Հանրաքվե անցկացնելով Դոնբասում, Լուգանսկում, Խերսոնում ու Զապորոժիեում՝ Ռուսաստանի Դաշնությունը կարեւոր քայլ է կատարում այդ տարածքների՝ իրեն միացման ճանապարհին: Ամերիկյան «ABC News» հեռուստաալիքի «This Week» ծրագրի հաղորդավար Ջոն Կառլին տված հարցազրույցում ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն, ամերիկյան բանակի պաշտոնաթող գեներալ Դեւիդ Պետրեուսը հայտարարել է, որ տարածքների միացման մասին որոշումը կարեւոր, բայց միեւնույն ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հուսահատ քայլն է: Նա շեշտել է, որ Ռուսաստանը «պարտություն է կրում» Ուկրաինայում, իսկ Ուկրաինայի զինված ուժերը ռուս զինվորներից «շատ ավելի լավ» են պատրաստված: Պետրեուսը վստահ է, որ Արեւմուտքը կշարունակի օգնել Կիեւին, չնայած որ եվրոպացիներն ու ամերիկացիները բացահայտ դեմ են դրան: Ստորեւ ներկայացնում ենք այդ հարցազրույցը, որը պատկերացում է տալիս ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ արեւմտյան պատկերացումների մասին: Իսկ հաջորդ համարում «ՀՀ»-ն կներկայացնի ռուսական կողմի տեսակետները:
-Գեներալ Պետրեուս, որքանո՞վ էր կարեւոր Պուտինի քայլը. ես նկատի ունեմ նոր տարածքների միացման վերաբերյալ նրա հայտարարությունը: Օրերս նա հանդես է եկել ելույթով, չնայած որ դա արել է բառացիորեն այն պահին, երբ ռուսական զորքերը նահանջում էին:
-Դա կարեւոր, բայց միեւնույն ժամանակ հուսահատ քայլ էր: Նա պարտվում է: Մարտադաշտում այն ռեալ իրավիճակը, որի հետ Պուտինը բախվում է, իմ կարծիքով՝ անշրջելի է: Այլ խոսքով՝ վերջին 7 ամսում նախագահ Զելենսկին ու Ուկրաինան շատ ավելի արդյունավետ են մոբիլիզացվել, քան Ռուսաստանը: Ուկրաինան զինակոչ է իրականացրել, ավելի լավ է նախապատրաստել, հանդերձավորել, կազմակերպել ու գործարկել իր զորքերը, քան Ռուսաստանը: Իրականությունը, որի հետ Ռուսաստանը բախվում է հիմա, այն է, որ Ուկրաինան երկիր է, որը բոլոր չափանիշներով երեք անգամ փոքր է Ռուսաստանից, ավելի մեծ ու շատ ավելի մարտունակ բանակ է ստեղծել, ինչպես նաեւ պայքարի այլ միջոցներ: Այս ամենը, անկասկած, ժողովրդավարական երկրների օգնությամբ. ԱՄՆ-ն արդեն մոտ 17 մլրդ դոլար է հատկացրել, իսկ այս շաբաթ կհայտարարվի եւս 1 մլրդ դոլարի նոր փաթեթի մասին՝ զենքի, զինամթերքի եւ նյութատեխնիկական միջոցների տեսքով: Եվ այդ ամենը կատարվում է այլ երկրների աջակցությամբ, արեւմտյան այլ երկրների: Պուտինը բախվել է մի իրավիճակի, որը, ըստ իս, կրկնում եմ, անշրջելի է: Եվ ոչ մի քաոսային մոբիլիզացիա, միայն այդպես ես կարող եմ բնութագրել այն, տարածքների ոչ մի միացում, միջուկային զենքի օգտագործման շղարշված սպառնալիքները նրան չեն օգնի դուրս գալ կոնկրետ այս իրավիճակից: Նա հայտարարել է միացման մասին, չնայած արդեն կորցրել է իրականում կարեւոր մի տարր, իսկապես կարեւոր մի քաղաք, որը մատակարարման առանցքային հանգույց կարող էր դառնալ, եթե նրանք կարողանային առաջ շարժվել: Եվ դա կշարունակվի: Նա կշարունակի պարտություն կրել: Ի վերջո, ստիպված կլինի խոստովանել, որ ինչ-որ պահի անհրաժեշտ է բանակցություններ սկսել, որոնք, ինչպես ասել է նախագահ Զելենսկին, գլխավոր նվաճում կդառնան: Ինչ-որ պահի, եւ ես դրա հետ լիովին համամիտ եմ, Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի մասը, չնայած սկզբի համար պետք է համոզվել, որ մարտադաշտում ամեն բան նորմալ է ընթանում:
-Խոսելով անշրջելիության մասին՝ դուք նկատի ունեք, որ Ռուսաստանն ի վիճակի չէ՞ հաղթել այս հակամարտությունում:
-Նա չի կարող: Այս պահին Պուտինը ոչինչ չի կարող անել:
-Նրանք անհավանական կորուստներ են կրում:
-Անցած յոթ ամսում մենք շատ ցուցանիշներ ենք տեսել, որոնք այն տրամաբանության մեջ են, թե ինչպես Ռուսաստանը պարտվեց Աֆղանստանում: Նրանք պարտություն կկրեն: Այդպես կշարունակվի նաեւ հետագայում: Հիմա միակ հարցն այն է, որ դուք իսկականից սկսեք տեսնել, թե ինչպես են մեծ կազմավորումները ճեղքվում, պառակտվում ու փլուզվում: Ես կարծում եմ, որ ապագայում մենք հենց դա կտեսնենք: Եվ այդ ժամանակ հարցերը, որոնք կծառանան նախագահ Զելենսկու առջեւ, այսպիսին կլինեն՝ արդյոք մենք ցանկանո՞ւմ ենք վերականգնել վերահսկողությունը Դոնբասի այն փոքր հատվածի վրա, որը 2014-ից անջատողականների տրամադրության տակ է, ինչ կլինի Ղրիմի առումով, երբ մենք ինչ-ինչ բանակցություններ սկսենք Ռուսաստանի հետ: Ի դեպ, ի պատասխան նոր տարածքների միացման մասին որոշման՝ Ռուսաստանը ենթարկվել է հարյուրավոր, հազարավոր նոր անհատական եւ այլ պատժամիջոցների, որոնք ապացուցում են, որ Արեւմուտքը դեռ շատ միջոցներ ունի՝ ազդելու Ռուսաստանի վրա, որ իրավիճակը դեռ ավելի վատը կարող է լինել Պուտինի եւ Ռուսաստանի համար: Եվ նույնիսկ միջուկային մարտավարական զենքի կիրառումը մարտադաշտում չի փոխի իրավիճակը:
-Դուք իրո՞ք լուրջ եք վերաբերվում այդ սպառնալիքին:
-Այդ սպառնալիքին անհրաժեշտ է լրջորեն վերաբերվել: Եվ, ինչպես հրապարակայնորեն հայտարարել է Ջեյք Սալիվանը, Միացյալ Նահանգները հստակ հասկացրել է Ռուսաստանին, թե ինչ կարող է տեղի ունենալ՝ ի պատասխան դրա:
-Իսկ ի՞նչ տեղի կունենա:
-Կրկնում եմ, որ Ջեյքի հետ չեմ խոսել այդ թեմայով եւ կարող եմ ձեզ հետ կիսվել միայն իմ հիպոթեզներով: Ի պատասխան միջուկային հարվածի՝ մենք կղեկավարենք ՆԱՏՕ-ի կոլեկտիվ ջանքերը՝ ոչնչացնելու ռուսական բոլոր ոչ միջուկային ուժերը, որոնք կարող ենք տեսնել ու գտնել Ուկրաինայի եւ Ղրիմի մարտական գործողությունների շրջանում, ինչպես նաեւ Սեւ ծովում գտնվող ռուսական բոլոր նավերը:
-Այսինքն՝ Ամերիկան ու ՆԱՏՕ-ն հակամարտության կողմե՞ր կդառնան: Իրավիճակ, որը կառաջացնի 5-րդ հոդվածի կատարման պահա՞նջ…
-Ոչ, 5-րդ հոդվածը դրա հետ կապ չունի, որովհետեւ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ: Դա կլինի ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների արձագանքն այն գործողություններին, որոնք ընդհանրապես ընդունելի չեն:
-Իսկ ի՞նչ կասեք ճառագայթման մասին, որը կվնասի ՆԱՏՕ-ի անդամ երկրներին: Արդյոք դա չի՞ նշանակի, որ գործնականում հարձակում է կատարվել ՆԱՏՕ-ի վրա:
-Հավանաբար, Դուք կարող ենք նման փաստարկ առաջ քաշել: Այլ փաստարկներ էլ կան, որ դա սարսափելի է, որ այդպիսի գործողությունները չի կարելի անպատասխան թողնել, որ արձագանքն անպայման պետք է հետեւի դրանց: Բայց հակամարտության մասշտաբները չպետք է մեծանան, խոսքը միջուկային հարվածին միջուկային հարվածով պատասխանելու մասին չէ: Չի կարելի ներգրավվել միջուկային էսկալացիայի գործընթացում: Սակայն անհրաժեշտ է ցուցադրել, որ նման գործողություններն ընդհանրապես ընդունելի չեն:
-Երբ Պուտինը հայտարարեց միացման մասին, իր խոսքում, ինչպես ինձ թվաց, նա խոսում էր ոչ այնքան ՆԱՏՕ-ի, որքան առավել մեծ մասշտաբային հակամարտության մասին, որը, ըստ նրա, ծավալվում է Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ:
-Նա կարող է փորձել տեղի ունեցողը ներկայացնել այնպես, ինչպես ինքն է ուզում, այնպես, որ ահեղ թվա, որ ահեղ լինի, որպեսզի Եվրոպային ստիպի ցնցվել: Նրան թվում է, որ կարող է կոտրել Եվրոպան, եթե ձգտի: Հիշեք՝ ռուսները կարողացան դիմակայել Նապոլեոնի, նացիստների ու այլ հարձակումներին: Բայց ես չեմ կարծում, որ ՌԴ-ն կարող է կոտրել Եվրոպան, որը ծանր ձմեռ պետք է անցկացնի, երբ բավարար չափով բնական գազ չի մատակարարվի: Եվրոպան դրան կդիմանա, եւ ես չեմ կարծում, որ կնահանջի Ուկրաինային աջակցության հարցում:
-Ռուսաստանի ներսում Պուտինը ինչ-որ լուրջ դիմադրություն ունի՞: Մենք տեսնում ենք բողոքներ, տեսնում ենք, թե ինչ է կատարվում մոբիլիզացիոն հավաքի որոշ կետերում: Արդյոք Պուտինը պետք է անհանգստանա՞ ընդդիմության մասով:
-Այո: Եվ հենց դա էր պատճառը, որ մինչ այժմ նա նույնիսկ մասնակի մոբիլիզացիա չէր հայտարարում: Նա տատանվում էր: Եվ, իհարկե, հիմա արդեն չափազանց ուշ է, որովհետեւ ի վիճակի չէ ստեղծել բավարար չափով մարտունակ ուժեր ու կազմավորումներ՝ բացերը լրացնելու համար: Նրանք կշարունակեն փորձել տեղաշարժել պաշտպանական գծերն արեւելքում։ Նրանք կկորցնեն դիրքերը հարավում։ Եվ, ի վերջո, Դոնեցկում ու Զապորոժիեում կմնան միայն առանձին տարածքներ։ Կրկնում եմ՝ նրանք հայտնվել են շատ ծանր վիճակում։ Որոշ հաղորդումների համաձայն՝ Ռուսաստանից ավելի շատ տղամարդիկ են արտագաղթել, քան կանչվել են զինվորական ծառայության։
-Հնարավոր է՝ դուք տեսել եք երկրից հեռանալ ցանկացող մարդկանց երկար հերթերը: Գեներալ Պետրեուս, շնորհակալ եմ ձեզ, որ եկաք մեր տաղավար:
-Շնորհակալություն: