ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի աշխատակազմը Հունաստանին եւ Թուրքիային կոչ է արել խուսափել Էգեյան ծովի կղզիների շուրջ լարվածությանը միտված սցենարների զարգացումից: Վաշինգտոնը համոզված է, որ ՆԱՏՕ-ի անդամներն այժմ պետք է կենտրոնանան «կոլեկտիվ սպառնալիքի» չեզոքացման վրա: Ամերիկյան պաշտոնյաներն այսպես են արձագանքել հարեւանների միջեւ վեճին, ինչի պատճառով Աթենքն ու Անկարան հերթական անգամ հայտնվել են բախման շեմին: Փորձագիտական շրջանակներում կարծում են, որ չնայած հակասություններն աստիճանաբար սրվում են, ճգնաժամը, այնուամենայնիվ, վերահսկելի բնույթ ունի, սակայն չեն բացառում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է դիմել կտրուկ քայլերի: Տրամաբանական է, որ Թուրքիայի ղեկավարը ռազմական գործողությունների չի դիմի, քանզի հաջողությանը վստահ լինել չի կարող, առավել եւս, որ ՆԱՏՕ-ի անդամների մեծամասնությունն ակնհայտորեն Հունաստանին է սատարում: Էրդողանը պարզապես փոքր-ինչ կզբաղվի մկանների ցուցադրությամբ: Իրավիճակը միայն այն դեպքում վերահսկողությունից կարող է դուրս գալ, եթե ընտրություններից առաջ Էրդողանը հասկանա, որ չի վերընտրվի: Այդ դեպքում նա միայն մեկ ճանապարհ կունենա՝ դիմել ռազմական արկածախնդրության, որի հետեւանքները, ի դեպ, կարող են կործանարար լինել նույն Թուրքիայի համար:
Վաշինգտոնն իր հայտարարությունը կատարել է պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի մակարդակով: Մեկնաբանելով Անկարայի ու Աթենքի միջեւ ստեղծված իրավիճակը՝ դիվանագետը ՆԱՏՕ-ի շրջանակներում դաշնակիցներին կոչ է արել «կենտրոնանալ նրա վրա, ինչն իրենից կոլեկտիվ սպառնալիք է ներկայացնում»՝ ուշադրություն դարձնելով Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանը: «Հիմա հայտարարությունների կամ ինչ-ինչ գործողությունների ժամանակը չէ,- շեշտել է Փրայսը:- Դա կարող է ուժեղացնել լարվածությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ»: ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը միջերկրածովյան երկու խաղացողներին կոչ է արել «համատեղ աշխատել տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն աջակցելու եւ ցանկացած տարաձայնություն, որը կարող է ծագել, դիվանագիտական ճանապարհով հարթելու համար»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը օրերս Անկարայում Հունաստանի դեսպանից պահանջել է «վերջ դնել խախտումներին» Էգեյան ծովի կղզիներում եւ «վերականգնել դրանց կարգավիճակը»: Անկարան Աթենքին մեղադրում է Լեսբոսի ու Սամոսի տարածքում ռազմական տեխնիկայի տեղակայման մեջ, որոնք, համաձայն միջազգային պայմանագրերի, ապառազմականացված տարածքի կարգավիճակ ունեն: Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունում կարծում են, որ հույները կղզում ռազմական տեխնիկա են տեղակայել՝ խախտելով միջազգային, այդ թվում՝ Լոզանի եւ Փարիզի պայմանագրերը: «Հունաստանի գործողություններն անընդունելի են եւ հակասում են ՆԱՏՕ-ի երկու երկրների գործակցության ոգուն»,- շեշտել են թուրք պաշտոնատար անձինք:
Սեպտեմբերի 27-ին հունական կառավարության նիստում վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն Էրդողանին կոչ է արել չլարել իրավիճակը: «Մյուս կողմը կարող է անընդհատ կրկնել իր ստերն ու սպառնալիքները,- շեշտել է նա:- Սակայն այս պարում նա մենակ է մնում: Մենք հանգստություն ու վստահություն ենք պահպանում մեր պարզ դիրքորոշումներում միջազգային իրավունքի ուժով, մեր զինված ուժերի զգոնությամբ եւ դաշնակիցների աջակցությամբ»: Կառավարության ղեկավարը միեւնույն ժամանակ թուրքերին խորհուրդ է տվել «բոցավառ խոսքերի փոխարեն վերջապես ընտրել ստեղծագործական գործողությունները եւ իմաստալից երկխոսության ուղին»: «Որովհետեւ նրանք իրենց դեմ են հանում ոչ միայն Հունաստանին, այլեւ ողջ Եվրոպային, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ում իրենց իսկ դաշնակիցներին»,- վստահություն է հայտնել Միցոտակիսը:
Նախօրեին աշխատանքային այցով Երեւան ժամանած Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում դիմեց բոլոր պետություններին, որոնք ձգտում են «վերանայել գործող քարտեզները»:
«Սահանների վերանայման քաղաքականությունը կձախողվի: Մատնացույց կանեմ մի երկրի՝ Թուրքիային, որը ցանկանում է դա անել: Նա փորձում է օգտվել այժմյան իրավիճակից: Մենք՝ հույներս, դրա ականատեսներն ենք»,- նշել է Դենդիասը:
Նրա խոսքով՝ Թուրքիան դեմ է հանդես եկել հունական կղզիներում պաշտպանական զենքի տեղակայմանը, եւ դա՝ այն դեպքում, երբ Աթենքը գործում է իր իրավասությունների շրջանակներում: Թուրքիան դեմ է, որ Հունաստանն ապահովի իր կղզիների պաշտպանությունը: «Թուրքիան սպառնում է նոր պատերազմ սկսել Հունաստանի դեմ: Եվ իր ռազմածովային ուժերը պահում է հունական կղզիներից մի քանի մղոն հեռավորության վրա»,- հայտարարել է նա:
Ինչպես Հունաստանում, այնպես էլ Թուրքիայում 2023 թ. ընտրություններ են անցկացվելու: Եթե Աթենքը հանգիստ կարող է նախապատրաստվել դրանց, ապա նույնը չես ասի Անկարայի մասին: Էրդողանն անընդհատ խաղում է արտաքին ճակատում՝ փորձելով թաքցնել ներքին խնդիրները եւ բախվելով պատմականորեն ոչ բարեկամ երկրների հետ: Թուրքիան, ինչպես տեսնում ենք, իր գործողություններով սադրում է Հունաստանին, իսկ Ադրբեջանի միջոցով բախվում է Հայաստանի հետ՝ փորձելով ստանալ ազգայնական շրջանակների քվեները: Նույն նպատակով նա պլանավորել էր մտնել Սիրիա, սակայն չկարողացավ դա անել: Բացի այդ, Թուրքիան այժմ ամենախոր տնտեսական ճգնաժամն է ապրում իր ժամանակակից պատմության մեջ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ արժեզրկումը երկրում կազմում է ավելի քան 90 տոկոս, մինչդեռ հեղինակավոր տնտեսագետների կարծիքով՝ այն գերազանցում է 200 տոկոսը: Էրդողանի վարկանիշն անկում է ապրում կտրուկ տեմպերով, եւ իշխանությունները ոչ մի միջոց չունեն՝ բեկելու իրավիճակը եւ փոխելու հասարակական կարծիքն ու վերաբերմունքը:
Անկարայի համար, իհարկե, այս իրավիճակում Հունաստանի հետ կարճաժամկետ հաղթական պատերազմը հարմար տարբերակ կարող է լինել: Ռազմաքաղաքական դրությունն էլ իր դերն է կատարում: Էրդողանը չի կարողանում կարգավորել հարաբերությունները ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմի հետ: Վերջերս նա Նյու Յորքում մասնակցեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային եւ շատ էր ուզում հանդիպել Բայդենի հետ, սակայն չստացվեց, ինչպես եւ անցած տարի: Մինչդեռ Աթենքին հաջողվել է լավագույն հարաբերություններ կառուցել Վաշինգտոնի հետ: Արեւմտյան բլոկում հենց Հունաստանն է այժմ օգտվում թուրքական ղեկավարության միջազգային թույլ դրությունից նույն Արեւմուտքի հետ հարաբերություններում: Բոլորովին վերջերս հույները ֆրանսիական ինքնաթիռներ գնեցին, այժմ էլ պատրաստվում են ամերիկյան F-35 կործանիչներ ստանալ:
Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ Նյու Յորքում ԱՄՆ-ի նախագահը հանդիպել եւ զրուցել է ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ ԱԳ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ: