Պատմական Ճահուկ գավառը, որը Մեծ Հայքի Սյունիք աշխարհի արեւմտյան կողմում է, դարեր ի վեր եղել է հայու օրրան։ Նախճավան գետի Ճահուկ (այժմ՝ Ջահրի) եւ Շահապոնք (այժմ՝ Շահբուզ) վտակների ավազաններում է։ Այս գավառի մասին Ստեփանոս Օրբելյանը գրել է. «Երկուտասներորդ՝ Ճահուկ գաւառ, որ եւ ձորն որ Շահապաւնս կոչի»։ Պատմիչի եկեղեցական հարկացուցակում նշված է նաեւ Ճահուկ գյուղ։ Իսկ միաբան Ա. Սեդրակյանը Ճահուկ գավառի բնակիչներին անվանել է «ջահկեցիներ»։
Գավառը մինչեւ 18-րդ դարը ունեցել է 334 հայկական բնակավայր։ Ճահուկ գավառ կար նաեւ Կորճեքում։ Գավառի պատմական գյուղերից է Գոմեր-Գոմուր-Գյոմուր բնակավայրը, որից մոտ 5 կմ հեռավորության վրա է Հազարափրկիչ վանքը, որը գործել է մինչեւ 1988 թ. եւ եղել է տարածքի տասնյակ բնակավայրերի կարեւոր ուխտավայրերից մեկը։ Վանական համալիրը հայկական քիչ ուսումնասիրված պատմական հուշարձաններից է եղել, այդ իսկ պատճառով վերջինիս մասին քիչ տեղեկություններ են հայտնի։ Այն կազմված է եղել մի շարք շինություններից՝ եկեղեցի, մատուռ, պարիսպ, գերեզմանատուն եւ այլն։ Կառուցվել է 11-12-րդ դարերում։ Պատվիրատուի եւ ճարտարապետի մասին տեղեկություններ հայտնի չեն։ 17-րդ եւ 19-րդ դարերում վանքի առանձին կառույցներ վերանորոգվել են։ Վանական համալիրի եկեղեցին ունեցել է երկհարկանի դամբարան-եկեղեցու հորինվածք։ Կառուցված է եղել սրբատաշ եւ կիսամշակ բազալտից։ Մուտքը արեւմտյան ճակատից էր։ Ուներ մեկ զույգ ավանդատներ։ Եկեղեցու հարեւանությամբ գործել է նաեւ մատուռ՝ Նախիջեւան գետի աջ ափին։ Կառուցվել է 16-17-րդ դարերում կիսամշակ քարից։ Մուտքը բացված էր արեւմտյան կողմից։
Մինչեւ 1970-ական թթ. մատուռի շրջակայքում դեռեւս պահպանվել էին 17-րդ դարի մի քանի փոքրիկ խաչքարեր։ Արցախյան շարժման ժամանակ նաեւ Նախիջեւանում թուրքերը կազմակերպեցին հայության հալածանքներ, ջարդեր, եւ մեր պատմական երկրի այս հատվածը եւս հայաթափ եղավ։ Մի քանի տարվա ընթացքում Նախիջեւանում, որը նույնպես 1920-ական թթ. բռնակցվեց Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը, հայկական հուշարձանները վերացվեցին։ Ճահուկ գավառի Գյոմուր, Գժաձոր, Առինջ, Բադամլու, Նորս, Մազրա գյուղերից տեղահանված մեր հայրենակիցներից շատերն այժմ բնակվում են Արարատի մարզի տարբեր բնակավայրերում, ստեղծել են «ՆԱԽԻՋԵՎԱՆԱՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպությունը (նախագահ՝ Լեւոն Ստեփանյան)։ Հայրենի Հազարափրկիչ սրբավայրի կարոտով Նոր Խարբերդի վարչական տարածքում՝ Նուբարաշեն տանող ճանապարհի աջակողմում նախիջեւանցիները կառուցել են Հազարափրկիչ անունը կրող մատուռ-եկեղեցի։ Գրեթե 3 տասնամյակ է արդեն, ինչ նախիջեւանահայերի շուրջ 350-ամյա ավանդությունը՝ Հազարափրկչի ուխտը, նշվում է այստեղ՝ Սուրբ ՀԱԶԱՐԱՓՐԿԻՉ սրբատեղիում։
Ամեն տարվա հոկտեմբերի 2-րդ կիրակին նշվում է պատմական Նախիջեւանի, ինչպես նաեւ Արցախյան եւ ՀՀ սահմանների համար 1990-ականների եւ հետագա պատերազմների ժամանակ սուրբ նահատակների հավերժ հիշատակման օր: Կատարվում է մոմավառություն, խնկարկում։ Ուխտի օրն այս տարի նշվեց հոկտեմբերի 9-ին։ Ծնունդով Գյոմուր գյուղից է 83-ամյա Նուբար մայրիկը, ընկերոջս՝ Սուրեն Շահինյանի մայրը, ով խորհրդային տարիներին է ընտանիքով տեղափոխվել Այնթապ գյուղ։ Մեծ սիրով ու ցավով է պատմում սիրելի բնակավայրի, իրենց նշանավոր ուխտավայր-սրբավայր Հազարափրկիչ վանքի մասին։ Չնայած խորհրդային կարգերին, դարերի պատմություն ունեցող ավանդույթը շարունակել են։ Ողջագուրվում է նախիջեւանցի ծանոթ ու բարեկամների հետ, հիշում են կորուսյալ հայրենիքը։ Մինչեւ 1988 թ., հոկտեմբերի երկրորդ կիրակի տեղահանված շատ նախիջեւանցի հայեր են ուխտի գնացել Հազարափրկիչ վանք։ Այսօր միայն հուշերն են մնացել, եւ նորակառույց մատուռն է դարձել պատմական վանքի փոխարինողը։
Հոկտեմբերի 9-ին անձրեւային եղանակ էր, բայց մարդաշատ էր Հազարափրկիչ մատուռ-եկեղեցու տարածքը։ Հիմնականում տարեց նախիջեւանցիներ էին, որ եկել էին ուխտի։ Շատերը մատաղացու աքաղաղ ու գառ էին բերել։ Տարածքում կազմակերպվել էր նաեւ տոնավաճառ։ «Նախիջեւանահայերի հայրենակցական միավորում» ՀԿ-ի կողմից, Ժորա Մկրտչյանի աջակցությամբ, Բաբաջան Բաբախանյանի, Վլադիկ Մանուկյանի, այլոց նախաձեռնությամբ, կազմակերպվել էր մշակութային մաս։ ՀԿ փոխնախագահ, Արցախյան գոյամարտի մասնակից Բաբաջան Գյոմուրցի Բաբախանյանը ներկայացրեց ուխտագնացության պատմությունը, կոչ արեց չմոռանալ պապերի հիմնած ավանդույթը։ Արարողությանը ներկա էին պատմաբան, մատենագետ, հայագետ, նախիջեւանագետ, լրագրող, մշակութաբան, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (2009), Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Արգամ Այվազյանը, Մասիսի խոշորացված համայնքի ղեկավարը, մտավորականներ, ազատամարտի մասնակիցներ։ Սուրեն Շահինյանը, ով նույնպես ծնվել է Գյոմուրում, այժմ աշխատում է Արարատի մարզի կրթության, մշակույթի վարչության գլխավոր մասնագետ, պատմեց Հազարափրկիչ վանքի մասին։
Ըստ ավանդության՝ Սյունիքի մելիք Իսրայելի որդին՝ Իսրայել Օրին, երբ լսել է Ճահուկ գավառի հայությունը վտանգի մեջ է, հորից զորք է վերցրել եւ հասել հայրենակիցներին օգնության, փրկել կոտորածից։ Այդ ժամանակից սկսած տարածքի հայերը նշել են Հազարափրկչի տոնը։ Նորակառույց եկեղեցու բակում տեղադրվել են նաեւ մի քանի խոյատապանաքարեր, որոնք բերվել են Նախիջեւանից։ Տարածքում կանգուն է նաեւ հուշակոթող, որի վրա փորագրված են 1941-45 թթ., Արցախյան պատերազմներում նահատակված քաջորդիների անունները, ովքեր արմատներով եղել են Ճահուկ գավառի Գյոմուր, Գժաձոր եւ Առինջ գյուղերից։ Ճահուկ գավառի անվան առաջին ստուգաբանողը եղել է ճահուկցի կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցին, ում մասին Ալիշանը գրում է. «Ղազար կաթողիկոս՝ բնիկ երկրին՝ ախորժե ստուգաբանել. «Վասն» պատուականութեան տեղեացն ճահ եւ ըմբոն, այսինքն գեղեցիկ հարկաւոր եւ կարի պատշաճ»։ Անվանահիմքը «ճահ» կամ «ջահ» նշանակում է «ջոկ», «խումբ» կամ «առանձին»։ Երեւի գավառը Նախիջեւանից անջատվելու կապակցությամբ է ստացել այդ անունը, որովհետեւ նրա մեջ մտնող մի շարք գյուղեր առաջներում եղել են Նախիջեւան գավառում։