«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Դեմ առ դեմ» խորագրի ներքո հյուրընկալել ենք քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովին։
-Մեր տարածաշրջանը կարեւոր հանգույց է աշխարհաքաղաքական թատերաբեմում, առավել եւս ներկայումս տեղի ունեցող վերադասավորումների շրջանում։ Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում այս տարածաշրջանում եւ ինչպես են ազդում Հայաստանի վրա։
-Հարավային Կովկասը մեկ ամբողջական տարածաշրջան դիտարկելու դեպքում որոշ դեպքերում ասում են, որ այն ամբողջական չէ, որովհետեւ տարածաշրջանի մաս կազմող երկրներն ավելի շատ ունեն ոչ թե նմանություններ, այլ տարբերություններ։ Տարբեր են արտաքին քաղաքական նախասիրությունները. Վրաստանը նայում է դեպի եվրաինտեգրացիոն գործընթացներ, Ադրբեջանը՝ թուրքական աշխարհ, Հայաստանը մի պահ փորձում էր փոխլրացնող (կոմպլեմենտար) քաղաքականություն վարել, բայց դիտվում է որպես երկիր, որն ունի սերտ համագործակցություն Ռուսաստանի հետ։ Էթնիկ կազմով պատկանում ենք տարբեր էթնիկ խմբերին, կրոնական առանձնահատկությունների առումով նույնպես կոնֆեսիոնալ հարցերը մեզ բաժանում են, քան միավորում։ Կովկասը կարեւոր միջանցքային հանգույց է, որտեղով այլ դերակատարողների համար նույնպես հյուսիսից հարավ եւ արեւելքից արեւմուտք տարբեր տրանսպորտային ուղիներ են անցնում։ Հնագույն ժամանակներից մինչեւ հիմա այս տարածաշրջանն ունեցել է իր նշանակությունը, ներկայումս կարեւոր են ոչ միայն սովորական միջանցքները, այլեւ էներգակիրների համար ճանապարհները։ Որպես Մեծ Մերձավոր Արեւելքի մի մաս, այն, ինչ տեղի է ունենում այդտեղ, չի կարող չանդրադառնալ մեր տարածաշրջանի վրա։ Մենք դիտվում ենք նաեւ որպես հետխորհրդային տարածաշրջանի մի մաս, եւ Խորհրդային Միության փլուզման հետցնցումները ըստ էության զգում ենք մինչեւ հիմա։
-Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիան իրականացրեց Հայաստանի դեմ։ Մեր երկիրը պաշտոնապես դիմեց ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Հանրության շրջանում բավականին մեծ սպասելիքներ կային Ռուսաստանից եւ ՀԱՊԿ-ից, մասնավորապես ռազմական օգնություն ստանալու առումով, սակայն կարծես թե այդ մասով սպասելիքները չարդարացան։ Ինչո՞ւ։ Այս իրավիճակում տեսնո՞ւմ եք արդյոք Հայաստանի համար աշխարհաքաղաքական անվտանգային համակարգի փոփոխության անհրաժեշտություն։ Որքանո՞վ եք հիմնավոր համարում նման քայլը։
-Յուրաքանչյուր երկրի անվտանգությունն առաջին հերթին փորձում է ապահովել հենց տվյալ երկիրը, մնացած տարրերը կրում են լրացուցիչ, օժանդակ, անհրաժեշտ, բայց երկրորդական բնույթ։ Բարդ կլիներ պատկերացնել, որ ՀԱՊԿ անդամ պետությունները, հատկապես ղրղզա-տաջիկական բախումների ժամանակ, ռազմական օժանդակություն կցուցաբերեին։ Միաժամանակ չպետք է մոռանանք օժանդակության այլ տեսակների մասին, խոսքը՝ քաղաքական-դիվանագիտական օժանդակության մասին է, որը ցուցաբերվել է՝ փորձելով առավելագույն արագությամբ արձագանքել այն ագրեսիային, որն իրականացրել է Ադրբեջանը։ Այստեղ կան տարբեր շերտեր, մի կողմից՝ մեր տարածաշրջանում իր շահերն ունեցող Ռուսաստանը ներգրավվել է բանակցային գործընթացի մեջ, որն ըստ էության ազդեց ագրեսիայի դադարեցմանը, մյուս կողմից՝ ՀԱՊԿ-ը դանդաղ, բայց ներկայացրել է սեփական պատվիրակությունը. սեպտեմբերի 20-25-ը Երեւանում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Եղել է նաեւ ավելի գլոբալ արձագանք, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ, որտեղ հնչած արձագանքները հիմնականում համահունչ էին Հայաստանի դիրքորոշմանը։ Չինաստանն ու Հնդկաստանը, որոնք երբեւիցե անմիջականորեն ներգրավված չեն եղել բանակցային գործընթացում, հստակ ցույց են տվել, որ կա ագրեսիա (Հնդկաստան), եւ Արցախի խնդիրը կապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Սա անմիջականորեն հարվածում է Ադրբեջանի դիրքորոշումներին։ Անվտանգության ոլորտում կտրուկ քայլերը տվյալ պարագայում չեն դիտվում որպես առաջնահերթություն։ Եթե խոսում ենք անվտանգային բաղադրիչի մասին, համենայնդեպս այն հիմնարար փաստաթղթերը, որոնք կարգավորում են մեր անվտանգային համակարգը, մեր զինված ուժերից բացի, շեշտադրում են համագործակցումը Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ։ Ռուսական ռազմաբազայի առկայությունը եւ նրանց արձագանքն անմիջապես ռազմական գործողությունից հետո եւս դրա ապացույցներից մեկն են։ Թեեւ անմիջական մասնակցություն չկար, սակայն հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով վերջին տարվա ընթացքում մենք տեսնում ենք ռուսական զինուժի անընդհատ ավելացում, որը նույնպես խոսում է համապատասխան անվտանգային դիրքորոշումների մասին։ Ինչ վերաբերում է փոփոխություններին, ապա կա երկու տարբերակ. մեկը՝ մտնել այլ անվտանգային համակարգի մեջ, իսկ այլընտրանքը տվյալ պարագայում դիտվում է հավաքական արեւմուտքը։ Այստեղ հիմնավոր կասկած ունենք, որ հավաքական արեւմուտքը պատրաստ չէ անմիջականորեն ներգրավված լինել, ինչպես չի արել 2008-ին Վրաստանի պարագայում։ Ուկրաինայի հակամարտության մեջ նեգրավվածությունն այլ է՝ օժանդակում է ռազմական պաշարներով։ Երկրորդ տարբերակը չեզոքություն պահելն է։ Եթե առաջին տարբերակում կասկածներ ունենք ներգրավվածության մասով, ապա երկրորդ տարբերակում՝ կասկածներ կան հարեւանների դիրքորոշումների վերաբերյալ։ Առայժմ ունենք այն տարբերակը, որը գործում էր վերջին տասնամյակների ընթացքում։ Եթե կա ավելի լավ տարբերակ, կարելի է եւ դիտարկել։
-Նշեցիք, որ ռուսական ռազմաբազան իր դերակատարությունն այնուամենայնիվ ունեցել է, սակայն 2021 թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը ՀՀ տարածքում են, իսկ սեպտեմբերի 13-ին ռազմական ագրեսիայից հետո ՀՀ միջազգայնորեն ճանաչված որոշ տարածքներ, այդ թվում՝ ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ ադրբեջանական զինված ուժերի ֆիզիկական, ինչպես նաեւ տեսողական եւ կրակային վերահսկողության տակ են։ Կա՞ն արդյոք ավելի գործուն մեխանիզմներ հետեւանքները վերացնելու համար, քանի որ զուտ հայտարարություններն այս պահին տեղին չեն։
-Այսօր այն դերակատարները, որոնք կարող են ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա, իրականացնում են ոչ թե գործողություններով, այլ քաղաքական-դիվանագիտական եղանակներով։ Այս գործոնը մինչեւ վերջ թույլ չի տալիս դադարեցնել ագրեսիան Հայաստանի նկատմամբ, բայց նկատենք, որ դա հենց պետությա՛ն առաջնային գործառույթն է՝ պաշտպանել սեփական սահմանների անձեռնմխելիությունն ու քաղաքացիների անվտանգությունը։ Եթե պետությունն ինքնուրույն չի կարողանում իրականացնել, ապա խոսքը միջազգային երաշխիքների մասին է։ Այսօր դրանք թույլ են տալիս ոչ թե դուրս հանել Ադրբեջանին ՀՀ տարածքից, այլ ժամանակավոր դադարեցնել ագրեսիան։ Իսկ նրանք (Ադրբեջանի իշխանությունները.- խմբ.) չեն թաքցնում, որ ցանկացած պահի պատրաստ են շարունակել այդ գործողությունները՝ դնելով նաեւ որոշակի պայմաններ՝ սահմանազատում, սահմանագծում, տարածքային ամբողջականության ճանաչում անհասկանալի սահմանների մեջ եւ այլն։ Բոլոր դեպքերում, երբ խոսում ենք միջազգային հանրության հնարավորությունների մասին, տեսնում ենք սահմանափակ ունակություն ներգրավվելու եւ ամբողջապես պաշտպանելու Հայաստանի դիրքորոշումը։ Սակայն ունենք հստակ ազդանշաններ, որ կան համագործակցության եւ մեր դիրքորոշումը պաշտպանելու հնարավորություններ։
-Երբ հունվարին անկարգություններ սկսվեցին Ղազախստանում, ՀԱՊԿ-ն անմիջապես արձագանքեց եւ զորք ուղարկեց այդ երկիր, այն պարագայում, երբ դա արձագանք էր Ղազախստանի ներքին խնդիրներին։ Իսկ մեր պարագայում ագրեսոր պետությունը հարձակում է գործել ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ, այստեղ տեսնում ենք հապաղում։ Սեպտեմբերի 21-ին եւս Ալիեւը, գտնվելով բռնազավթված Բերձորում, հայտարարեց, որ որեւէ հայտարարություն իրեն չի կանգնեցնելու։ Արդյոք նման պահվածքը չի՞ վնասում ՀԱՊԿ-ին։
-Դա մարտահրավեր է կառույցի հեղինակությանը։ Ղազախսանի դեպքերն այդ ժամանակ ներկայացվում էին ոչ թե որպես ներքին խնդիր, այլ պայքար ահաբեկչության դեմ, իսկ դրա դեմ պայքարը ՀԱՊԿ-ի գործառույթներից մեկն է։ Չմոռանանք նաեւ ժամանակահատվածի էական տարբերությունը, այն է՝ մինչեւ փետրվարի 24-ը, եւ այն, ինչ տեղի էր ունենում դրանից հետո, բոլորովին այլ է։ Հասկանում ենք, որ հիմնական դերակատարը ՀԱՊԿ-ում Ռուսաստանն է, եւ, ըստ էության, ՌԴ-ի ներգրավվածությունը եւս մեկ ռազմական հակամարտությանը ստեղծելու է լրացուցիչ լարվածություն։ Հասկանալի է, որ հայրենիքի, տան, մարդկային կորուստ ունեցող հայաստանցիներին այս բացատրությունները չեն կարող բավարարել, բայց հիմնավորումը կարող ենք տեսնել. այլ հարց է՝ բավարար է, թե ոչ։
-Ուկրաինական պատերազմն ի՞նչ ազդեցություն ունեցավ մեր տարածաշրջանի վրա։ Վերջին սրացումները «երկրորդ ճակատ» բացելու փորձե՞ր են, թե՞ Ադրբեջանը ցանկանում է օգտագործել հարմար պահը առավելագույնը ստանալու համար։
