«Եւ Լաւոդիկէի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Ամէնը, հաւատարիմ եւ ճշմարիտ Վկան, Աստուծոյ արարածների Սկիզբը։ Գիտեմ քո գործերը, որ ոչ ցուրտ ես եւ ոչ տաք. ո՛հ թէ ցուրտ լինէիր կամ տաք։ Ուրեմն որովհետեւ գաղջ ես, եւ ոչ տաք եւ ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանիցը»։ Հայտնություն 3։14-16
Սա ժամանակակից անտարբերությունն ու հանդուրժողականությունն է։ Եթե դու սառն ես, ենթադրենք՝ աթեիստ կամ կոմունիստ ես, ապա կարող ես դառնալ առ Աստված եւ լիովին վերափոխվել, իսկ եթե խիստ հավատացյալ ես, ապա կդիմանաս, կհամբերես եւ կտանես բոլոր չարչարանքները։ Իսկ եթե դու անտարբեր հանդուրժող ես, ապա ոչինչ ես։ Ժամանակակից մեր հանդուրժողականությունն այնքան զզվելի, խորշելի ու եղկելի է, որ դառնում ես ոչ մեկ։ Դու ոչ այս ես, ո՛չ այն։
Դոստոեւսկին ասում է, թե աթեիզմը քարոզում է զրո, այսինքն՝ ոչինչ։ Այդ մարդիկ ոչ «հանած» նշան են, ոչ՝ «գումարած». եթե մարդը «հանած» է, ապա Աստծո ողորմածությամբ մի օր կարող է դառնալ «գումարած», ինչպես եղավ Պողոս առաքյալի հետ։ Իսկ զրոն այդպես էլ մնալու է զրո, ամենակուլ զրո։ Այդ զրոն է մեր աշխարհի ամենամեծ վտանգը, աշխարհի, ում մենք պատկանում ենք։
Ընդ որում՝ Լավոդիկեցիների դրամական հաշիվները ամենեւին էլ զրոյական չէին։ Քաղաքը գտնվում էր հռոմեական կարեւոր առեւտրային ճանապարհների խաչմերուկում։ Այստեղ զարգանում էին թե՛ արդյունաբերությունը, թե՛ առեւտուրը.
«Որովհետեւ ասում ես, թէ Ես հարուստ եմ եւ մեծացայ, եւ ոչ բանի կարօտ չեմ. բայց չգիտես թէ դու թշուառ, եւ ողորմելի, եւ աղքատ, եւ կոյր, եւ մերկ ես»։ Հայտնություն 3։17
Մարդն իր մասին շատ հաճախ չի ունենում համարժեք պատկերացում. չի գիտակցում իր մերկության աստիճանը։ Լավոդիկեն միշտ հայտնի է եղել իր բանկերով, հռետոր Ցիցերոնը խորհուրդ էր տալիս այստեղ կատարել բոլոր դրամական փոխանակումները, հայտնի էր իր բրդյա հագուստի արտադրությամբ եւ դեղագործությամբ, հատկապես աչքի բուժման համար նախատեսված դեղորայքով։ Հենց այս տնտեսական զարգացման երեք ուղղություններն է մատնանշում, ակնարկում Հայտնության գիրքը.
«Ես խրատ եմ տալիս քեզ, ինձանից կրակում փորձուած ոսկի առ, որ հարստանաս, եւ սպիտակ հանդերձներ՝ որ հագնիս, որ քո մերկութեան ամօթը չերեւի. եւ դեղ դիր աչքերիդ որ տեսնես»։ Հայտնություն 3։18
Տերն ասում է՝ աչքի դեղը ինձնից առ, որ տեսնես, հարստանալու համար կրակում փորձված ոսկի առ ինձնից եւ մերկությունդ ծածկելու հագուստը եւս ինձնից առ. այսինքն՝ թվացյալ հարստության փոխարեն Տերն առաջարկում է իրական հարստություն։ Մեզ պետք է արտասվել մեր մեղքերի համար, եւ այդ արցունքները կլինեն իրական աչքի դեղը, որպեսզի պայծառատես լինենք, պետք է վերցնել Քրիստոսի խոնարհությունն ու հագնել Քրիստոսի արդարությունը, այլապես դու ոչինչ ես։ Սա շատ լավ հայելի է, որի մեջ պետք է նայեն բոլոր եկեղեցիները։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