«Մանհեթենյան նախագծի մասնակից փայլուն գիտնական Հարրի Դաղլյանի հիշատակին։ Նրա աշխատանքը նվիրված էր կրիտիկական զանգվածի որոշմանը։ Խոտորված գիտափորձի արդյունքում նա դարձավ ամերիկացի զոհը միջուկային դարաշրջանում։ Թեեւ ոչ համազգեստով՝ նա մահացավ ծառայելով իր երկրին»։ Նյու Լոնդոնում Դաղլյանի հիշատակին բացված հուշաքարի մակագրությունը
Հուշաքարը բացվել է 2000 թ. մայիսի 20-ին՝ ամերիկյան զինված ուժերի օրը՝ Դաղլյանին պատուհասած ճակատագրական աղետից գրեթե 55 տարի անց։
Նա կարող էր հրաշալի ջութակահար լինել, եւ աշխարհը նրա մասին լսեր որպես մեծ երաժշտի, սակայն ճակատագիրն ու գենետիկան իրե՛նց ծրագրերն ունեին նրա նկատմամբ։ Հարություն (Հարրի) Գրիգոր Դաղլյան կրտսերը ավագ Հարությունից՝ հորից, որ ռենտգենյան ճառագայթների լաբորատորիայի տեխնիկ էր, այնուհետեւ՝ տեղի հիվանդանոցներից մեկի ռենտգենյան լաբորատորիայի վարիչ, եւ հորեղբորից՝ ֆիզիկայի ու աստղագիտության ուսուցիչ դոկտոր Կարապետ Դաղլյանից ժառանգել էր բնական եւ ճշգրիտ գիտությունների հանդեպ առանձնահատուկ ունակություններ, վարակվել այն ոգեւորությամբ, որ տիրում էր ընտանիքում եւ արդեն իսկ դպրոցական տարիքում աչքի ընկել գիտության հանդեպ բծախնդիր մոտեցումով։ Զարմանալի չէ, որ երիտասարդ տարիքում Դաղլյանին վստահվեց մասնակցել այնպիսի լուրջ ու գաղտնի նախագծի, ինչպիսին «Մանհեթենն» է։ Այնշտայնը, որ, գերմանական նացիզմի՝ հնարավոր, սպասվելիք, առավել աղետաբեր զենքին դիմակայելու նպատակով, Ֆրանկլին Ռուզվելտին նամակով գլխի էր գցել ատոմային զենք ստեղծելու գաղափարը, հետագայում ոչ միայն չմասնակցեց ծրագրին, այլեւ ափսոսաց այն հուշելու համար. աշխարհահռչակ ֆիզիկոսը դիրքորոշումը փոխելու ծանրակշիռ պատճառներ ուներ. նա արդեն հասկացել էր, որ չէր կարելի այնպիսի վտանգավոր զենք տալ բախտախնդիրների ձեռքը, որ կարող էր համաշխարհային աղետի պատճառ դառնալ, ինչը եւ ապացուցվեց հետագայում Ճապոնիայի երկու քաղաքների միջուկային ռմբակոծումով։
Հարրի Դաղլյանն այդ ժամանակ 24 տարեկան էր՝ երիտասարդ, պրպտող գիտնական, եւ, հավանաբար, առավել տարված էր գիտությամբ, քան այդ գիտության աղետաբերության հաշվարկով։ Այդ օրը՝ 1945 թ. օգոստոսի 21-ի երեկոյան, նա միայնակ էր Նյու Մեքսիկոյի Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայի հեռավոր Օմեգա վայրում. շենքում միայն հսկիչն էր՝ Ռ. Ջ. Հեմերլին, ով չէր մասնակցում փորձարկմանը։ Երեկոյան փորձարկումը զուտ Հարրիի նախաձեռնությունն էր, որ վարակված էր գիտնականին հատուկ անհամբերությամբ. նա որոշել էր շարունակել կրիտիկական զանգվածի գիտափորձը։ Մտնելով լաբորատորիա՝ Դաղլյանն սկսեց պլուտոնիումի միջուկի շուրջ ձեռքով՝ միջուկից ճառագայթող նեյտրոնների անդրադարձման համար նախատեսված վոլֆրամի կարբիդից պատրաստված հատուկ աղյուսներ դասավորել։ Նեյտրոնային ռեֆլեկտորի նպատակը պլուտոնիումի հիմքում կրիտիկականության հասնելու անհրաժեշտ զանգվածի նվազեցումն էր։ Աշխատանքը պահանջում էր ծայրահեղ ուշադրություն ու զգուշություն։ Դաղլյանը քաջ գիտակցում էր վիճակը. լարված էր։ Վերջին շարքին հասնելով՝ հաշվիչն ազդանշան տվեց. այլեւս չէր կարելի նոր աղյուս ավելացնել։ Հարրին անմիջապես ձեռքը ետ քաշեց. պատահաբար աղյուսն ընկավ միջուկի վրա, ինչը հղի էր միջուկի գերկրիտիկական վիճակով։ Հարրիին հաջողվեց կանխել վերահաս շղթայական ռեակցիան՝ աջ ձեռքով փութով մի կողմ հրելով աղյուսը։ Ռիսկը նվազեցնելու համար մասնակիորեն քանդեց նաեւ միջուկը շրջապատող աղյուսների շարքը եւ պատահարի մասին տեղեկացրեց հսկիչին։
Հարրիին անմիջապես տեղափոխեցին Լոս Ալամոսի հիվանդանոց. նրա կյանքը փրկել չհաջողվեց։ Գիտնականն ստացել էր ճառագայթման մեծ դոզա՝ մոտ 510 ռենտգեն (5.1 Զվտ), որի պատճառով էլ ընկել կոմայի մեջ, որից այդպես էլ ուշքի չեկավ. վախճանվեց 25 օր անց՝ սեպտեմբերի 15-ին։ Նրա մահվան հանգամանքները խիստ գաղտնի էին պահվում։ Անգամ ընտանիքի անդամները՝ մայրն ու քույրը, որ հիվանդանոցում խնամում էին նրան, ստույգ չգիտեին դեպքի մանրամասները, եւ միայն «Մանհեթենյան նախագիծը» գաղտնազերծելուց հետո աշխարհն իմացավ Հարրի Դաղլյանի մասին, ում ժամանակին հուղարկավորեցին համեստ՝ Նյու Լոնդոնի Սեդար Գրոուֆ գերեզմանոցում՝ գաղտնի պահելով ու միաժամանակ հսկելով այն։
Երիտասարդ գիտնականի հետ կատարված աղետից հետո անվտանգության կանոնները վերանայվեցին, որոշվեց, որ լաբորատորիայում առնվազն անհրաժեշտ է երկու հոգու ներկայություն, սակայն դա չկանխեց հաջորդ աղետը. մեկ տարի անց նույնանման զոհ դարձավ եւս մի երիտասարդ գիտնական՝ Լուիս Զլոտինը։ Թեեւ առավել ուշ, սակայն պարզ դարձավ, որ Դաղլյանի ժամանակ հսկիչի պարտականություններ կատարող Համերլին նույնպես ստացել է ճառագայթման դոզա. նա մահացավ սպիտակարյունությունից 32 տարի անց՝ 62 տարեկանում։
Ցավոք, այսօր էլ, քան երբեւէ, գիտությունը մեծահարուստ բախտախնդիրների ձեռքին դարձել է մահվան գործիք, եւ փոխանակ կյանքով մահվանը հաղթելու ծրագրեր մշակելու, նրանք օրեցօր կատարելագործում են դահճային արհեստը, այնինչ գիտությունը որքա՜ն հնարավորություններ է բացում գեղեցիկ ու երջանիկ ապրելու համար, պահպանելու բնությունն ու մոլորակը, որտեղ ապրում ենք, ուսումնասիրելու անեզր տիեզերքը եւ բավականություն ստանալու կյանքից, այլ ոչ տառապելու՝ առանց այն էլ անխուսափելի մահվան դժոխային դեմքին անժամանակ, հանկարծահաս հանդիպելու ցավից։