Սեպտեմբերի 13-15-ից հետո Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ տեղի ունեցած բազմակողմ հանդիպումների եւ բանակցությունների հիմնական կետերից մեկը Բաքվի ագրեսիվ գործողությունների հետագա բացառումն է: Այդ մասին են վկայում հանդիպումներից հետո տարածված հաղորդագրությունների բովանդակությունները եւ տողատակերը, սակայն, դատելով պաշտոնական Բաքվի անփոփոխ ձեռագրից, վերջինս փորձում է անտեսել միջազգային հանրության՝ արդեն ճնշման որակներ ստացող հայտարարություններն ու հորդորները:
Իր գործելաոճին հավատարիմ՝ ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների վերաբերյալ, որոնք անմիջապես հերքվում են ՀՀ ՊՆ-ի հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման հաղորդագրություններով: Այստեղ տեղին է հիշեցնելը, որ նման ապատեղեկատվության հոսք Ադրբեջանը կազմակերպեց նաեւ սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողություններից առաջ: Ներկայում Բաքուն ավելի ռիսկային գործողությունների է դիմում՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելով, թե հայկական զինուժը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում: Նախկինում այս հատվածի վերաբերյալ նման ապատեղեկատվություն տարածելուց Ադրբեջանը զերծ էր մնում: Այսօր արդեն Բաքվի՝ իրականությանը չհամապատասխանող լուրերը վերաբերում են ՀՀ Տավուշի սահմանագծին, որի երկայնքով կան բազմաթիվ հայկական սահմանամերձ բնակավայրեր, նույնը նաեւ ադրբեջանական կողմից: Եթե սահմանի հարավային եւ հարավարեւելյան հատվածի բնակավայրերում Ադրբեջանը չի բնակեցնում տեղահանված հայ բնակչության տները, ապա հյուսիս-արեւելյան հատվածում ադրբեջանական գյուղերն ամբողջությամբ բնակեցված են:
Պաշտոնական Բաքվի այս ծայրահեղ ռիսկային գործողությունները հղի են մեծ վտանգներով: Նման ապատեղեկատվական հոսք ապահովելուց հետո Ադրբեջանը հոկտեմբերի 11-ին արդեն դիմեց սահմանային սադրանքի՝ խախտելով հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում: Նրա այս գործողությունները չեն տեղավորվում բանակցային գործընթացում կարծես թե արձանագրվող դրական տեղաշարժերի շրջանակներում:
Երբ հոկտեմբերի 11-ին Ադրբեջանը հերթական անգամ խախտեց հրադադարը արեւելյան սահմանին, Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն տեղական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց, թե Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնարար կետերի շուրջ, մնում է դրանք իրականացնել։ Նա չմոռացավ շեշտել, որ Անկարայի՝ Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները միմյանց հետ կապված են, ավելին՝ վերջինը Թուրքիայի կարմիր գիծն է: Այս գործընթացների հետ չհամատեղվող Բաքվի ագրեսիվ վարքը խոսում է այն մասին, որ վերջինս փորձում է սահմանային իրավիճակը մշտական լարվածության մեջ պահել: Այն, բնականաբար, ազդում է բանակցային գործընթացի վրա, որը թեւակոխել է վճռորոշ փուլ:
Մյուս կողմից էլ Բաքվի նման պահվածքը բացահայտ դեմարշ է՝ ուղղված միջազգային կառույցների, հանրության եւ խոշոր միջնորդ պետությունների՝ հրադադարը պահպանելու կոչերին: Ադրբեջանն իր այս վարքով ավելորդ անգամ հաստատում է հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հրամայականը: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ջրի երես հանել ադրբեջանական քարոզչական մեքենայի ապատեղեկատվության հոսքերը եւ իրավիճակը զերծ պահել հետագա շիկացումից: