Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մարտի 26, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Սպորտը երբեք չպետք է քաղաքականացվի»

«Չի կարելի մոռանալ նրանց, ովքեր պատմություն են կերտել»

Հոկտեմբերի 18, 2022
Սոցիում
«Սպորտը երբեք չպետք է քաղաքականացվի»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
129
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի «Դեմ առ դեմ» խորագրի հյուրն է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:




-Պրն Գաբրիելյան, վերջերս Կեմերովոյում մասնակցեցիք «Ռուսաստանը՝ սպորտային տերություն» 10-րդ միջազգային ֆորումին: Ի՞նչ հարցեր են քննարկվել այնտեղ:

-Մենք հրավեր ենք ստացել ՌԴ օլիմպիական կոմիտեից եւ սպորտի նախարարությունից: Ֆորումին մասնակցեցի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ: Միջոցառման շրջանակներում քննարկումներ կազմակերպվեցին ավիացիոն տեխնիկայի կիրառմամբ մարզաձեւերի զարգացման վերաբերյալ: Նշվեց անցյալի փորձը, ներկայացվեցին ներկայումս կազմակերպված համապատասխան գործընթացները, անդրադարձ եղավ նաեւ այս ուղղությամբ սպորտի զարգացման հեռանկարներին: Ֆորումի ընթացքում քննարկումներ կազմակերպվեցին նաեւ Ռուսաստանում մեդիա լանդշաֆտի վերափոխման ու մարզական լրատվամիջոցների ապագայի, ինչպես նաեւ մարզական բժշության մասին, իրականացվեցին տարբեր ցուցադրություններ: Ներկա էին եվրոպական ու ասիական պետությունների ներկայացուցիչներ:

-Ֆորումում ունեցած ելույթում նշեցիք, որ ՄՕԿ-ը պետք է վերանայի ռուս մարզիկների նկատմամբ կիրառված պատժամիջոցները: Ինչպե՞ս կբացատրեք Ձեր դիրքորոշումը:

-Իմ ելույթում շեշտը դրեցի այն մտքի վրա, որ սպորտը ոչ մի դեպքում չի կարելի քաղաքականացնել: Աշխարհում այսօր ստեղծված իրավիճակում սպորտը շատ է տուժում. նկատի ունեմ Միջազգային օլիմպիական կոմիտեի վերաբերմունքը Ռուսաստանի եւ Բելառուսի թիմերի նկատմամբ: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ եթե այսօր մենք չկարողանանք հասնել նրան, որ սպորտը չքաղաքականացվի, ուրեմն պետք է հրաժարվենք սպորտից: Իմ ելույթում նշել եմ, հիմա էլ եմ կրկնում, սպորտի պատմությունը ստեղծել են մարզիկները՝ նրան տալով ոչ միայն իրենց երիտասարդությունը, այլեւ շատ հաճախ՝ առողջությունը: Համարում եմ, որ սպորտի նկատմամբ ՄՕԿ-ի եւ մոլորակի ուժեղագույն տերությունների այժմյան վերաբերմունքը ճիշտ չէ, որովհետեւ եթե այսօր այդ ուժեղ թիմերը, անհատները (բոլորս էլ գիտենք, թե Ռուսաստանը սպորտին որքան մեծ ուշադրություն է դարձնում) զրկվեն միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից, ապա արդյունքում կընկնի մրցումների որակը: Յուրաքանչյուր մարզիկ երկար ու ծանր աշխատանք է կատարում՝ կատարելագործվելու եւ իր երազանքներն իրագործելու համար: Օլիմպիական խաղերն առանձնահատուկ են բոլոր մարզիկների համար, եւ ոմանց մասնակցության չեղարկումը ոչ մարզական պատճառներով հակասում է Օլիմպիական խարտիային: Ինչպես նշել է Խաղերի հիմնադիր Պիեռ դե Կուբերտենը, սպորտը պետք է հեռու պահել քաղաքականությունից: Անցյալում, երբ հին Հունաստանում մեկնարկում էին օլիմպիական խաղերը, պատերազմները դադարեցվում էին: Այդպես պետք է լինի նաեւ հիմա: Ավելի քան 60 տարի սպորտում եմ եւ, ելնելով իմ փորձից, շեշտում եմ՝ բոլորը հարցերը պետք է լուծվեն սեղանի շուրջ: Եթե մարդը հիվանդանոց է կառուցում, ուրեմն փորձում է ճանապարհներ գտնել՝ տարբեր հիվանդություններից ազատվելու համար: Հիմա եկեք գտնենք ճանապարհը՝ սպորտի քաղաքականացման վտանգից ազատվելու համար:

-Ո՞րն է լավագույն տարբերակը:

-Իհարկե, իդեալական տարբերակը խաղաղությունն է ողջ աշխարհում:

-Պրն Գաբրիելյան, որքանով տեղյակ եմ, ֆորումի մասնակիցները խոսել են նաեւ Հայաստանում կազմակերպված բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի արտահերթ համաժողովի մասին: Ինչպիսի՞ն էին գնահատականները:

-Այդ առումով Հայաստանի հասցեին միայն գովասանքի խոսքեր են հնչել: Այդպիսի համաժողովի անցկացումն ամենեւին էլ հեշտ խնդիր չէ: Մենք ընդունել ենք 160 երկրների ներկայացուցիչների… Ինձ համար հաճելի էր լսել տարբեր երկրների պատվիրակներին, ովքեր դրական էին արտահայտվում Երեւանում անցկացված այս կամ այն մրցաշարի մասին:

-Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն կլինի հայկական սպորտի վաղվա օրը:

-Մենք անելիքներ շատ ունենք: Տեսնելով Կեմերովոյում կառուցված մարզական ենթակառուցվածքները՝ զգացի, որ որոշակիորեն հետ ենք մնում: Իհարկե, դա իր պատճառներն ունի. պատերազմի մեջ ենք, ունենք արցախյան հարց… Ի դեպ, այս մասին նույնպես խոսել եմ իմ ելույթում, որին շատերը, ի դեպ, համակրանքով վերաբերվեցին: Ֆորումի կազմակերպիչներն էքսկուրսիա անցկացրեցին, եւ ես տեսա, որ Ռուսաստանում սպորտը մեծ քայլերով է առաջ գնում: Ռուսները չեն ընկճվում ստեղծված իրավիճակի պատճառով, փորձում են տարբեր մարզաձեւերի ներքին մրցումներն անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան: Օրինակ՝ Չիտայում անցկացված բռնցքամարտի առաջնությունը, ըստ իս, թե մասնակիցների քանակով, թե որակով կարելի է համեմատել աշխարհի առաջնության հետ:

Մենք Հայաստանում հաճախ ենք միջազգային մրցաշարեր անցկացնում, եւ բոլորն արդեն գիտեն Հայաստանի, Երեւանի տեղը: Իսկ դրանց լավ կազմակերպումը հնարավոր է միայն համախմբվածության մթնոլորտում, երբ նույն նպատակին են ձգտում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, սպորտի նախարարությունը, մյուս կառույցները: Ես գովեստի խոսքեր եմ ասում մեր օլիմպիական կոմիտեի հասցեին: 2005 թվականից, անկեղծ պետք է լինեմ, երբ ՀԱՕԿ-ի նախագահ ընտրվեց Գագիկ Ծառուկյանը, շատ բան փոխվեց մեր մարզիկների կյանքում: Եվ մարզաբազաներ կառուցեցինք ու վերանորոգեցինք, եւ միջազգային մրցաշարեր անցկացրեցինք… Կեմերովոյում ես դահլիճին եմ դիմել այսպիսի արտահայտությամբ՝ մեկ ծաղիկով էլ է գարուն գալիս: Մեր ազգային օլիմպիական կոմիտեն ճիշտ ճանապարհի վրա է, եւ կարծում եմ, որ օլիմպիական 15-րդ չեմպիոն ունենալու իմ ձգտումն ամենեւին էլ անիրականանալի երազանք չէ: Տարիքս ինձ իրավունք է տալիս հանդես գալ խնդրանքով, որ սպորտի վետերաններին՝ այն մարդկանց, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրել են սպորտին, չզրկենք մեր ուշադրությունից: Շատ բան պետք չէ, միայն հասարակական ուշադրության կարիք կա: Եթե այդ ուշադրությունը լինի, նրանք ավելի երկար կապրեն ու ավելի լավ կաշխատեն՝ հանուն մեր պետության: Իմ փորձով եմ ասում: Երբ ինձ վստահում են ու առաջարկում պետություն ներկայացնել, ես հաստատ ինձ 78 տարեկան չեմ զգում: Չի կարելի մոռանալ նրանց, ովքեր պատմություն են կերտել: Վստահ եմ, որ համերաշխ ու միմյանց նկատմամբ հարգանքի մթնոլորտում աշխատանքի դեպքում կլսենք նոր չեմպիոնների մասին, ովքեր իրենց անունները ոսկե տառերով կգրեն օլիմպիական խաղերի տարեգրության մեջ:

-Միանգամայն հասկանալի է, որ այսօր հայ հանրության ուշադրությունը բեւեռված է այլ խնդիրների լուծման վրա: Պատերազմի մեջ ենք, ունենք Արցախի հիմնահարց: Գուցե դեռ ժամանա՞կ կպահանջվի՝ սպորտին վերստին վերադառնալու համար:

-Նույնիսկ այս պայմաններում պետք է ամեն ինչ անենք՝ սպորտն ուշադրությունից դուրս չթողնելու համար: Մարդիկ կարող են հակադարձել՝ խոսելը հեշտ է, անելն է դժվար: Սակայն միտք ունեցողը կգտնի ելքը: Անհրաժեշտ է ծրագիր մշակել, հանդես գալ նախաձեռնություններով, ապրել ոչ միայն անցյալով, այլեւ ապագայի տեսլականով՝ ամեն օր դեպի առաջ քայլ կատարելով: Կեմերովոյում, ի դեպ, անդրադարձա ստեղծված իրավիճակին, թե ինչպիսի պայմաններում ենք աշխատում սպորտի զարգացման ուղղությամբ: Շեշտեցի, որ մենք ուրիշինը չենք ուզում, իսկ մերը երբեք չենք տա ուրիշին: Ինչու պիտի մեր պապերի, մեր եղբայրների ստեղծածն ուրիշին տանք: Ինչ բնավագառ էլ ներկայացնես, չես կարող անտարբեր լինել, երբ հարձակվում են քեզ վրա: Ես պապիկ եմ, ուստի միանգամայն բնական է, որ ցանկանում եմ իմանալ, թե ինձանից հետո իմ զավակներն ու թոռներն ինչպիսի երկրում են ապրելու: Իսկ ապագան բխում է ընտանիքներից. եթե կան ամուր ընտանիքներ, ուրեմն նաեւ պետությունն է ամուր: Յուրաքանչյուրս մեր ընտանիքում պետք է մեր զավակներին ու թոռներին դաստիարակենք հայրենասիրության ոգով ու սիրենք մեր հայրենիքը:  Հիշում եմ՝ 1990-ականներին, երբ մեր մարզիկներին մրցումների էի ուղեկցում դեպի Իրան, Գորիսի մերձակայքում հանդիպեցինք մոտ 40 տղաների, ովքեր մեկնում էին Արցախ՝ պաշտպանելու մեր հայրենիքը: Տեղեկանալով մեր այցելության մասին՝ բոլորը մի մարդու պես ասացին՝ մենք ձեզ համար եւ ձեր փոխարեն էլ ենք կռվելու, մտածեք միայն հաղթանակով վերադառնալու մասին: Այսպիսին է հայ ժողովուրդը: Բայց մենք էլ ենք սահմանին ու մենք էլ ենք կռվում: Միայն մեր օլիմպիական հերթափոխի հանրապետական քոլեջը 26 զոհ է տվել…

-Որքան հիշում եմ, քոլեջի մոտ բացվեց հուշակոթող՝ նվիրված զոհված մարզիկների հիշատակին, սանկտպետերբուրգցի բարերար Հրաչյա Պողոսյանի հովանավորությամբ:

