ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքում կազմակերպվեց բանասիրական գիտությունների թեկնածու Արմենուհի Դեմիրճյանի «Հայկ Նահապետ» գրքի շնորհանդեսը: Այն վարեց դերասան, ասմունքող, Վանաձորի պոեզիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ջիվան Սարգսյանը:
ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանն ասաց. «Մեր երկրի բարդագույն ժամանակներում Արմենուհի Դեմիրճյանի «Հայկ Նահապետ» գրքի լույս ընծայումը եւս մեկ խթան կարող է դառնալ մեր ժողովրդի հայրենասիրական ոգին բարձրացնելու համար: Հայկ Նահապետի մասին գրված նախորդ գրքերից, առանձին գիտական աշխատություններից այս գիրքը տարբերվում է բոլորիս համար մինչ այժմ անհայտ բազմաթիվ փաստերով, որոնց հայտնաբերման համար հեղինակից տարիների տքնաջան աշխատանք է պահանջվել: Պատումը մատչելի է բոլոր տարիքի ընթերցողների համար: Այնքան պատկերավոր են նկարագրված դրվագները, որ ընթերցողը կարծես մասնակից է դառնում մեր ազգի համար ճակատագրական ու բախտորոշ իրադարձություններին: Կուզենայի, որ եւ՛ Հայկ Նահապետի, եւ՛ մյուս պատմական ժամանակաշրջանների մասին ֆիլմեր նկարահանվեն»:
Վերլուծական խոսքով հանդես եկավ գրքի նախաբանի հեղինակ, Վանաձորի պետական համալսարանի դասախոս, ԲԳ դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը: Նա նշեց, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Դերենիկ Դեմիրճյանը գրեց «Վարդանանք» վեպը, իսկ Հայաստանի համար պատերազմական այս օրերին Արմենուհի Դեմիրճյանը գրեց «Հայկ Նահապետ» գիրքը: Թ. Շահվերդյանն անդրադարձավ բաբելոնյան աշտարակաշինությանը Հայկ Նահապետի ու Բելի մասնակցությանը, երկաթի գյուտին եւ մյուս բոլոր հետաքրքիր փաստերին, որոնց անդրադարձել է Արմենուհի Դեմիրճյանը: Գրքի մի հատված կարդաց Վանաձորի պոեզիայի թատրոնի սան Սոնա Ատիկյանը, իսկ «Հայկի լայնալիճը» հատվածը կարդաց «Արվեստագետ» հանդեսի գլխավոր խմբագիր, ասմունքի վարպետ Իվան Անտոնյանը:
Գիրքն արժեւորեցին դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը, Վանաձորի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանը, վաստակաշատ մանկավարժ, հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ասյա Սարգսյանը, արվեստի պետական քոլեջի դասախոս Մհեր Մելիքյանը, բանաստեղծուհի, մանկագիր Ռոզա Վարդանյանը:
Արմենուհի Դեմիրճյանը, շնորհակալություն հայտնելով բոլորին, տեղեկացրեց, որ
իրեն շատ են ոգեւորել Թերեզա Շահվերդյանը, գրքի խմբագիր Վահագն Սարգսյանը, Սամվել Խալաթյանը, ուրիշներ, եւ պատահական չէ, որ գրքի շնորհանդեսը կայանում է հայրենի քաղաքում:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի