«Հայաստանին ու Ռուսաստանին կապում են դարավոր բարեկամական կապեր: Երկու երկրների եղբայրական ժողովուրդներն անցել են բազմաթիվ փորձությունների միջով, եղել են միասին եւ՛ ուրախության, եւ՛ տխրության պահերին»:
Նիկոլայ Ռիժկով
Հիշյալ խոսքերը պատեհապաշտական չեն. համոզվելու համար փորձենք պատկերացնել որեւէ թուրք պաշտոնյայի, որ խոսի հայ ժողովրդի հետ բարեկամությունից եւ առհասարակ՝ բարեկամությունից. պարզ է՝ իսկույն հեգնանք կառաջացնի: Թուրքերն ընդունակ չեն բարեկամության. հարաբերությունների մեջ շահ փնտրողը չի մտածում բարեկամության մասին, դա խանգարող հանգամանք է. նրա հարաբերությունները որեւէ մեկի հետ որեւէ հարթակում զուտ գործնական բնույթ ունեն, այնքան ժամանակ, որքան դա իրեն պետք լինի՝ պատրաստ ամեն վայրկյան բարձրացնելու յաթաղանը, իսկ այսօր արդեն՝ բայրաքթար կոչվածները… Թուրք տեսակի «բարեկամությունը» զուտ ցուցադրական բնույթ ունի՝ ըստ տեղի ու ժամանակի եւ պատրաստ է սեպ խրել ցանկացած բարեկամության մեջ՝ հանուն սեփական շահի, ինչպես Ադրբեջանի դեպքում, երբ ժամանակի մի շոշափելի հատվածում՝ ԽՍՀՄ օրոք, իսկապես, մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ եղել են բարեկամական՝ թե՛ պետական մակարդակով, թե՛ ժողովրդական, սակայն Թուրքիան հաջողությամբ ի չիք դարձրեց այն՝ ճամարտակելով «խաղաղությունից» ու «բարեկամությունից»…
Գնահատելու համար հայ-ռուսական բարեկամության մասին Նիկոլայ Ռիժկովի խոսքերը՝ բավական է պատմական անդրադարձ կատարել՝ լիովին ընկալելու այդ բարեկամության արժեքը երկուստեք… Մենք ոչ միայն կռվել, պայքարել, անցել ենք «բազմաթիվ փորձությունների միջով», այլեւ ապրել ու արարել միասին, եւ հիմա էլ միլիոնավոր հայեր ապրում են Ռուսաստանում, մասնակցում նրա կառուցմանն ու շենացմանը, իսկ Ռուսաստանը առաջվա պես մնում է մեր անվտանգության երաշխավորը, ու, որքան էլ մեր ժողովուրդը տարածված լինի աշխարհով մեկ, մենք առավել կապված ենք ռուսական մշակույթին, նրա կենցաղին, նիստուկացին, իսկ Նիկոլայ Ռիժկովը այն գործիչներից է, ով գործով է ապացուցել այդ բարեկամության իսկությունը։ Ռիժկովի կենսագրության էջերը կապվեցին Հայաստանի հետ մեզ համար դաժան ու ողբերգական օրերին՝ 1988 թ. երկրաշարժից անմիջապես հետո։ Նա եկավ Հայաստան ի պաշտոնե՝ երկրաշարժի գոտում կազմակերպչական աշխատանքներ տանելու եւ դեռ չէր պատկերացնում այդ աշխատանքի ծավալները, կարծում էր, թե մի քանի օրում անհրաժեշտ կարգադրություններ կանի ու կվերադառնա առօրյա գործերին… Աղետի մասշտաբները գնահատեց միայն աչքով տեսնելուց հետո. հասկացավ, որ անհնար է այն կառավարել հեռակա, երբ տեղական ոչ մի կառույց կանգուն չէր մնացել, չկային ո՛չ մասնագետներ, ո՛չ անհրաժեշտ տեխնիկա. տասնյակ հազարավոր զոհեր, փլատակների տակ օգնություն ակնկալող բազմաթիվ վիրավորներ եւ մարդիկ, որոնց համար անցնող վայրկյանը հավասարազոր էր հարազատի կորստի…
ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահն անմիջապես անցավ անհետաձգելի աշխատանքների՝ ԽՍՀՄ բոլոր հանրապետություններին կարգադրելով շուտափույթ օգնության հասնել աղետի գոտուն, սկսեց համակարգել փրկարարական աշխատանքները եւ տեղաբաշխել կադրերին կոնկրետ հատվածներում։ Անհրաժեշտ էր ապահովել տեխնիկայի փոխադրումը, բացել դրանց ճանապարհը հանրապետության տարբեր քաղաքներից ու շրջաններից դեպի աղետի գոտի շտապող մարդկային հոսքի խցանումից։ Մարդիկ նյարդայնացած էին աղետի սոսկալիությունից ու կորուստներից, մեղադրում էին, վիրավորում… Ռիժկովը պահպանում էր սառնասրտությունը, սակայն գործում ամենայն պատասխանատվությամբ ու սրտացավորեն։ Նա ժողովրդի մեջ էր ու անկեղծորեն կիսում էր նրանց վիշտը ու թեեւ շրջում էր փողկապով ու կոստյումով, չուներ թիկնազոր՝ որպես վայել է երկրի ղեկավար մի պաշտոնյայի… Այո, նա Հայաստան եկավ ի պաշտոնե եւ գործեց բարձր պրոֆեսիոնալիզմով, բայց եւ մարդկային գործո՛նը կարգեց իրեն առաջնորդ…
Տպավորություն չստեղծվի, սակայն, թե Հայաստանին աղետի ժամանակ օգնում էին միայն ԽՍՀՄ հանրապետությունները։ Ինչպես վկայում է Նիկոլայ Ռիժկովը, այդ օրերին շուրջ 64 երկրի ինքնաթիռներ էին 5 րոպեն մեկ ժամանում Երեւան՝ զանազան բեռներով՝ ո՛չ օդում տեղ կար, ո՛չ ցամաքի վրա. անգամ օգնություն ստացանք Իսրայելից, որի հետ, մեղմ ասած, հարաբերությունները պատշաճ մակարդակի վրա չէին, սակայն Ռիժկովը կարգադրեց թույլ տալ ինքնաթիռի վայրէջքը Երեւան, այլ կերպ՝ ԽՍՀՄ տարածք։ Դժբախտությունը բարեկամացրել էր մարդկանց. քաղաքականության տեղն ու ժամանակը չէր…
Աղետի գոտու հետ կապված Նիկոլայ Ռիժկովի գործունեությունը չսահմանափակվեց դրանով. Նիկոլայ Ռիժկովը մնաց հայ ժողովրդի հավատարիմ բարեկամը՝ միջազգային հարթակներում հանդես գալով հայանպաստ ելույթներով, միաժամանակ կարեւորելով Հայաստան-Ռուսաստան ռազմավարության անհրաժեշտությունը, եւ հայ ժողովուրդը չի մոռանում նրա մասին՝ ամեն առիթով արտահայտելով երախտիքն ու հարգանքի տուրքը…
Հայ ժողովրդի բարեկամ, ռուս պետական ու քաղաքական գործիչ Նիկոլայ Ռիժկովը ծնվել է 1929 թ. սեպտեմբերի 28-ին, Դիլեեւկա ավանում, ավարտել Կրամատորսկի մեքենաշինական տեխնիկումը, ապա Ուրալի ճարտարագիտական ինստիտուտը։ 1971-1985 թթ. զբաղեցրել է պետական եւ կուսակցական բարձր պաշտոններ, 1985-1991 թթ. եղել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ։ 1988 թ. դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու եւ տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ։ Ի թիվս ԽՍՀՄ բարձրագույն պարգեւների, շքանշանների ու մրցանակների, Նիկոլայ Ռիժկովը պարգեւատրվել է նաեւ «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանով (2014), հռչակվել Գյումրիի պատվավոր քաղաքացի, արժանացել «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի բարձրագույն կոչման (2008 թ. դեկտեմբերի 5), Գյումրիում տեղադրված է Ռիժկովի հուշատախտակը՝ դիմաքանդակով, Սպիտակում՝ կիսանդրին, նրա ցանկացած այցելություն Հայաստան ընդունվում է մեծ ջերմությամբ։