Գրեթե երկու տարի է անցել ջութակահար, մշակույթի վաստակավոր գործիչ Բորիս Բաբայանի մահից, սակայն ստեփանակերտցիների մեջ վառ են մնացել նրա հետ կապված հիշողությունները, նրա թախծոտ եւ հուզառատ նվագի հնչյուններն այսօր էլ շարունակում են մարդկանց վիրավոր սրտերն ամոքել, սպեղանի լինել որդեկորույս մայրերի եւ այրիացած հարսների համար, արժեւորել արցախյան երեք պատերազմներում հայրենիքի համար նահատակված զավակների սխրանքը:
Տղաների անդառնալի կորուստը յուրովի է ողբացել արվեստագետը, ինչը չի վրիպել արցախցիների հայացքներից: Ամեն առավոտ, որքան էլ որ սգվոր հարազատները, ստեփանակերտցիները փորձել են «արեւածագը դիմավորել» հուշահամալիրում՝ տղաների շիրիմների մոտ, Բորիս Բաբայանը միշտ «կանխել» է նրանց մտադրությունը եւ «նախահարձակ» գտնվել: Եվ ամեն անգամ, երբ մարդիկ շտապել են եղբայրական գերեզմանոց (պանթեոն), այնտեղ նրանց առաջինը ջութակահար Բորիսն է դիմավորել՝ իր սրտամորմոք նվագով ու թաց աչքերով՝ այդպես արտահայտելով իր բաժին սերն ու վիշտը վաղամեռիկ հայորդիների նկատմամբ: Այսպես, գրեթե ամեն օր, ամեն առավոտ խնկարկել է տղաների հիշատակը, լուռ, արտասվախառն աչքերով հեռացել…
«Սկրիպաչ Բորյային», գթասիրտ այդ երաժշտին հիշում են ոչ միայն սերնդակիցները, այլեւ բոլոր ստեփանակերտցիները՝ մեծ ու փոքրով, ափսոսում, որ նրա նվագն էլ չի հնչում տղաների շիրիմներին, եւ անբաժան իր ջութակի հետ երազ է դարձել…
Այս հանգամանքը խորհելու, նրա հիշատակը հավերժացնելու առիթ է դարձել շատերի համար: Եվ ահա նրա «վերադարձի» գաղափարը բարեգործ անձանց շնորհիվ իրականություն դարձավ: Այդ աստվածահաճո առաքելությունը ստանձնեցին ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը եւ նկարիչ, վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանը: Կ. Սարգսյանի խնդրանքով շուտով կերտվեց Բ. Բաբայանի բրոնզաձույլ արձանը՝ իր անբաժան ջութակի հետ:
«Մահից հետո, ինչպես ասում են, անվանի երաժշտի տեղը թափուր մնաց մեր քաղաքում: Եվ շատերի պես ես էլ տխրեցի նրա կորստի համար: Հաճախ էի մտմտում, թե ինչպես կարելի է հիշատակը հավերժացնել եւ ապահովել նրա ներկայությունն հուշահամալիրում՝ տղաների կողքին»,- խոստովանում է Կ. Սարգսյանը:
Այսօր ջութակահարի քարեղեն ներկայությունն ապահովված է Ստեփանակերտի պանթեոնում, եւ հուշարձանի բացման արարողության ժամանակ ելույթ ունեցողները՝ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանը եւ այլք, ողջունելով Ստեփանակերտի խորհրդանիշներից մեկի՝ Բորիս Բաբայանի «վերադարձը», վերարժեւորել են նրա մարդկային նկարագրի էությունը, ծաղիկներ խոնարհելով հուշարձանին՝ հարգել հիշատակը: Հարազատների անունից Կարեն Սարգսյանին եւ քանդակի հեղինակ Տիգրան Արզումանյանին երախտիքի խոսքեր է ուղղել արվեստագետի թոռը՝ Արսեն Բաբայանը:
Սիրելի ուսուցչի «վերադարձի» կապակցությամբ կատարելով Կոմիտասի «Հով արեք, սարեր ջան» հանրահայտ ստեղծագործությունը, ջութակահար Աիդա Սեյրանյանը «խմբագրեց» օրվա խորհուրդը՝ Բորիս Բաբայանի մասին նորոգելով իր հույզերն ու հիշողությունները…