Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ պաշտոնական Բաքվի հետեւողական, նենգ քայլերի հետեւանքով: Այս պետությունը գրեթե ամենօրյա ռեժիմով կրակ է բացում Հայաստանի արեւելյան սահմանի ուղղությամբ եւ դրանցում մեղադրում ՀՀ զինված ուժերին: Ադրբեջանն իր այս գործելաոճը զարգացնում է ավելի կատարելագործված կեղծիքի գործիքակազմով: Հոկտեմբերի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Սոթք-Կուտական հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման եւ վերլուծության արդյունքում պարզվել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ: «Ադրբեջանի ԶՈՒ-ն նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր, ի պատասխան հայկական կողմից բացված կրակի»,- ասվում է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունում:
Պաշտոնական Բաքվի այդօրինակ գործողությունները հասել են այնտեղ, որ սկսել է Հայաստանին մեղադրել իր ինքնիշխան տարածքի անվտանգությունն ապահովելու համար զինտեխնիկայի տեղակայման համար: Ընդ որում՝ խոսքը սահմանի այն հատվածների մասին է, որտեղ ադրբեջանական զինուժն ապօրինություն է թույլ տվել եւ ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք: ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքեց Ադրբեջանից հնչած հայտարարությանը՝ տարածած հաղորդագրության մեջ պարզաբանելով, որ Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունն անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից լրացուցիչ ուժերի եւ միջոցների տեղաշարժով ու բացազատման հետ, ինչն առաջացրել է որոշակի լարվածություն: Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ հայկական կողմի քայլերը, որ իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային ու զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ, իրադրությունը լարելու նպատակ չեն հետապնդում, եւ հիշատակված միջոցները տվյալ ուղղությունից Ադրբեջանի դուրս բերելու դեպքում հայկական կողմը եւս դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները:
Ադրբեջանի նման վարքագիծն ունի երկու պատճառ: Առաջին՝ ագրեսիայի հետեւանքով ներխուժելով ՀՀ տարածք՝ Ադրբեջանն օրինաչափորեն վախեր ունի, եւ այդ վարքագծով են դրանք դրսեւորվում: Երկրորդ՝ պաշտոնական Բաքուն նման նվաճողական ագրեսիվ քաղաքականությամբ ոչ միայն լարված է պահում նոր իրավիճակը, այլեւ իր համար պատճառներ է իմիտացնում նոր ռազմական գործողությունների համար: Հատկանշական է, որ այս քաղաքականությունը Բաքուն եւ Անկարան տանում են համահունչ ու փոխհամաձայնեցված:
Օրերս Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Չաղաթայ Քըլըչը հայտարարեց, որ Անկարան կարող է կրկին դիմել «ֆուտբոլային դիվանագիտությանը» Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, քանի որ հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացում դրական տեղաշարժ կա, եւ պետք է «ընդամենը սադրանքների չդիմել»: Թուրք պաշտոնյան, արտաբերելով սադրանք բառը, նույն լեզվով է խոսում, ինչ Ադրբեջանի նախագահը: Այսպիսով՝ միանշանակ կարելի է փաստել, որ Թուրքիան խրախուսում է սադրանքների վերաբերյալ Ադրբեջանի՝ պարբերաբար կեղծ տեղեկատվություն տարածելու քաղաքականությունը, հետեւաբար նաեւ՝ պաշտոնական Բաքվի յուրաքանչյուր քայլի համար հավասարապես պատասխանատվություն է կրում:
Բայց պետք է արձանագրել, որ Բաքվի այս կեղծ քարոզչությունն արդեն արդյունք չի տալիս համաշխարհային հանրության կարծիքը ձեւավորելու հարցում: Վերջինիցս հնչող հայտարարությունները եւ համապատասխան կառույցներում ընդունված բանաձեւերը միանշանակ դատապարտում են ադրբեջանական ագրեսիան՝ անտեսելով վերջինիս կեղծ հիմնավորումները: Այս ամենը հաշվի չառնելով՝ Բաքուն շարունակում է իր կեղծիքի քաղաքականությունը, ինչը օրախնդիր է դարձնում սահմանային դիտորդական առաքելության աշխատանքների մեկնարկը՝ նմանատիպ սադրանքները կանխելու համար: