2005-ին էր, երբ Հովհաննես Այվազյան երջանկահիշատակ ընկերս ինձ նվիրեց Համո Սահյան հանճարի «Քարե պատարագ» խորագրով ընտրանին՝ ոսկեղենիկ իր ձեռագիր-ընծայականով: Ստվարածավալ մի հատորյակ, որ գրքապաշտ, մանավանդ Սահյանապաշտ յուրաքանչյուր մեկի համար գտնված գանձի արժեք կունենար: Հատընտիրի հրատարակիչն ինքն էր, խմբագիրն ու առաջաբանի հեղինակը՝ նույնպես: Խորիմաց գրականագետը, թերեւս, դժվարանար արժեւորել բանաստեղծի պոեզիան այնպես, ինչպես սեղմ, գերխիտ իր տողերում նա է մագաղաթել: Կարծում եմ՝ ընթերցողը, ում ձեռքին հայտնվել է այս հրատարակությունը, չի առարկի ասածիս՝ թեեւ, չգիտեմ, գուցեեւ սխալվում եմ… Իսկ այս հրապարակման բուն ասելիքն իմը չէ, այլ՝ Հովհաննես Այվազյան գրի ու մարդու նվիրյալինը, որի ջանքերի արդյունք է «Քարե պատարագ» հատորյակը: Ուրեմն՝ խոսքը տանք իրեն՝ տաղանդավոր լրագրողին, խմբագրին, թարգմանչին… Այն ներկայացնում ենք աննշան կրճատումներով:
«Որովհետեւ կատարյալ է, ապրեցնող, ապրող է…»
-Վեց տարի Համո Սահյանը փրկել է իմ հոգին,- լսվեց ընկալուչի մեջ,- փրկել է իմ կյանքը: Ես հուսահատ էի, ապրել չէի ուզում արդեն: Այսօր նորից Երեւանում եմ, իմ տանն եմ, ողջ եմ շնորհիվ Սահյանի պոեզիայի:
Ընթերցողը գտել էր բանաստեղծի «Քարե պատարագ» ընտրանու հրատարակության նախաձեռնողի ու խմբագրի հեռախոսահամարն ու պատմում էր օտարության մեջ անցկացրած տարիներին իր ունեցած հոգեկան ապրումների, տվայտանքների, հուսալքության ու անդիմադրելի կարոտի մասին, պատմում էր իր ոդիսականը, իր փրկության համար շնորհակալության զգացումն էր կիսում: Մի փխրուն տիկին՝ մի նուրբ հոգու տեր տատիկ, մի հայրենաբաղձ հայուհի մոլորվել-հուսահատվել էր հեռու-հեռուների անհոգիության ու անհայրենիքության հեղձուկում, հոգեկան փլուզման պահերին քանիցս մտածել ինքնասպանության մասին՝ այլ ելք չգտնելով… Եվ այդ պահերին Աստծո պես ու աստվածային կամքով Համո Սահյանն է նրան հասել: Հայուհին իր հետ արտասահման տարած սահյանական հատորին է ձեռքը երկարել ինքնաբերաբար: Եվ վեցամյա բացակայությունից հետո վերջապես տուն վերադառնալով՝ առաջին գործերից մեկը եղել է հրատարակողին փնտրել-գտնելը: Սահյանի մարդափրկիչ բանաստեղծությանն ուղղված երախտագիտությունը նրան փոխանցելը:
…Իսկ «Քարե պատարագ» ընտրանին այսպես ծնվեց. բանաստեղծի կյանքի մայրամուտն էր, իսկ ես արդեն կյանքիս կեսօրն անցնում էի եւ, ափսոս, ափսոս, նոր-նոր էի ինքս ինձ համար հայտնաբերում նրան: Համո Սահյան լուսատուի լույսը ձգում էր ինձ, եւ ինքը թույլ տվեց, որ մոտենամ իրեն, ու հոգուս ընկնի իր կաթնագույն լույսն ու ճառագումը: Մենք դարձանք, ներեցեք անհամեստությանս, ընկերներ, եւ դարձյալ «ներումն խնդրեմ», ավագ ու կրտսեր եղբայրների պես:
Ինքը մենակ էր, հոգնած իր «երկար կյանքից» ու հիվանդ, հիվանդ… Ժողովրդյան պոռթկումից երջանկացած-մտահոգ-տառապող: Թերեւս, իր կողքին մի լավատեսի կարիքն ուներ: Եվ, շնորհակալություն ճակատագրին, ես եղա այդ լավատեսը, զրուցակիցը: Այդպես ստացվեց: Խիստ մի դատեք ինձ: Մենք զրուցում էինք լավ ու երջանիկ օրերին, վհատ ու անհույս օրերին, տարտամ ու փոփոխական օրերին: Զրուցում էինք առավոտներն ու երեկոները, իր տանը, հեռախոսով ու տնից դուրս: Զրուցում էինք ամեն ինչի մասին՝ պոեզիայի ու կյանքի, անձնականի ու ընդհանրականի: «Դու դրսում շատ ես լինում,- ասում էր,- պատմիր՝ ինչ կա դրսում»: «Լավատես ես,- կատակում էր,- քո լավատեսությունից մի բան ասա՝ ուրախանանք»: Իսկ ինձ իր լույսն ու իմաստնությունն էին գերում: Այդպես տալիս-առնում էինք: Ափսոս, միայն իր կյանքի հինգ-վեց տարին…
Տեսնում էի, որ ֆիզիկապես հալվում էր, եւ շատ էի ափսոսում, որ չի համաձայնում իր ձեռքով ընտրել իր ստեղծագործության մնայունը: Այնպես էի համոզված, որ շատ բան կորցրած կլինի ընթերցողը, եթե չիմանա, թե իր ստեղծագործության որ մասն է առանձնակի արժեւորում բանաստեղծը. չէ որ յուրաքանչյուր ստեղծագործող բոլորից լավ գիտի իր ստեղծածի արժեքը: Այն ափսոսանքից, որ հնարավոր է երբեք չունենանք ընտիր բանաստեղծությունների հեղինակային հատորյակը, ես ավելի էի համառում հատընտիրն իր ձեռքով կազմելու խնդրանքներիս մեջ: Սասունիկ Թորոսյանն էլ ինձ «լարողն» էր: Օրերից մի օր էլ նրա հետ գնացինք Համո Սահյանի մոտ՝ նույն խնդրանքով:
-Չեմ կարող,- ասում էր:
Խնդրում, համոզում էինք, որ իր ձեռքով կազմեր երկերի հատընտիրը: Որ դա պետք է ընթերցողին, իր երկրպագուներն սպասում են դրան:
-Հոգնել եմ,- ասում էր,- ուժ չունեմ: Կօգնենք:
-Ո՞վ պիտի էդքան ընտրի, մեքենագրի, սրբագրի, տանի-բերի:- Համառում էր:
-Ես,- պատրաստակամություն հայտնեցի:- Ամեն ինչ կանեմ: Ձեզ շատ քիչ նեղություն կտամ: Միայն ցանկում նշումներ արեք՝ որն եք ուզում ընտրանի մտցնել, որը՝ ոչ: Բանաստեղծությունների դիմաց՝ գումարած-հանած, գումարհանումի նշանհանումի նշան…
-Ո՞վ պիտի տպագրի: Էս նեղ օրերին ո՞նց պիտի հրատարակեք:
-«Նաիրի» հրատարակչությունը… Շատ ենք ուզում հրատարակել: Եվ կարող ենք: Սփյուռքահայ կամ տեղացի հովանավոր կգտնենք:
-Գրքերս չունեմ,- դիմադրությունը թուլացնում էր:- Չէ, ի՜նչ հատընտիր:
-Ես կբերեմ իմ ունեցածները,- ասացի՝ ոգեւորված իր տատանվելու նշաններից:
Տարա իմ անձնական գրքերը, «Սովետական գրող» հրատարակչության լույս ընծայած երկհատորյակը՝ Ֆ. Մելոյանի խորունկ վերջաբանով:
-Կբերեմ նաեւ «Դաղձի ծաղիկը»,- ասացի:
-Պետք չի,- պատասխանեց,- ինչ որ գրել եմ, այս երկհատորյակում է:
-Բայց «Դաղձի ծաղիկը» հետո է լույս տեսել, եւ այնտեղ շատ են հրաշալի բանաստեղծությունները: Նրանից չե՞ք ընտրելու:
-Այդ էլ քեզ եմ թողնում,- կատակեց:
Հետագայում ես իսկապես ուզում էի «Դաղձի ծաղիկ»-ից էլ քաղել ընտրանու համար, բայց ինձ իրավունք չվերապահեցի խառնվել Աստծո գործերին եւ Սահյանի հետ ստորագրել՝ կազմողներ… Նաեւ ամաչում էի իրեն շատ հարցեր տալ, ընդհատել-շեղել մտքի ընթացքը եւ այդ պատճառով չհարցրեցի, թե ինչո՞ւ է մերժում «Դաղձի ծաղիկը», ինչի համար այսօր զղջում եմ:
Տարա հատորյակը: Ցանկում նշումներ արեց՝ վերնագրերի դիմաց գրելով՝ «այո», «ոչ», երբեմն գումարումի-հանումի նշաններ դնելով: Աշխատեց մի քանի օր…
…Գրքերը վերցրի եւ այնուհետեւ պարբերաբար իրեն տեղյակ էի պահում՝ մեքենագրվեց, սրբագրվեց… Ուրախանում էր, բայց չէր հավատում, թե մի օր կհրատարակվի հատընտիրը. ժամանակներն իսկապես խառն էին ու խրթին: «Հատընտիր» էլ չէր ուզում անվանել: Թե ընտրության մեջ չէր կարողացել իրեն բավարարող բծախնդրություն դրսեւորել, թե պարզապես այդ վերնագիրը չէր ուզում… Չգիտեմ՝ ինչու: Հետո համաձայնեց: Երկար տատանումների արդյունքում: Հետո ծանր հիվանդացավ եւ երկար բուժվում էր երեւանյան երկու հիվանդանոցում: Եվ բառացիորեն մահվան մահճում՝ իր վերջին օրը հուշեց այս ժողովածուի անվանումը:
-«Քարե պատարագ» կդնես,- ասաց:
Թույլ էր խոսում, ցածր ու ոչ այնքան պարզ, եւ ես լավ չլսեցի ու ճշտել ուզեցի.
-Ի՞նչ:
Մշուշված աչքերը հառեց վրաս. մի քիչ նեղացածություն-հանդիմանանք կարդացի հայացքում: Ինձ այդպես թվաց, համենայնդեպս:
«Քարը՝ պատարա՞գ»,- վերահարցրեցի՝ անհարմարության զգացումս հաղթահարելով. ինձ թվաց՝ այդ արտահայտությունն իր «Քարը» բանաստեղծության «Քարը՝ խորան, քարը՝ հավատ… քար՝ մատյան» քանդակումների շարքի բանաձեւումն է:
-«Քարե՛ պատարագ»,- հատ-հատ ու հատու-հատու շեշտեց բառերը՝ ուժ հավաքելով:
Այս ասաց մահվանից մի քանի ժամ առաջ…
Ուրեմն այս գրքով ապրում էր: Ինչպես ապրում էր իր վեջին բանաստեղծությունների «Ինձ բացակա չդնեք» ժողովածուով: Այս գրքերն էլ իրենց հեղինակ-ծնողին էին մինչեւ վերջին ժամերը ապրեցնում մահվան մահճում…
…«Եվ բախտից գոհ եմ այնպես», որ ինձ դեր բաժին հասավ այդ երկու գրքերն ընթերցողի սեփականությունը դարձնելու գործում:
Մեր գրականության կենդանի դասականի, իր դարաշրջանի ամենաբանաստեղծական բանաստեղծի ընտրանու Ա գիրքը լույս տեսավ հեղինակի մահվանից վեց տարի անց, եւս հինգ տարի հետո տպագրվեց Բ գիրքը: Երկուսն էլ արագ սպառվեցին. սպասված ու ցանկալի էին:
…Սահյանի երգի շնորհիվ հոգով ու մարմնապես փրկված ժամանակավոր տարագիր հայուհու, լեփ-լեցուն դահլիճներում Նորին մեծություն սահյանական քնարերգությանը հաղորդակցվող մեծից փոքրի ժողովածուները գրախանութների գրադարակներին երկար չթողնող ընթերցողների համար վերահրատարակում ենք «Քարե պատարագը» մեկ գրքով:
«Որպես մարդ՝ ես դժբախտ եմ, որպես բանաստեղծ՝ երջանիկ,- ասաց մի անգամ Համո Սահյանը:- Որպես բանաստեղծ՝ երջանիկ եմ, որովհետեւ ինչ գրել եմ՝ հրատարակվել է. ոչ մի անտիպ գործ չունեմ: Այս գրքերն էլ կտպագրվեն, բայց հիմա չէ, հետմահու»:
Հետմահու եւս հրատարակվեցին ու վերահրատարակվեցին: Եվ դեռ էլի կվերահրատարակվեն:
«Որպես բանաստեղծ երջանիկ եմ…»: Որովհետեւ կատարյալ է: Ապրեցնող է: Ապրող է:
Հովհաննես ԱՅՎԱԶՅԱՆ
Հ. Գ.- Նման նվիրումի քչերն են ընդունակ: Ես տեղյակ եմ երջանկահիշատակ մեր գրչընկերոջ գործունեությանը «Համո Սահյան» մշակութային կենտրոնում՝ Շչորս Դավթյան Սահյանապաշտ ու եռանդուն գրականագետ-բանասերի հետ համատեղ: Եվ բնավ պատահական չէր նրա «Համո Սահյան» Ոսկե մեդալի արժանանալը:
Իսկ սույն հրապարակումը թող որ ընկալվի որպես նրա հիշատակի կրկնակի խնկարկում: