12-ամյա Ռուսլանը 1999 թ. ծնողների եւ իրենից ավագ 2 քրոջ հետ ծննդավայր Ապարանից բնակություն հաստատեց Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Գետափ գյուղում։ Ծնվել է 1987 թ. դեկտեմբերի 19-ին։
Քաշաթաղի շրջանի հարավային թեւի՝ Հակարի գետի աջափնյա այս բնակավայրն ազատագրվել էր 1993 թ. ամռանը եւ վերահայցել 3 տարի անց։ Տարածքի ազատագրումը հեշտ չեղավ, հարյուրավոր քաջորդիներ 1992-93 թթ. նահատակվեցին ու վիրավորվեցին, մաքառեցին ու դուրս քշեցին թուրքին հայրենի երկրից։ Այստեղ էլ հասակ առավ Ռուսլան Սերգեյի Իսրայելյանը։ Գետափ գյուղի դպրոցականները հաճախում էին հիմնականում հարեւան Մարտունաշենի Մարտուն Պապիկյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ եւ շարունակեց ուսումը Ռուսլանը՝ 2005-ին ավարտելով այն։ Նույն թվականին էլ զորակոչվեց Հայոց բանակ։ Ծառայությունն անցել է ՊՆ-ում։ Բարեխիղճ ու կարգապահ զինվոր էր, եւ ծնողները հաճախ էին պաշտպանության նախարարությունից շնորհակալագրեր ստանում։ Արցախյան պատերազմում վիրավորված եւ հաշմանդամության կարգ ստացած հայրը, ով ՀՀ ԵԿՄ եւ Արցախի ազատամարտիկների միության անդամ է, հպարտ էր որդով, ով բանակից զորացրվեց ավագի կոչումով։
2010 թ. Ռուսլանն ամուսնացել է ծնունդով Գորիս քաղաքից բուժքույր Սեդայի հետ, ով հարեւան Ձորափ գյուղում էր բնակվում։ Մեծ է եղել նրանց սերը, եւ ունեին ամուր ընտանիք, 2 դուստր՝ 7-ամյա Էլենը եւ 5-ամյա Միլենան։ Շենացնում էին հայրենի Քաշաթաղի շրջանը, կառուցում էին իրենց տունը, այգի էին տնկել։ Հայրենասեր ընտանիքին ու հարազատներին նվիրված անձնավորություն էր Ռուսլանը, ով աչքի էր ընկնում կենսախնդությամբ, լավատեսությամբ։ Աշխատանքում ու ծառայությունում թերանալ չուներ։ Մանկության ու մարտական, ծառայակից ընկերների կողմից շատ էր հարգված ու սիրված։ Զինվորական ծառայությունը Ռուսլանը շարունակեց նաեւ զորացրվելուց հետո։ 2010-2012 թթ. պայմանագրով ծառայել է Քաշաթաղի շրջանում գործող սահմանապահ ջոկատում։ 2014-2015 թթ. դարձյալ պայմանագրով ծառայել է Որոտան քաղաքում գործող զորամասում։ Չնայած կարճ ժամկետին՝ մի քանի անգամ արժանացել է զորամասի հրամանատարության պարգեւներին, գովասանագրերին։
2016 թ. առաջիններից էր Ռուսլանը, որ Քաշաթաղի շրջանի կամավորականների հետ ապրիլի սկզբին մեկնեց առաջնագիծ։ Մինչեւ հունիսի կեսերը ծառայեց Ջրականում (Ջաբրայիլ)։ Այստեղ եւս աչքի ընկավ կարգապահությամբ, արիությամբ եւ Արցախի Հանրապետության նախագահի կողմից արժանացավ «Արիություն» մեդալի, Արցախի վարչապետի կողմից էլ թանկարժեք նվերի՝ ժամացույցի։ 2016-ի ապրիլ-հունիս ամիսներին հարյուրավոր քաշաթաղցիներ ժամկետային զինծառայողների հետ պաշտպանեցին հայրենի հողը եւ տուն վերադարձան։ Այլ էր Արցախյան վերջին պատերազմը, որ նորից առաջնագիծ տարավ հազարավոր հայորդիների, նաեւ քաշաթաղցիներին, ովքեր պատրաստ էին կյանքի գնով պաշտպանելու հայրենի երկրի սահմանը։
Ընդամենը 1 տարի առաջ Ռուսլանը ծառայության էր անցել առաջին բանակային միավորման նորաբաց զորամասերից մեկում, որը գործում էր Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում։ Ու սկսվեց պատերազմը։ Այս զորամասն ամբողջությամբ ընդգրկվեց Արցախի հարավային սահմանի պաշտպանների շարքերում։ Ռազմադաշտ մեկնեց նաեւ Ռուսլանը՝ հավատով, որ հաղթանակած տուն է գալու։ Ռազմաճակատից շատ հեռու չէր Իշխանաձորը, որտեղ իր ընտանիքն էր։ Մոտ 1 ամիս մարտնչեց, մի քանի անգամ ընկել էին շրջափակման մեջ, ենթարկվել ռմբակոծման։ «Հրաշքով փրկվել էր»,- պատմում է կինը՝ Սեդան, ով այդ օրերին իր պարտականությունն է կատարել որպես բուժքույր, իսկ մինչ այդ հերթապահում էր Արցախ-ՀՀ Խնձորեսկի անցակետում գործող հակակորոնային հենակետում։ Այդ ժամանակ էլ դժվար էր բուժքույրերի աշխատանքը, հաճախ էի այցելում հենակետեր, լուսաբանում նրանց աշխատանքը, բայց այլ էր պատերազմը։
«Տուն եկավ մի քանի օրով, որ նորից առաջնագիծ մեկնի, սակայն, քանի որ շտապօգնության մեքենաներրի վարորդի կարիք կար, սկսեց վիրավորներ տեղափոխել»,- շարունակում է Սեդան։ Նոյեմբերի 7-ին վերջին ուղերթը կատարեց քաջորդին ու անմահացավ՝ իր մեքենայով Դավիթ Բեկ գյուղի մոտ ընկնելով ծուղակի մեջ։ Մինչ այդ հարյուրավոր վիրավորներ էր ռազմադաշտից տեղափոխել Գորիս ու Կապան՝ բազում անգամ ընկնելով ռմբակոծության եւ կրակոցների տակ. «Նրա հետ աշխատող բժիշկը՝ Արթուրը, ասում էր՝ Ռուսլանն իմ փրկիչն է. քանի անգամ է մահից փրկել իր համարձակության ու արհեստավարժության շնորհիվ։ Այս անգամ չի հասել ռազմադաշտ, եւ մեքենայում վիրավորներ չեն եղել…»։
72 օր հետո հաջողվել է գտնել հերոսի դին եւ 2021 թ. փետրվարի 10-ին հանձնել մայր հողին՝ հայրենի Ապարանի քաղաքային գերեզմանատանը։ Հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։