Պրահայում կայացած հանդիպումներից հետո հնչած հայտարարությունները հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացներին վերաբերող ավելի շատ հարցեր առաջացրին, քան լուծումներ նախանշեցին: Հանդիպումներից հետո եւ՛ թուրքական, եւ՛ ադրբեջանական կողմից հնչեցին հայտարարություններ, որոնք չեն տեղավորվում տարածաշրջանային կարգավորումների ընդունված չափանիշներով գործընթացների շրջանակներում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ալիեւին առաջարկել է բացել հաղորդակցության բոլոր ուղիները՝ պետությունների ինքնիշխանության շրջանակներում, իսկ Ալիեւն էլ հակառակի մասին ասաց, թե իբր իր դիմումին ի պատասխան Հայաստանն Ադրբեջանին ճանապարհ չի տալիս դեպի Նախիջեւան: Բաքվի առաջնորդի մանիպուլյատիվ հայտարարության հասցեատերը խնդրին ոչ տեղյակ լայն միջազգային հանրությունն է: Այդ խոսքերը միջազգային հանրության աչքերում միայն ադրբեջանական ագրեսիայի հիմնավորման անհաջող փորձ կարող են դիտարկվել:
Ակնհայտ է, որ այստեղ խոսքը բացվելիք ճանապարհների կարգավիճակների տարբեր ընկալումների մասին է: Հայաստանը հայտարարում է, որ դրանք պետք է անցնեն տվյալ երկրների օրենսդրությունների նորմերի կարգավորմամբ, Բաքուն էլ մտավախություն է հայտնում, թե իր սանձազերծած սեպտեմբերյան արյունալի ագրեսիաներից հետո սեփական քաղաքացիներն անվտանգության խնդիրներ կարող են ունենալ ՀՀ սահմանապահ եւ մաքսային կառույցների ծառայողների հետ անմիջական շփումների ժամանակ:
Ակնհայտ է, որ վերեւում շարադրված տեսակետները չհամընկնելու նման միտումը բանակցային գործընթացում քննարկումների հիմնական հարցն է, որը պետք է դիտարկվի խաղաղության փաստաթղթի մշակման, ինչպես նաեւ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների ժամանակ: Մյուս կողմից էլ, հանրահայտ փաստ է, որ բանակցություններն սկսելու եւ դրանց բնականոն ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ են նպաստող պայմաններ:
Սահմանին Ադրբեջանի կողմից պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտումները, բնականաբար, չեն կարող նպաստել իրավիճակի լիցքաթափմանը եւ բանակցությունների վերականգնմանը: Մյուս կողմից էլ Թուրքիան այս պարզ իրողությունը չի ցանկանում տեսնել եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ միայն չի կապում պաշտոնական Բաքվի ոչ կառուցողական կեցվածքի հետ, այլեւ սկսել է դրանց դանդաղման մեջ մեղադրել բոլոր հնարավոր կառույցներին՝ չտեսնելով սեփական ապակառուցողական գործողությունները:
Օրերս Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարեց, թե Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը «դեմ է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին»։ Թուրքիայի ԱԳ նախարարը նշեց, որ «հայկական սփյուռքի որոշ հատված դեմ է լավ հարաբերությունների հաստատմանն ու աջակցում է թշնամությանը», եւ Ֆրանսիայում բնակվող թուրքերին կոչ արեց «պայքարել նման դրսեւորումների դեմ»։
Չավուշօղլուի հայտարարությունները կարգավորումների գործընթացի դանդաղ ընթացքի հիմնական պատճառների անտեսման ակնառու օրինակ են: Ակնհայտ է, որ եթե հայկական սփյուռքում նման տրամադրություններ էլ կան, ապա դրա պատճառը Ադրբեջանի եւ Թուրքիայի պահվածքն ու գործողություններն են, որոնք չեն տեղավորվում տարածաշրջանում պետությունների իրավունքների եւ ինքնիշխանության փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա:
Այլ կերպ ասած՝ հայկական սփյուռքի մտահոգության պատճառ կարող է լինել միայն Բաքվի ոչ կառուցողական պահվածքը, որը միանշանակ խրախուսվում է Անկարայի կողմից: Միտումների նման գերակայությունների պայմաններում տարակուսելի է Չավուշօղլուի դիմումը Եվրոպայում բնակվող թուրքերին՝ միջոցներ ձեռնարկել հայկական սփյուռքի դեմ: Նախ՝ շատ անորոշ է, թե ԵՄ երկրներում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, թուրքերը ի՞նչ միջոցներ կարող են օգտագործել, առավել եւս, որ հայ-ադրբեջանական, հետեւաբար՝ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դանդաղում է առաջին հերթին Բաքվի գործողությունների եւ պահվածքի հետեւանքով: Հետեւաբար, եթե Թուրքիային մտահոգում է հայկական սփյուռքի դիրքորոշումը, ապա վերջինս պետք է հորդորի «կրտսեր եղբորը»՝ բանակցությունների ժամանակ փոխել խոսույթը եւ զերծ մնալ սահմանային միջադեպերից ու ագրեսիայից: Միայն այդ դեպքում հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից հայկական սփյուռքը կարող է տեսնել, որ թյուրքական կողմն, իրոք, ցանկանում է հակասությունները լուծել, խաղաղության եւ համագործակցության դարաշրջան բացել տարածաշրջանում: Առայժմ հայկական սփյուռքը եւ միջազգային հանրությունն այդ ցանկալի միտումները չեն տեսնում, ինչի պատճառը միանշանակ թյուրքական կողմն է: