Սիմվոլիզմն արվեստում (գրականության, երաժշտության եւ կերպարվեստի մեջ) ամենամեծ ուղղություններից է։ Առաջացել է Ֆրանսիայում 1870-80-ականներին եւ բուռն զարգացում ապրել 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին՝ նախեւառաջ Ֆրանսիայում, Բելգիայում եւ Ռուսաստանում։ Սիմվոլիզմ տերմինը մտցրել է ֆրանսիացի բանաստեղծ Ժան Մորեասը իր համանուն մանիֆեստում՝ տպագրված 1886-ի սեպտեմբերին «Ֆիգարոյում»։ Ըստ այդ մանիֆեստի՝ սիմվոլիստական պոեզիան հռետորության, սուտ զգացմունքայնության եւ օբյեկտիվ նկարագրությունների թշնամին է, ձեւն ինքնանպատակ չէ, այն արտահայտում է գաղափարը՝ դուրս չգալով դրա սահմաններից։
Գրականության մեջ սիմվոլիզմի հետեւորդներից հայտնի են՝ Ֆրանսիայում՝ Ստեֆան Մալարմե, Արթյուր Ռեմբո, Պոլ Վեռլեն, Պոլ Վալերի, Բելգիայում՝ Մորիս Մետերլինկ, Էմիլ Վերհարն, Ավստրիայում եւ Գերմանիայում՝ Ռայներ Մարիա Ռիլկե, Նորվեգիայում՝ Հենրիկ Իբսեն, Ռուսաստանում՝ Վալերի Բրյուսով, Ալեքսանդր Բլոկ, Ֆյոդոր Սոլոգուբ, Կոնստանտին Բալմոնտ: Սիմվոլիզմն իր գեղարվեստական մեթոդն Է համարում սիմվոլների խորհրդանշանների միջոցով առարկաների ու երեւույթների անճանաչելի Էության պատկերումը։ Արտահայտվել է նաեւ կերպարվեստում եւ թատրոնում։ Սիմվոլիստները համակենտրոնացած են մարդկանց ներաշխարհի վրա, նրանք ձգտում են բացահայտել նրանց հոգեկան վիճակը, կարողանում են արտահայտել նուրբ զգացմունքները բառերով։ Նրանց հաջողվել էր բանաստեղծությունները լրացնել պայծառ ու արտահայտիչ կերպարներով։