Ամյենի Աստվածամոր տաճար (ֆր.՝ Cathռdrale Notre-Dame d՚Amiens)՝ կաթոլիկ եպիսկոպոսության մայր տաճարը Պիկարդիայի Ամյեն քաղաքում։ Իր ծավալով (200 000 քմ) այն գերազանցում է Ֆրանսիայի գոթական բոլոր տաճարներին։
Ամյենի, Ռեյմսի եւ Շարտրի տաճարները գոթիկայի դրսեւորման լավագույն օրինակ են։ Տաճարի ճարտարապետությունը ներառում է գոթիկայի հետեւյալ տարրերը՝ բարձր գոթիկա (հատկապես աբսիդը) եւ պայծառ գոթիկա (հատկապես վիտրաժը, հյուսիսային աշտարակը, թիկնաթոռը)։ Տաճարի երկարությունը 145 մ է, բարձրությունը՝ 42.30 մ։ 1981 թ. տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Տաճարի շինարարական աշխատանքներն սկսվել են 1220 թ.։ 1236 թ. ավարտվել է կունդի կառուցումը, 1243-ին՝ ճակատի աշտարակների։ 1528 թ. միայն տեղադրվել է վեր խոյացող սրաձողը, որի գագաթը երկրի մակերեւույթից 112.7 մ բարձրություն ուներ։
Կոստանդնուպոլսի եկեղեցու կողոպտումից հետո Ամյեն են հասնում Հովհաննես Մկրտչի գլխի դիմային հատվածի մասունքները։ Տաճարի շինարարության մեջ իրենց դերն են ունեցել ճարտարապետներ Ռոբեր դե Լյուզարշը, Թոմաս դե Կորմոնը, վերջինիս որդի Ռենո դե Կորմոնը։