Բրատիսլավա ամրոց՝ ամենակարեւոր եւ գլխավոր ամրոցը Բրատիսլավայում, Սլովակիայի մայրաքաղաքում։ Այն տեղակայված է Բրատիսլավայի կենտրոնում, Դանուբ գետի ափին, ժայռոտ բլրի վրա։ Դարեր շարունակ եղել է քաղաքային համայնապատկերի անբաժան մասը։
Մոնումենտալ շինությունը, որը 20-րդ դարի երկրորդ կեսին վեր է խոյացել ավերակներից, խորհրդանշում է սլովակական պատմության ավելի քան հազարամյա պատմությունը։ Կառույցն ընդգրկված է Սլովակիայի մշակույթի ազգային հուշարձանների ցանկում։
Ամրոցից բացվում են հրաշալի տեսարաններ դեպի Բրատիսլավա, Ավստրիա, իսկ պարզկա եղանակին նաեւ տեսանելի են Հունգարիայի որոշ հատվածներ։ Շատ լեգենդներ են կապված ամրոցի պատմության հետ։
Ամրոցը վերակառուցվել է հիմնովին։ Տեղի բլրի վրա առաջին կառույցը մոտավորապես հայտնվել է եգիպտական բուրգերի կառուցման ժամանակաշրջանում (Ք. ծ. ա. 3-րդ հազարամյակի 2-րդ կես)։ Այդ միջնաբերդը հավանաբար հայտնի է դարձել կելտերի ժամանակշրջանում։ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում, որի սահմանն անցնում էր Դանուբի երկայնքով, այստեղ էր դրա սահմանակետերից մեկը։
Ներկայիս ամրոցի ընդարձակումը սկսվել է Նիտրանյան իշխանության ժամանակից, երբ այստեղ առաջացան բազմաթիվ հանրահայտ շինություններ։ Հնագույն ձեռագիր վկայությունները վերագրվում են 907 թ., դրանք պահվում են «Զալցբուրգյան անալներ» լատինական ձեռագրերում։