-Մեկը մյուսին չի խանգարում։ Ադրբեջանը չի թաքցնում, որ իրենք լուծել են արցախյան հարցն իրենց ձեւով, չթաքցնելով նաեւ, որ խախտել են միջազգային նորմերը՝ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման, այն պարագայում, երբ անընդհատ խոսվում էր խաղաղ, բանակցային ճանապարհով խնդիրները լուծելու մասին։ Ադրբեջանը գնաց կտրուկ քայլերի՝ օգտվելով աշխարհաքաղաքական իրավիճակից եւ ներկայումս էլ փորձում է առաջ տանել սեփական օրակարգը՝ դիտարկելով այն հնարավորությունները, որոնք ստեղծվում են նոր աշխարհակարգում։ Օգտվում է այն հանգամանքից, որ Հայաստանի ռազմավարական գործընկերը շատ բարդ իրավիճակում է եւ քաղաքական-դիվանագիտական գործիքներից բացի դժվար թե արձագանքի։ Կա նաեւ Թուրքիայի օժանդակությունը, որն ունի ժամանակավոր մարտավարական համագործակցություն Ռուսաստանի հետ։
-Թուրքիան իրեն դիտարկում է որպես տերություն ոչ միայն տարածաշրջանային, այլեւ համաշխարհային հարթակում։ Ինչպիսի՞ն են ռուս-թուրքական հարաբերությունները ներկա իրողություններում։ Որքանո՞վ են համընկնում Ռուսաստանի եւ Թուրքիայի օրակարգերը մեր տարածաշրջանում։
-Անգլերեն տերմին կա «ֆրենէմի», որը «friend»՝ ընկեր եւ «enemy»՝ թշնամի բառերի խառնուրդն է։ Ըստ էության ռուս-թուրքական հարաբերությունները «ֆրենէմի»-ի դասական տարբերակն են, երբ մի կողմից կա իրավիճակային համագործակցություն, օրինակ՝ Սիրիայում, եւ կան իրավիճակներ, որտեղ մոտեցումները չեն համընկնում, մասնավորապես՝ թուրքերը բացահայտ հայտարարում են, որ երբեւէ չեն ճանաչելու Ղրիմը Ռուսաստանի մաս, չեն ընդունելու Դոնբասում սպասվող հանրաքվեների արդյունքները։ Թուրքիան իրականացնում է սեփական խաղը. դա նրանց հնարավորություն է տալիս որոշակի օղակներում պահպանել համագործակցությունը Ռուսաստանի հետ, որը պատժամիջոցների պայմաններում տնտեսական գործընկերների կարիք ունի։ Օրինակ՝ պայմանավորվում են վճարումներ կատարել սեփական դրամով, ատոմակայան են կառուցում եւ այլն։ Թուրքիան այն երկրներից է, որը չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, չնայած դադարեցրել է ընդունել «Միր» քարտերը։ Էրդողանը ցանկանում է իր ազդեցությունը տարածել ոչ միայն Միջին Արեւելքի վրա, այլեւ Միջին Ասիայի եւ Հյուսիսային Աֆրիկայի։ Մասնակի հաջողություններ ունի, սակայն հաջորդ տարի մայիսին սպասվող ընտրությունները ցույց կտան՝ Էրդողանն ընդունելի՞ է թուրքական հասարակության համար, թե՞ ոչ։ Երկրի տնտեսական վիճակը կարող է պայմանավորել փոփոխություններ, իսկ Թուրքիան Էրդողանով եւ առանց նրա տարբեր է լինելու։
-Տարածաշրջանի մյուս խաղացողը Իրանն է։ Ինչպե՞ս է այս երկիրն ազդում տարածաշրջանային գործընթացների վրա։
-Իրանը դիտարկում է Հայաստանը որպես բարեկամ երկիր, բայցեւ ունի սեփական աշխարհաքաղաքական շահերը մեր տարածաշրջանում։ Այն է՝ զսպել Թուրքիային եւ անհրաժեշտության դեպքում պաշտպանվել։ Իրանը դիտարկում է Ադրբեջանը որպես պոտենցիալ վտանգ, որը կարող է դառնալ հարթակ, որտեղից Իրանի վրա գործողություններ կծավալվեն։ Նրանք ծանր են տանում Ադրբեջանի համագործակցությունն Իսրայելի հետ, որը գոյաբանական վտանգ է ներկայացնում Իրանի համար, եւ դա փոխադարձ է։ Տարածաշրջանային հակամարտությունների այս համադրությունը թելադրում է Իրանի ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականությունը։ Նրանք հստակ հայտարարում են, որ տարածաշրջանում սահմանային փոփոխությունները, այդ թվում՝ Հայաստանի ետ կապված, իրենց համար անընդունելի են։ Տարբեր աղբյուրներից մենք տեղեկանում ենք լրացուցիչ զորքերի կուտակման մասին։ Դա Իրանի ադեկվատ արձագանքն է իրավիճակի այն փոփոխությանը, որը ստեղծվել է տարածաշրջանում 2020 թ. պատերազմից հետ, երբ կայուն, կանխատեսելի իրավիճակից հետո նրանք հայտնվել են անկայուն, փոփոխվող իրավիճակում։ Իրանում վերջին օրերին տեղի ունեցող ներքին խմորումները կարող են լրացուցիչ ազդակ հանդիսանալ արտաքին դերակատարների համար այդ երկրի վրա ճնշումը մեծացնելու համար։ Սակայն հայտարարությունների մակարդակով Իրանի դիրքորոշումը Հայաստանի մասով անփոփոխ է։
-Ի՞նչ ազդեցություն ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը։ Ի՞նչ հնարավորություններ ընձեռեց հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման առումով։
-Կարեւոր է շեշտադրել այն հանգամանքը, որ Փելոսիի այցը մեկ օրում չէր որոշվել եւ այն չի չեղարկվել իրավիճակի լարվածության պայմաններում։ Նրա այցն ունեցել է ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին օրակարգ։ Արտաքինը՝ բարոյական օժանդակություն ցուցաբերել Հայաստանին, գուցե նաեւ տնտեսական նախագծերի եւ անվտանգային առումով։ Փելոսին այցի ժամանակ հնչեցրեց այն միտքը, որ առաջին հերթին մենք պետք է գնահատենք մեր կարիքները, հետո միայն իրենք կարող են արձագանքել։ Առանց մեր կարիքների հստակեցման շատ դժվար է իրականացնել համագործակցության նպատակների ճշգրտում, քանի որ տեսլականները կարող են տարբերվել։ Տեսնում ենք նաեւ քաղաքական օժանդակություն միջազգային ասպարեզում։ Թե ինչ ազդեցություն կունենա այցը, նշենք, որ երկիրն ինքն է որոշում սեփական գործընկերների հետ համագործակցության ձեւաչափերը։ Ցանկալի է, որպեսզի մի երկրի հետ համագործակցությունը պայմանավորված չլինի մյուսների հաշվին։ Հայ-ամերիկյան հարաբերություններում այս պահին իրավիճակի գնահատումից դեպի գործողությունների պլանավորման փուլն է, քան գործողությունների իրականացման, մասնավորապես անվտանգային ոլորտում։
-Ի՞նչ սպասենք առաջիկայում ներկա զարգացումների համատեքստում։
-Կայուն ծանր վիճակ, որովհետեւ Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունները տեղային բնույթ չեն կրում, դրանք ընդհանուր միջավայրում են, որի անկայուն ֆոնը փոխանցվում է նաեւ մեր տարածաշրջանին։ Այս անկայունությունը կարող է վերացվել միայն խաղի կանոնների հստակեցմամբ, ընդհանուր կայունացման եւ ուժերի հավասարակշռության վերադարձման շնորհիվ։