Հիսուսը մահացավ մարդկության մեղքերի պատճառով, եւ բնական է, որ յուրաքանչյուրս մտորում է սեփական մեղքերի մասին: Եկեղեցին Մեծ պահքի շրջանում առավել ոգեւորությամբ է մեզ ներշնչում խոստովանվելու եւ հաշտվելու Աստծո հետ: Միշտ դժվար է լինում խոստովանել, որ դու ինչ-որ բան այնպես չես արել, անկեղծորեն զղջալ դրա համար եւ ներողություն խնդրել: Սակայն, որքան էլ բարդ չլինի, որքան էլ ցանկանանք խուսանավել, պետք է գիտակցենք խոստովանության հույժ կարեւորությունը: Ուսումնասիրելով Սուրբգրային մտքերը խոստովանության մասին՝ մենք կհասկանանք դրա իրական կարեւորությունը: Մեկ անգամ գիտակցելով դրա կարեւորությունը, մեզնից շատերը կգործադրեն զգալի ջանքեր եւ այն կդարձնեն պարբերաբար կրկնվող պրակտիկա:
Բնականաբար, մեզ մոտ կծագեն բազմաթիվ հարցեր. ինչպե՞ս խոստովանվել, ե՞րբ խոստովանվել: Իսկ եթե ինձ թվում է, թե ես խոստովանվելու ոչինչ չունե՞մ:
«Եւ իմ ժողովուրդը, որի վերայ կոչուած է իմ անունը, խոնարհուին եւ աղօթք անեն եւ իմ երեսը խնդրեն եւ իրանց չար ճանապարհներիցը ետ դառնան, այն ժամանակ ես կլսեմ երկնքիցը եւ կներեմ նորանց մեղքը եւ կբժշկեմ նորանց երկիրը»: Բ Մնացորդաց 7:14
«Իր յանցանքը ծածկողը չի յաջողուիլ, բայց խոստովանող ու թողողը ողորմութիւն կգտնէ»: Առակաց 28:13
«Եւ թող մեզ մեր մեղքերը. որովհետեւ մենք էլ թողում ենք ամենին, որ պարտական է մեզ. եւ մեզ փորձանքի մէջ մի տանիր, այլ փրկիր մեզ չարիցը»: Ղուկաս 11:4
«Եթէ ասենք թէ մեղք չունինք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտութիւնը չկայ մեզանում: Ապա թէ մեր մեղքերը խոստովանենք, նա հաւատարիմ է եւ արդար որ մեր մեղքերը թողէ մեզ, եւ սրբէ մեզ ամեն անիրաւութիւնից»: Ա Հովհաննես 1:8-9
«Բայց Աստուած տգիտութեան ժամանակներն անտես անելով, հիմա մարդկանց պատուիրում է, ամենին ամեն տեղ ապաշխարել»: Գործք Առաքելոց 17:30
«Արդ ի՞նչ ասենք. մնա՞նք մեղքի մէջ, որ շնորհքը չստանայ: Քաւ լիցի. մենք որ մեռանք մեղքին, էլ ինչպէ՞ս դեռ կապրենք նորանում»: Հռովմեացիս 6:1-2
«Իրար խոստովանեցէք ձեր յանցանքները, եւ իրար վերայ աղօթք արէք, որ բժշկուիք, շատ զօրաւոր է արդարի աղօթքը ներգործելով»: Հակոբոս 5:16
«Տէրը չի ուշացնիլ խոստումը, ինչպէս ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վերայ որովհետեւ չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն»: Բ Պետրոս 3:9
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