Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստակամություն է հայտնել շտապ բանակցություններ վարել Իսրայելի հետ՝ գերիների փոխանակություն կազմակերպելու համար, սակայն հրաժարվել է այդ հարցը կապել Գազայի հատվածում ենթակառուցվածքների վերականգնման հետ: Չնայած այն բանին, որ վերջերս հաջողվել է կրակի դադարեցման ռեժիմ հաստատել, շարժումը, ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, ձեռնամուխ է եղել իր հրթիռային զինանոցի վերազինմանը՝ հնարավոր նոր հակամարտության դեպքում հակառակորդին դիմակայելու համար: Ռազմական ջանքերն ուղեկցվում են դիվանագիտական միջոցներով. ՀԱՄԱՍ-ը լրջորեն խորհում է սիրիական կառավարության հետ հարաբերությունների վերականգնման մասին:
Պաղեստինյան շարժման՝ շտապ երկխոսության պատրաստակամության մասին հայտարարել է Գազայի հատվածում նրա առաջնորդ Յահյա Սինվարը՝ ելնելով Եգիպտոսի ընդհանուր հետախուզության վարչության ղեկավար Աբաս Քամելի հետ բանակցությունների արդյունքներից: «Վերջին օրերին առաջխաղացում է նկատվում գերիների փոխանակության հարցում, սակայն այն դադարեցվել է օկուպացիոն երկրի իշխանությունների մոտ կայուն կառավարության բացակայության պատճառով,- ասել է Սինվարը՝ նկատի ունենալով, որ Իսրայելում քաղաքական ճգնաժամը շարունակվում է, իսկ հիմնական ուժերն ի վիճակի չեն ձեւավորել կոալիցիա:- Մենք պատրաստ ենք շտապ բանակցությունների»:
Իսրայելն առայժմ կենտրոնացած է ներքին խնդիրների վրա. օրերս ընդդիմադիր կուսակցությունները բազային համաձայնության են հասել առանց վարչապետ Բենյամին Նաթանյահուի կոալիցիայի ստեղծման մասին:
Արտերկրում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Մուսա Աբու Մարզուկը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ խումբը հրաժարվում է գերիների փոխանակման գործընթացը կապել Գազայի հատվածի ենթակառուցվածքների վերականգնման խնդրի հետ: Առափնյա անկլավը լրջորեն վնասվել է մայիսյան հրետակոծության հետեւանքով եւ վերակառուցման կարիք ունի, բայց Իսրայելում կոչեր են հնչում խստացնել մարդասիրական օգնության, այդ թվում՝ շինանյութերի ներմուծման պայմանները, որպեսզի զինյալները թունելային համակարգի վերականգնման հնարավորություն չունենան: Այլ կերպ ասած՝ չկարողանան հարձակվել հրեական պետության վրա եւ թաքցնեն իրենց զինանոցները: Իսկ ՀԱՄԱՍ-ն անկլավին օգնող արաբական երկրներին կոչ է անում վերականգնել Գազան առանց միջնորդների:
Եգիպտոսը, որպես հակամարտության մեջ դիվանագիտության գլխավոր երաշխավոր, կողմերին կոչ է անում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել խաղաղության ամրապնդման ու քաղաքական գործընթացների աշխուժացման նպատակով լուրջ եւ կառուցողական բանակցություններ սկսելու համար հարմար պայմաններ ստեղծելու համար՝ «զերծ մնալով ցանկացած քայլից, որը խոչընդոտում է այդ ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին»: Հենց այդ նպատակով էլ Քամելն այցելել է Պաղեստին եւ Իսրայել: Եվս մեկ հարց, որը հետաքրքրում է Կահիրեին, կապված է միավորման նպատակով «Պաղեստինի ազգային ազատագրության շարժում» եւ ՀԱՄԱՍ խմբավորումների միջեւ ընթացող երկխոսության շարունակման հետ: Պաղեստինյան դիմադրության որոշ խմբակցություններ դեռ չեն համակերպվում միմյանց, չնայած թվացյալ ընդհանուր նպատակներին:
Իրանական «Ֆարս» գործակալությունը, հենվելով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի վրա, հաղորդում է, որ Գազայի հատվածի վարչակազմը ձեռնամուխ է եղել իր հրթիռային զինանոցների վերազինմանը՝ այն բանի համար, որ դիմակայի իսրայելցիներին լարվածության հնարավոր նոր ալիքի դեպքում: Մերձափնյա անկլավում նոր ռումբերի արտադրությունն սկսվեց կրակի դադարեցման ռեժիմի հաստատումից անմիջապես հետո: Շարժման քաղբյուրոյի ներկայացուցիչներից մեկը՝ Ֆաթհի Համադը, շեշտել է, որ իսրայելական զանգվածային ռմբակոծության ենթարկված ֆաբրիկաներն ու վարպետանոցներն արդեն վերսկսել են արտադրությունը: «Մենք կրկին հազարավոր հրթիռներ ենք արտադրում, եւ դրանք Նաթանյահուին կստիպեն ճկունություն դրսեւորել»,- վստահություն է հայտնել Համադը:
Միեւնույն ժամանակ ՀԱՄԱՍ-ը դիվանագիտական միջոցներ է գործարկում: Այսպես՝ հայտնի է դարձել պաշտոնական Դամասկոսի հետ շփում հաստատելու նրա փորձերի մասին, որի հետ հարաբերությունները վատթարացել են Սիրիայում հակակառավարական ելույթների ֆոնին. պաղեստինյան շարժումը պարզապես հրաժարվեց պաշտպանել նախագահական պալատը: Այսպես՝ պաղեստինցիների պատվիրակությունը, ըստ լիբանանյան մամուլի հաղորդումների, այցով Արաբական Հանրապետություն է ուղեւորվել դեռեւս իսրայելցիների հետ ռազմական գործողությունների ժամանակ: Հյուրերին անձամբ ընդունել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, որը շեշտել է իր երկրի կայուն դիրքորոշումը պաղեստինյան դոսյեի եւ պաղեստինյան ժողովրդի դիմադրության իրավունքի նկատմամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ոչ միայն ՀԱՄԱՍ-ի, այլ նաեւ այլ խմբակցությունների ներկայացուցիչներ:
Լիբանանյան «Ալ-Աքբար» թերթը, հենվելով իր աղբյուրների վրա, հաղորդել է, որ պաղեստինցիները մտադիր են Սիրիայի հետ հարաբերությունների վերականգնումը քննարկել նաեւ «Հըզբոլլահի» եւ Իրանի ներկայացուցիչների հետ, որոնք կազմում են դիմադրության, այսպես կոչված, շիական առանցքը:
«Մեր զինված պայքարը ռազմական պոտենցիալ, մարտական հնարավորություններ, Պաղեստինին մոտ գտնվող երկրներում նախապատրաստություն ու զարգացում է պահանջում,- վաշինգտոնյան «Al-Monitor»-ին ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներից Մահմուդ Մարդավին:- Վերջերս մենք դրական ազդանշաններ ենք ստացել Սիրիայի նախագահից՝ կապված մեր հարաբերությունների հետ: Չենք փակում դռները, եթե դա ծառայում է մեր գործին: Սակայն մինչ օրս չի քննարկվել ՀԱՄԱՍ-ի գրասենյակը Սիրիա վերադարձնելու հարցը»:
Պաղեստինյան ուժերի ու սիրիական կառավարության միջեւ բանակցությունների հաջողությունը կրկնակի սպառնալիք է Իսրայելի համար. Գազայի հետ յուրաքանչյուր հակամարտություն կարող է առաջացնել հրեական պետության հյուսիսային հարեւանների սինխրոն արձագանքը: Առավել եւս, որ ՀԱՄԱՍ-ի ու իսրայելցիների միջեւ վերջին սրումը տեղի է ունեցել լիբանանյան կողմից հրթիռների պարբերաբար արձակման ֆոնին: