայում էր «Մարտունի 2»-ում։ Հուղարկավորված է Նուբարաշենի «Արին-Բերդ» հանգստարանում։ Էրիկ Էդուարդի Եղիազարյանը նույնպես եղել է ժամկետային զինծառայող, նահատակվել է Ջրականում, հանգչում է Եռաբլուրում։ Որդիների կորստյան ցավը միավորել է հերոսածին մայրերին՝ Անահիտ Պատատյանին, Ասյա Սահակյանին եւ Անուշ Սահակյանին։ Այն հարցին, թե որն է մայրերի՝ մարտական վարժանքներին մասնակցելու նպատակը, ասացին՝ պատրաստ լինենք ինքնապաշտպանության եւ ամենակարեւորը՝ վրեժի…
Մարզումներին հետեւում էր նաեւ Խորեն Հաջաթյանի 13-ամյա եղբայրը՝ Վանը։ Ասաց, որ դպրոցում լավ է սովորում, ցանկանում է լավ մասնագետ դառնալ։ Հպարտ է, որ հերոսի պես է կռվել ու զոհվել եղբայրը։ Առաջին հետախուզադիվերսիոն խմբի մասին գիտեմ Արցախյան առաջին պատերազմից։ Վովա Վարդանովի հրամանատարությամբ գործող այս խմբի տղաներին հանդիպել եմ Բերդաձորում 1990 թ. նոյեմբերին։ Ամսի 21-ին Լաչինի շրջանի Աղանուս գյուղից թշնամին հարձակվեց Բերդաձորի Հին շեն գյուղի վրա։ Այս մարտում հերոսաբար զոհվեցին խմբի մարտիկ Վաղինակ Զաքարյանը եւ նույն գյուղի բնակիչ Սամվելը։ Տարիներ հետո նրանց նահատակվելու վայրում խաչքար բացվեց, որին ներկա էին նաեւ Վաղինակի հարազատները, մարտական ընկերները։ 44-օրյա պատերազմի ընթացքում այդ տարածքն էլ անցավ թշնամու տիրապետության տակ։ Եվ այսօր ժամանակն է՝ ազգովի բանակ դառնալ, պաշտպանել երկիրն ու ազատագրել կորցրածը։