Քաշաթաղի շրջանն այսօր ամբողջությամբ դարձյալ գերության մեջ է: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո քաշաթաղցիները տեղափոխվեցին ու բնակվում են Արցախի տարբեր բնակավայրերում, Հայաստանի Հանրապետության մարզերում, Երեւանում: Ինչպես միշտ, քաշաթաղցիները, անկախ բնակության վայրից ու պայմաններից, անմասն չեն մնում հայրենիքի պաշտպանության գործին:
2016-ի ապրիլյան պատերազմին 1200 քաշաթաղցի կամավորական եւ 200-ից ավելի ժամկետային զինծառայող մասնակցեցին: Կամավորականներն առաջնագծում մնացին մինչեւ հունիսի վերջ: 2020 թ. 44-օրյա պատերազմին գրեթե ողջ շրջանը մասնակցեց, եւ թշնամին ի զորու չեղավ մտնել Բերձոր: Այդ պատերազմի ընթացքում 70-ից ավելի քաշաթաղցիներ՝ ժամկետային ու պայմանագրային զինծառայողներ, պահեստազորայիններ, կամավորականներ, աշխարհազորայիններ, նահատակվեցին: Մոտ 10 հոգու մասին արդեն 2 տարի է՝ տեղեկություն չկա: Քիչ չեն նաեւ վիրավորները: Պատերազմից հետո էլ շատ քաշաթաղցիներ մնացին զինված ուժերում եւ պաշտպան հայրենիքին:
2022 թ. սեպտեմբերյան վերջին պատերազմի ընթացքում նահատակված քաջորդիների շարքում էին 2 քաշաթաղցիներ՝ Ծաղկաբերդի նախկին բնակիչ, 3 զավակների հայր Գրիգոր Կիրակոսյանը՝ ծնված 1978 թ., եւ Փակահանից Վալերի Սամվելի Սարգսյանը: Վալերիի հուղարկավորությունը տեղի ունեցավ Առինջ գյուղում սեպտեմբերի 18-ին: Վալերի Սարգսյանը ծնվել է 1978 թ. Բաքվում: Իր ինքնակենսագրականում Վալերին հպարտությամբ է նշում, որ երջանկահիշատակ պապը՝ Շահեն Սարգսյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերան էր, Սովետական Միության հերոս: Սիրով է խոսում նաեւ դարձյալ երջանկահիշատակ տատի՝ Սոնյա Սարգսյանի մասին: Երբ սկսվեց Արցախյան շարժումը, շատ շուտով Ադրբեջանի հայաշատ բնակավայրերում սկսվեցին հայերի ջարդեր, տեղահանություն, բռնություններ: Նույն բռնությունների հետեւանքով Վալերիենց բազմանդամ ընտանիքը նույնպես հեռացավ Բաքվից եւ բնակություն հաստատեց Արցախի մայրաքաղաքում: Հայրը՝ Սամվելը, համալրեց հայրենիքի պաշտպանների շարքերը: Մարտնչեց քաջաբար: Պատերազմից հետո երկրորդ կարգի հաշմանդամ էր եւ վախճանվեց: Մայրը՝ շուշեցի Նելա Սարգսյանը, 4 որդի է ծնել, ովքեր կարեւոր ներդրում ունեն մեր երկրի կյանքում: Ավագ որդին՝ Վալերին, հպարտ է եղբայրներով. դասախոս Սեյրանն ունի 9 զավակ, Սամսոնը ՊԲ զինծառայող է, ունի որդի, կրտսեր եղբայրը՝ Կառլենը, նույնպես դասախոս է, ունի որդի:
Բնակություն հաստատելով Ստեփանակերտում՝ Վալերին ուսումը շարունակել է մայրաքաղաքի թիվ 11 միջնակարգ դպրոցում: 11-րդ դասարանն ավարտել է 1995 թ., արդեն Շուշիի Խ. Աբովյանի անվ. միջնակարգում: Դպրոցն ավարտելուց հետո՝ 1995-ի հունիսին, զորակոչվել է հայոց բանակ, մինչ այդ ընդունվել էր Շուշիի պետական հումանիտար քոլեջ, որն ավարտել է թատերական արվեստ մասնագիտությամբ, 1999-ին: Սակայն ազատամարտիկի որդին, Մեծ հայրենականի հերոսի թոռը մնում է հայոց բանակում՝ 1996-ի վերջին ստանալով լեյտենանտի զինվորական կոչում: Շուտով նշանակվում է զորամասի դասակի հրամանատար: Ընթացքում սովորել է ՀՀ ՊՆ հրամանատարական ուսումնական կենտրոնում եւ, ավարտելով դասընթացները 1998-ի սեպտեմբերին, նշանակվել հրետանային ստորաբաժանման հրամանատար: 2002 թ. տեղափոխվել է ՀՀ ՊՆ Ն զորամաս՝ դասակի հրամանատար: 2006-ի հուլիսին արդեն դիվիզիոնի մարտկոցի հրամանատար էր: 2009 թ. հուլիսին ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնի հրետանային դիվիզիոնի շտաբի պետի մասնագիտական դասընթացները: 2010 թ. զորացրվել է: Այնուհետեւ զբաղվել է տարբեր ոլորտներում: 2013-2017 թթ. տնօրինել է մանրածախ եւ մեծածախ առեւտրով զբաղվող «Սարգսյան իմպորտ» ՍՊ ընկերությունը: Ամուսնացել է 1984-ին ծնված Լիլիթ Հարությունյանի հետ: Ունեն դուստր՝ Վանեսա Սարգսյանը (ծնված՝ 2002 թ.), ուսանողուհի է: 3 որդիներից դպրոցական Էմիլը 8 տարեկան է, Դանիելը՝ 6, Արեգը ծնվել է 2022-ին:
2017 թ. ընտանիքով տեղափոխվել են Քաշաթաղի շրջանի Փակահան գյուղ եւ այնտեղից հեռացել 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ թշնամին մտավ Քաշաթաղի հարավային թեւ: Փակահան համայնքի ղեկավար Արայիկ Եղիազարյանը գովեստով է խոսում Վալերիի ու նրա ընտանիքի մասին: 3 տարիների ընթացքում գյուղում զբաղվել են գյուղատնտեսությամբ, հիմնել այգի, բանջարանոց: Աջակցել են համայնքի զարգացմանը: Բացի զինվորական գործից, գյուղատնտեսությունից, տիրապետում էր նաեւ համակարգչի, ռուսերենին՝ գերազանց, անգլերենին՝ բավարար: 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի օրերին եղել է աշխարհազորայինների շարքերում, օգնել գյուղի բնակչությանը տարհանվելու գործում։ Ինչպես ինքն է ասել զոհվելուց օրեր առաջ, շատ էր սիրում իր ընտանիքը, որն է հայրենիքի մի մասնիկը: Եվ այդ սերը նրան նորից բանակ էր տարել. 2021-ից ծառայում էր Գորիսի Ն զորամասում՝ հրետանային մարտկոցի դասակի հրամանատար: Նահատակվել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին ԱԹՍ-ի հարվածից՝ Իշխանասարի դիրքերը պաշտպանելիս: