Լավ հաղորդակցումը նման է թենիսի խաղի, երբ ուշադրությունը հավասարապես տեղաշարժվում է երկու կողմի վրա, ինչպես թենիսի գնդակը: Եթե ինչ-որ մեկը երբեք չի կարողանում իր ուշադրությունն իսկապես կենտրոնացնել իրենից բացի այլ բանի վրա, ապա դա նման է թենիս խաղալուն մի մարդու հետ, որը գնդակը երբեք ճիշտ չի մատուցում կամ էլ երբեք չի վերադարձնում ցանցից այն կողմ անցած գնդակը: Զրույցը մեկեն վերածվում է մենախոսության կամ պարզապես դասախոսության՝ ակամա ուսանող դարձածի համար:
Այսպես կոչված «խոսակցական նարգիզականությունը» արտաքուստ նման է սովորական խոսակցության, սակայն մոտիկից դիտելիս իրականում հիշեցնում է միմյանց շատ մոտ կանգնած երկու մարդու մենախոսություն:
Ինչ-որ առումով լավ զրույցը մահացող արվեստ է, քանի որ մարդիկ իրենց ավելի մեկուսացած են զգում, քան երբեւէ նախկինում: Ավելացնենք այս հարաճուն երեւույթին այն փաստը, որ մարդիկ ավելի հաճախ են ապրում իրենց իսկ ստեղծած յուրատեսակ «զտիչ փուչիկների» մեջ, երբ նրանց հարկ է լինում հանդիպելու միայն այն կարծիքներին, որոնց իրենք արդեն համաձայն են, այն մտքերին, որոնք ճիշտ իրենց նման մարդիկ են արտահայտում, եւ ահա դուք կստանաք խոսակցական աղետի ախտորոշումը….
Ցավոք, մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ունկնդրելու հմտություններ երբեւէ ուղղակիորեն չեն ուսուցանվում, եւ երբ մարդիկ ձգտում են դառնալ ավելի լավ հաղորդակցվողներ, ապա նրանք հաճախ սխալմամբ կարծում են, թե դրա համար իրենք պիտի կարողանան ավելի համոզիչ լինել կամ լավ վիճաբանել…. Արդ, մեզանից շատերը կարծում են, թե ունկնդրելն ավելին չէ, քան հարմար ընդմիջում՝ մտորելու, թե ինչ եք ասելու հաջորդիվ…..
Խոսակցությունները պետք է դիտարկել ոչ թե որպես ուշադրություն գրավելու, այլ ուշադրությունը որեւէ մեկի հետ հաճելի կերպով կիսելու միջոց: Նպատակը ոչ թե ունկնդրի հանդեպ հաղթանակն է, այլ համագործակցությունը: Նպատակը համագործակցությունն է, ոչ թե միակողմանի արտահայտվելը: Նպատակը սովորելն է, ոչ թե սովորեցնելը….
Հաղորդակցումը կարելի է բաժանել երկու մասի՝ բացահայտ եւ ներակա: Բացահայտը մեր արտասանած բառերն են եւ այն ակնհայտ հաղորդագրությունները, որոնք ցանկանում ենք փոխանցել: Սա այն դեպքն է, երբ մենք շիփ-շիտակ ասում ենք ինչ-որ մեկին, թե սոված ենք եւ համբուրգեր ենք խնդրում:
Ենթատեքստը հաղորդակցման ներակա տեսակն է: Դա երբեք շիտակ չի ասվում, հենվում է բառացիորեն ամեն ինչի վրա, բացի ինչ-որ մեկի բերանից դուրս եկած ուղղակի ասվածից, ուստի պահանջում է համարժեք մեկնաբանություն: Համատեքստի միջոցով «Ես սոված եմ» ասելը կարող է ներառել ձեր ստամոքսը տրորելը, շրթունքները լիզելը, մոտակա սեղանի վրայի ճաշացանկը մատնանշելը, հասկացնելը, թե ձեր նախորդ կերակուրը քիչ է եղել….
Ամեն ոք չէ, որ կընկալի այդ նշանները, սակայն աներկբա է տվյալ մարդու հաղորդածի իմաստը: Մենք սովորաբար հաղորդակցվում ենք այդ անուղղակի միջոցներով եւ հույս ենք ունենում, որ դա մեզ կազատի շիտակ արտահայտվելու նեղությունից: Այդկերպ՝ հասկանալով շրջապատի մարդկանց խոսքի եւ վարքի ենթատեքստը, մենք նրանց կատարած, թվում է թե՝ անմեղ հայտարարությունների միջոցով պատկերացում ենք կազմում նրանց իրական զգացմունքների եւ մտքերի մասին:
Ենթատեքստը կարող է հաղորդվել ձայնի տոնով, դարձվածքներով, փոխհարաբերությունների իմացությամբ, մարմնի լեզվով, շարժուձեւով, առկա հանգամանքներով եւ նույնիսկ տրամադրությամբ: Դա հնչում է վերացական եւ խառնաշփոթ, բայց պատկերացրեք, որ ենթատեքստն այն ամենն է, ինչը մենք ուզում ենք ասել՝ մեր գործածած ստույգ բառերից բացի: Ըստ էության, դա է ենթատեքստն օգտագործելու հիմնական պատճառներից մեկը: Դա է մեզ հնարավորություն ընձեռում աշխարհում առաջ ընթանալու անուղղակի եւ ոչ առճակատման միջոցներով: Եթե դուք լավ եք գլուխ հանում ենթատեքստից, ապա դա խնայում է ժամանակը, ավելի արդյունավետ է դարձնում հաղորդակցումը, զարգացնում է ձեր հուզական ինտելեկտը, քանի որ դուք լավ եք հասկանում մարդկանց հարափոփոխ հանգամանքները….
Դիտեք, թե մարդիկ ինչպես են արձագանքում ձեզ: Երբ դուք տեսնում եք, թե որքան համբերատար են մարդիկ, որքան նրբանկատ են վարվում, որքան սիրալիր են ձեզ հետ վարվում, դուք կարողեք եզրակացնել, թե ինչպես են նրանք վերաբերվում ձեր ասածին: Հաշվի առեք նաեւ, թե որքան լուռ են մնում ձեր զրուցակիցները եւ որքան հետաքրքրություն են ցուցաբերում: Եթե ինչ-որ մեկը ձեր պարզ հարցը խնդրում է կրկնել, եւ նրան հարկ է լինում պատասխանի վրա հատուկ մտածել, ապա դրանով նա ձեզ բացասական ենթատեքստ է հաղորդում, անգամ եթե իր համաձայնությունն է հայտնում:
Ենթատեքստը հուշումներ է թողնում, որոնք դուք կարող եք օգտագործել հաղորդակցման գիտակ դառնալու համար: Մարդիկ ամենուր նշաններ են թողնում: Իհարկե, առավել բարդը դրանք հընթացս եւ ակնթարթորեն մեկնաբանելն է, նույնիսկ առօրյա սովորական հաղորդակցման մեջ: Սա, ըստ էության, նշանակում է, որ դուք ունեք երկու խնդիր. առաջին՝ զրույցը վերլուծել եւ համարժեք արձագանքել, երկրորդ՝ պատրաստ լինել արձանագրելու ենթատեքստային ազդանշանները….
Ամեն մի մտից տեղեկույթի մանրամասների լրացումը ենթատեքստի միջոցով լավ եւ հաճելի հաղորդակցման անբաժան մասն է: Եթե ուշադրությամբ դիտեք, ապա շուտով կպարզեք, որ գրեթե այն ամենը, ինչ մարդն ասում է, ունի ենթատեքստի երանգներ՝ նախատեսված գիտակցաբար կամ անգիտակցաբար լրացուցիչ տեղեկություններ հաղորդելու….
Գերազանց ունկնդիրները գիտեն մի բան, որից անտեղյակ են վատ ունկնդիրները, այն է՝ մեկ ուրիշին լսելը եւ ասվածին մասնակցելը կարող է նույնքան, իսկ երբեմն ավելի հաճելի լինել, քան սեփական խոսքն ասելը: Դա կարող է նույնքան գոհացուցիչ լինել, որքան ինչ-որ մեկին ընկույզի պես ջարդելը եւ համապատասխան հույզերն ապրելը: Զրույցի մեջ ներգրավված լինելը չպետք նաեւ ձանձրալի մի բան լինի՝ լուռ նստելն ու գլխով անելը: Դա կարող է լինել միանգամայն գործունյա վիճակ, գրեթե նման հանելուկ գտնելուն, եթե, իհարկե, դուք ունակ եք ճիշտ հարցեր տալու: Սա էլ, ահավասիկ, «գործունյա ունկնդրումն» է….
Գործունյա ունկնդրումը փոխհարաբերություններ կառուցելու ամենաուժեղ հմտություններից մեկն է, որ դուք կարող եք ունենալ ձեր զինանոցում: Դա առաջացնում է հարգանք եւ մտահոգություն ձեր զրուցակցի տեսակետի հանդեպ, դյուրացնում է այն տեղեկության ընկալումը, որը բարդ եւ խճճված է լինում անգործունյա ունկնդրման պարագայում: Դա նաեւ դյուրին է դարձնում հաղորդակցման ընթացքը. դուք հնարավորություն եք ստանում պարզելու դիմացինի պահանջմունքները, ուստի եւ դառնում եք պակաս կաշկանդված եւ ավելի բաց ձեր պատասխաններում…. Մենք սա անվանում ենք «գործունյա» ունկնդրում, քանի որ այն պահանջում է ավելի ծավալուն մտավոր աշխատանք եւ մղում է որոշակի արարքների՝ հասկանալու համար, թե ձեզ ինչ են հաղորդում….
Գործունյա ունկնդրումը ներառում է արձագանքման եւ հարցադրումների մի քանի հիմնական տեսակ, որոնք դուք կարող եք գործածել սկզբից եւեթ: Դրանք նախատեսված են այն բանի համար, որ խոսողը զգա, որ դուք իր հետ միասին հուզական նույն ալիքի վրա եք գտնվում: Վերջիվերջո, ինչպե՞ս է հնարավոր ունկնդրումը, եթե այն լինի միայն ձեր գլխի ներսում եւ չփոխանցվի մեկ այլ անձի….
Գործունյա ունկնդրումը պահանջում է ջանք՝ ձեւավորելու իմաստալից եւ պատշաճ արձագանք, այլապես զրուցակցին կարող է թվալ, թե ինքը խոսում է աղյուսե պատի հետ: Ինչպես քանիցս ասվել է, ունկնդրումն ամեն ինչ է, բայց ոչ անգործություն: Տպավորիչ արձագանքը կցուցադրի մեր մտահոգությունը զրուցակցի ասածի վերաբերյալ….
Ձեր անելիքը դիմացինին տարածք տրամադրելն է՝ հնարավորություն տալով ստույգ շարադրել իր պատմությունը՝ առանց ընդհատելու, մեկնաբանելու եւ հակադրվելու: Հրաշալի մի խորհուրդ-հուշում՝ դիմացինի ասածից հետո դիտավորյալ դադար եք տալիս մի քանի վայրկյան. այդկերպ առաջացած լռությունը հասկացնում է զրուցակցին, որ դուք իսկապես ուշադրությամբ ունկնդրում եք, այլ ոչ թե դադարը գործադրում եք սեփական պատասխանի կամ իր ասածին հակադրվելու համար: Լռությունը հիանալի գործիք է. անկեղծ ուշադրությանն ագուցելով՝ դուք կարող եք քաջալերել մարդուն խոսելու ավելի սրտաբաց եւ հանգամանորեն:
Այն բանից հետո, երբ դուք լսում եք զրուցակցի պատմածը իր հետ պատահածի մասին, ձեր հաջորդ քայլով դուք պետք է ցույց տաք, որ լիովին կենտրոնացել եք նրա գործերի վրա եւ ջանում եք հասկանալ նրա ասածը: Եվ ահավասիկ փորձում եք դրա շուրջ խորհել: Վերջինս տարբեր կերպ է լինում, բայց ի վերջո դուք բառերի միջոցով արտացոլում եք ձեր զրուցակցի հույզերը, այդկերպ ստեղծում եք համարժեք ենթատեքստ եւ հավատացնում, որ լիովին հասկանում եք նրա հոգեվիճակը:
Դա ընդամենը մեկ կամ երկու հաստատական նախադասություն պիտի լինի. ավելիի կարիք չկա: Այդքանը բավական կլինի ձեր զրուցակցին հասկացնելու, որ դուք համակ ուշադրություն եւ հոգածություն եք, ցանկանում եք լսել նրա պատմության շարունակությունը….
Փորձեք նաեւ նրա հույզերն արտահայտել ձեր սեփական բառերով, այլ ոչ թե բառ առ բառ կրկնել նրա ասածը: Վերջինիս պարզ կրկնությունը միայն ցուցադրում է, թե որքան լավն է ձեր կարճ հիշողությունը: Մինչդեռ վերաձեւակերպումով դուք ցույց եք տալիս, որ ձգտում եք ավելի խորքային ըմբռնման: Բացի դրանից, ինչ-որ մեկին որեւէ բան թութակաբար կրկնելը կարող է ընկալվել որպես սարկազմ, նման այն բանին, ինչպես մեծահասակն է լաց լինող երեխայի տնազն անում….
Մենք պետք է հասկանանք, որ հաղորդակցման մեծ մասը քողարկված է մնում, եւ մեզանից շատերն արձագանքում են միայն բացահայտ մասին: Սա նշանակում է, որ մենք հաճախ անտեսում ենք մարդկանց խոսքի եւ արարքների իրական իմաստը: Ուստի այստեղ մտածելակերպի ամենապարզ մեթոդը պահանջում է ինքներս մեզ հարց տալ՝ ինչու է զրուցակիցը դա ասում, ինչ է նա զգում, եւ ինչ կարող է դա նշանակել….
Լավ ունկնդիր լինելը մի երեւելի բարեգործական քայլ չէ, ոչ էլ մի բան, որը դուք անում ենք զուտ հանուն այլ մարդկանց: Երբ մենք իսկապես ուշադրությամբ եւ խոհեմությամբ ենք հաղորդակցվում մեկ այլ մարդու աշխարհի հետ, ապա դրանից շահում են ամենքը, իսկ մենք նաեւ հարստացնում ենք մեր սեփական տեսակետը: Դա «հաղթանակ–հաղթանակ» սկզբունքի գերագույն դրսեւորումն է, ավելին, քան դուք կարող եք պատկերացնել: Համենայն դեպս, սա մտածելակերպի առաջին կարեւոր փոփոխությունն է, որը դուք պետք է կատարեք ավելի լավ ունկնդիր լինելու համար:
Հատված Պատրիկ Քինգի «Ինչպես մտադրվել ունկնդրելու» գրքից:
Թարգմանությունը անգլերենից՝ Վ. Միրզոյանի