Հայ-բրազիլական առեւտրատնտեսական կապերի ակտիվացման հնարավորությունները քննարկեցին ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան ու Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ։
Դեսպանի խնդրանքով ՀԱԳՄ նախագահը ներկայացրեց միության գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանում առկա տնտեսական իրավիճակը, ոլորտային իրավական դաշտը, այն բնագավառները, որոնցում հնարավոր է խորացնել երկկողմ հարաբերությունները։ Նշվեց, որ ներկա առեւտրային շրջանառության ծավալները մեծ չեն, մինչդեռ առկա է ներուժ՝ դրանք քանիցս բազմապատկելու համար։ Չնայած տարածքային հեռավորությանը եւ բեռնափոխադրումների որոշակի բարդություններին, ըստ Արսեն Ղազարյանի, գործակցության լավ հնարավորություններ կան գյուղմթերքների վերամշակման, տեղեկատվական տեխնոլոգիաների, շինանյութերի, քիմիական արդյունաբերության, զբոսաշրջության ոլորտներում։ Նա Հայաստանի համար հետաքրքրական համարեց գյուղատնտեսական հողատարածքների կառավարման ու մշակման բրազիլական փորձը, նշեց հնարավոր ներդրումային ուղղությունները։
Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն ընդգծեց, որ Հայաստանում իր պարտականությունները ստանձնելով՝ ցանկացել է առաջիններից մեկը հանդիպել գործարար համայնքը համապարփակ ներկայացնող կառույցի ղեկավարի հետ, քանի որ քաղաքական ու դիվանագիտական երկխոսությունների շարունակողներն իրական տնտեսության մեջ հենց մասնավոր ձեռներեցներն են։ Նրա գնահատմամբ՝ բոլոր նպաստավոր պայմանները կան տնտեսական փոխգործակցության հետագա աշխուժացման համար։ Ֆաբիո Վազ Պիտալուգան նշեց, որ երկու կողմերի գործարարների մոտ առկա է միմյանց տնտեսությունների մասին բավարար տեղեկատվության պակաս, ուստի առաջնահերթ խնդիրներից է տարբեր խողովակներով, այդ թվում՝ մասնագիտացված հասարակական կառույցների միջոցով, ապահովել հնարավորությունների ու հետաքրքրությունների փոխճանաչելիություն։ Երկկողմ տնտեսական կապերի զարգացման գործում նա կարեւորեց բրազիլահայ կազմակերպված համայնքի դերակատարությունը։ Դեսպանի գնահատմամբ՝ բրազիլահայ համայնքի շատ ներկայացուցիչներ հաջողակ գործարարներ, հարգված մասնագետներ, դիվանագետներ ու քաղաքական գործիչներ են, եւ այս ներուժն իր գործուն դերակատարությունը կարող է ունենալ երկկողմ գործակցության առաջընթացի մեջ։
Զրուցակիցները կարեւորեցին անհրաժեշտ տեղեկությունների փոխանակումը, համատեղ գործարար համաժողովների ու սեմինարների կազմակերպումը, առեւտրային ցուցահանդեսներին երկուստեք մասնակցությունը, աշխատանքների շարունակականությունը։