-Ես ցանկանում եմ ջերմ խոսքեր ասել Հրաչյա Պողոսյանի մասին: Ապրելով Ռուսաստանում՝ նա չի կորցրել հայրենիքի հետ իր կապը: Մի անգամ հանդիպեցինք հարսանիքի վայրում: Ես ներկա էի արարողությանը, բայց մտքերս հեռու էին: Մտածում էի՝ ինչ են զգում զոհվածների ծնողները… Նկատելով մտախոհ վիճակս՝ Հրաչյա Պողոսյանը դիմեց ինձ, եւ մենք երկար զրուցեցինք այդ թեմայով: Մեկ օր անց նա զանգահարեց, այցելեց քոլեջ եւ խոստացավ շատ կարճ ժամանակում հիշատակի հուշարձան կառուցել: Եվ կատարեց իր խոստումը: Այդ ժամանակ ես արդեն քոլեջի տնօրենը չէի, բայց դա ոչ մի նշանակություն չունի: 30 տարուց ավելի ես ու տղաս՝ Արմեն Գաբրիելյանը, մեր լուման ենք ներդրել այնտեղ: Մինչեւ այսօր էլ շարունակում ենք, դա մեր երկրորդ օջախն է: 2012 թ. էլ, երբ ես Օլիմպիական խաղերի առիթով Լոնդոնում էի, տղաս ու աղջիկս քոլեջի տարածքում կառուցել են «Սուրբ Աննա» մատուռ: Պատկերացնո՞ւմ եք՝ 600 չարաճճի երեխաներ, որ սովորում են այնտեղ, հենց հասնում են մատուռին, միանգամից փոխվում են, հանդարտվում, ներս մտնում, մոմ վառում ու նոր գնում դասի: Իսկ հիշատակի հուշարձանի կառուցման ժամանակ մենք բոլորս մի նպատակ ունեինք՝ նրանք պետք է հիշվեն, մրցումների գնացող մարզիկները պետք է խոնարհվեն հուշարձանի առջեւ: Դա վերածվում է յուրատեսակ երդման վայրի՝ հանուն մեր հերոսների հիշատակի պայքարել միայն հաղթանակի համար: Փառք ու պատիվ Հրաչյա Պողոսյանին: Այդպիսի մարդիկ հարգանքի պետք է արժանանան նաեւ մեր պետության կողմից:

-Պրն Գաբրիելյան, մեր զրույցն ավարտենք վերջին օրերին շրջանառվող այն տեղեկությամբ, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը պետք է միավորվի այլ բուհերի հետ…

-Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը շուտով կդառնա 80 տարեկան: Հիմա հարց է բարձրացվել՝ այն միավորելու այլ բուհերի հետ. 3 ինստիտուտ՝ մեկ տանիքի տակ: Հետխորհրդային երկրների փորձը ցույց է տվել, որ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը մեծ դեր է կատարում երիտասարդության շրջանում: Առաջարկը, որն արվել է, կոնկրետ ես՝ որպես սպորտի աշխարհի ներկայացուցիչ, չեմ ընդունում: Մի բան անելուց առաջ պետք է նայենք՝ աչքը շինեցի՞նք, թե՞ ունքն էլ հետը հանեցինք: Եթե իմանամ, որ դա օգուտ է տալիս, առաջինը ես կողմ կքվեարկեմ: Անհրաժեշտ է բոլոր հարցերը լուծել կլոր սեղանի շուրջ: Միակողմանի որոշման դեպքում մեծ է սխալվելու հավանականությունը: Եթե ուզում ես մարդուն աշխատանքից հեռացնել, նույն օրը չպետք է հրաման տաս: Թող անցնի մի երկու օր, կտեսնես, որ բովանդակությունը փոխվում է…

Թեգեր: Դերենիկ Գաբրիելյան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

Մարտի 25, 2023
Յանիկյանի փամփուշտները դեռ սլանում են

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

Մարտի 24, 2023

Մեկ օր հերոսների դպրոցում

Պատերազմը՝ միլիոն գողանալու համաշխարհային մեխանիզմ

Գործատուն պետական աջակցություն կստանա

…Ու մնացին հավերժ զինվորներ

Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Հազարամյակների տեսլականը նույնն է մնացել

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

    Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist