«Իմ կարծիքով, ես յուրահատուկ եմ, նման չեմ ուրիշներին: Խոսքը լավի ու վատի մասին չէ… Երկու հազար վեց հարյուր աշխատանք եմ նվիրել իմ ժողովրդին՝ գեղանկար, քանդակ, ճարտարապետական նախագծեր, տարածական նկարչություն, գրաֆիկա… Ինձ չեն ճանաչում, ինչպե՞ս ճանաչեն, երբ իմ «Վարդանանք» քանդակը աստիճանների հետեւ է դրված, պատի հետեւ, իսկ Ծիծեռնակաբերդի եղեռնի հուշարձանի հուշապատի վրա արված քանդակներս քանդել են, վերածել հարթապատի… Բա ուզում եք ինձ ճանաչե՞ն…»:
Վան ԽԱՉԱՏՈՒՐ
Այս տաղանդաշատ արվեստագետն իսկապես չունեցավ համաժողովրդական ճանաչում, ոչ էլ գնահատվեց իր ծանրակշիռ վաստակին համարժեք: Տասնամյակներ առաջ տողերիս հեղինակին բախտ էր վիճակվել հարցազրույց ունենալ նրա հետ՝ նեղացած էր, նեղսրտած, անգամ մարդկանց անուններ էր տալիս, ովքեր իշխանահաճո դեմքեր էին եւ «սրերը կտրում էին աջուձախ»: Մարդիկ, ովքեր ամեն կերպ ջանում էին ստվերել Վան Խաչատուր լուսաճառագ մարդուն եւ ի չարս էին գործում ընդդեմ նրա: Այդուհանդերձ, Վանն ապրեց 93 տարի եւ շռայլորեն ստեղծագործեց՝ սերունդներին ժառանգելով իր պայծառ, թռիչքային մտքի ու երեւակայության ծնունդ ոգեղեն գանձերը: Հիշողությանս մեջ անջնջելի են վարպետի ապշեցուցիչ ու շատերի համար նախանձահարույց գրաֆիկական հինգ շարքերը՝ «Սարսափելի աշխարհ», «Նախնիների աշխարհ», «Կոսմիկական սիմֆոնիա», «Ապոկալիպսիս», «Երկրաչափական աշխարհ»: Բնավ էլ պատահական չէր, որ բազմատաղանդ այս նվիրյալը, ով մոնումենտալ նկարչությունն համարում էր ոչ թե իր ընտրությունը, այլ էությունը, իրեն համարում էր առաջին աբստրակցիոնիստն ու ավանգարդիստը հայ արվեստում, նաեւ մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության հիմնադիրը Հայաստանում: Ասվածի վկայությունն են Մատենադարանի խճանկարը, որմնանկարները,ԳԱԱ նախագահության շենքում Մեսրոպ Մաշտոցի եւ Մովսես Խորենացու մոնումենտալ կերպարները: Գեղանկարիչը ինչ-որ տեղ նաեւ գյուտարար էր. հիշատակելի է նրա՝ 1985-ին ստացած արտոնագիրը Մոսկվայի գյուտարարների եւ հայտնագործությունների կոմիտեից՝ աշխարհում քաղաքաշինարարական նոր եղանակ ստեղծելու համար. ապագայի քաղաքների նրա նախագծերը բազմահարկ արտասովոր շինություններ են, որ կառուցվում են «օդի մեջ» եւ պետք է օգնեն լուծելու համաշխարհային բնապահպանական խնդիրներ: Այդ նախագծերն այսօր հեքիաթային ժանրի պատկերացումներ կարող են թվալ, բայց գալիք ժամանակներում, ինչ իմանաս, մարդկությունը գուցեեւ ստիպված լինի մարդակեցության խնդիրները լուծել հենց նշված եղանակով: Չէ՞ որ երեւակայությունն է, որ հետո վերածվում է իրականության:
«Այ սա՛ է իմ քաղաքը: Իմ քաղաքում մեքենա չկա ու պետք էլ չի: Ես համարում եմ, որ մեր էսօրվա քաղաքը այլանդակություն է՝ ամենուր մեքենաներ: Ես իմ քաղաքը էնպես եմ ստեղծել, որ հնարավոր է շատ կարճ ժամանակում ոտքով հասնել ուր ուզում ես: Հիմա հայերն էն մակարդակի են, որ սա փուչ բան է իրենց համար: Ասում են՝ էս խելառը ինչ-որ բաներ է հորինել»,- դեռ տարիներ առաջ ապագայի իր քաղաքի մասին խոսելիս ասել է Վան Խաչատուրը եւ հավելել, որ օրը գալու է, ու մարդիկ հասկանալու են իր արժեքը: Նա իր շենքերը կառուցում էր ծառի սկզբունքով՝ ինչպես ծառն է արմատներով ամրանում հողում, հետո ճյուղերը տարածում բոլոր ուղղություններով, նույնպիսին էլ իր պատկերացրած ապագայի կառույցներն են՝ բարդ ռելիեֆների վրա:
Վան Խաչատուրն իր բազմակողմանիությամբ, ինչպես բնութագրում էին նրան ժամանակակիցները, հիրավի վերածննդի շրջանի արվեստագետի է հիշեցնում՝ նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ, արվեստի տեսաբան: Նախադեպը չունեցող երեւույթ էր, երբ յոթանասունամյակի կապակցությամբ մայրաքաղաքի ամենամեծ ցուցասրահները միաժամանակ կազմակերպեցին նրա ցուցահանդեսը. հինգ տարբեր սրահներում ցուցադրվում էին նրա գեղանկարչությունը, քանդակները, ճարտարապետական նախագծերը:
Քանդակագործի շատ աշխատանքներ ոչնչացվել են կոմունիստների ձեռքով: Այսպես. հայ թատրոնի 2000-ամյակին նվիրված պղնձյա բարձրաքանդակներ Գյումրիի թատրոնում, Արգիշտի թագավորի վեհարձանը, եղեռնի հուշապատի հարթաքանդակները… Նախա՞նձ, թե՞ այլախոհության պիտակավորում` չգիտենք: Բարեբախտաբար, նրա աշխատանքներից շատերը շարունակում են ապրել՝ Հովսեփ Օրբելու հուշարձանը ԳԱԱ շենքի առջեւ, Մեսրոպ Մաշտոցի պղնձե բարձրաքանդակը Լոս Անջելեսում, մայրաքաղաքի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ճակատի մոնումենտալ պատ-նկարը, մահարձաններ: Բոլորը չթվարկենք, հավելենք սակայն, որ հեղինակել է 100-ից ավելի գիտական հրապարակումներ արվեստի, պատմության, մշակութաբանության, ճարտարապետության մասին: Նրա գրչին են պատկանում «Ուրարտնե՞ր, թե՞ ուրարտացիներ. ովքեր են նրանք», իր բանաստեղծությունների գրքերը, «Գույնը հայկական ճարտարապետության մեջ 4-19-րդ դարերում» գիրք-ալբոմը, այլ լույսընծայումներ:
«Դու քո ճանապարհը պիտի բացես: Պիտի արտահայտես քո ազգային ոգին». Վան Խաչատուրի խոսքերն են, որ հնչում են որպես ստեղծագործական դավանանք: Եվ ինքը բացեց այդ ճանապարհը, որը ձգվում է դեպի գալիք ժամանակներ…