Չար մարդկանց հարկավոր է ատել: Բայց նրանց, ովքեր համակված են կույր մոլեգնությամբ, կարելի է միայն ողբալ: Քանզի ամենքից ավելի ափսոսանքի է արժանի նա, ով դա չի հասկանում. բոլորից ավելի դժբախտ է նա, ով չի գիտակցում իր դժբախտությունը: Չէ՞ որ ապաքինվելու համար պետք է իմանալ սեփական հիվանդությունը:
Ուստի եւ ես, Խաղաղությունս, փառաբանված մարդկան¬ցից եւ աստվածներից, ասում եմ՝ ես աղբյուրն եմ, հայրը, կերակրողը, պաշտպանը եւ բազմապատկողը այն ամեն լա¬վագույնի, ինչը երբեւէ գոյություն է ունեցել երկնքում եւ երկրի վրա: Առանց ինձ երբեք եւ ոչ մի տեղ չի լինում ոչինչ բար¬գա¬վաճող, ոչինչ հուսալի, ոչինչ ազնիվ եւ սուրբ. առանց ինձ չկա ոչինչ մարդկանց համար հաճելի եւ չկա ոչինչ աստվածների համար ցանկալի:
Մինչդեռ պատերազմը, ընդհակառակը, ներհակ է ամեն գոյավորի. պատերազմը բոլոր դժբախտությունների եւ չարիքների նախապայմանն է, անհատակ մի օվկիանոս, որն ան¬խտիր կլանում է ամեն ինչ: Պատերազմի պատճառով ծաղ¬կուն ամեն ինչ նեխում է, առողջ ամեն ինչ կործանվում է, կա¬յուն ամեն ինչ փլուզվում է, գեղեցիկ ու օգտակար ամեն ինչ ոչնչանում է, քաղցր ամեն ինչ դառնանում է:
Բայց եթե պատերազմի մեջ սուրբ ոչինչ չկա, եթե պատերազմը մահաբեր համաճարակի նման քայքայում է խիղճն ու հավատը, եթե մարդկանց համար չկա ավելի կործանարար բան, իսկ Աստծո համար՝ ոչինչ ավելի ատելի բան, եթե այդ ամենն այդպես է, հապա ինչո՞ւ եք ինձանից երես դարձնում: Մի՞թե դուք բանական մարդիկ եք: Ո՞վ կհավատա, որ դուք օժտված եք գեթ մի փշուր իմաստությամբ, եթե ջանք ու ե¬ռանդ չխնայելով, ծախսերի առաջ չկանգնելով, հորդորնե¬րին չենթարկվելով, ամեն տեսակի խորամանկության դիմե¬լով, ամեն տեսակի վտանգներն անտեսելով դուք ձգտում եք ամեն կերպ ինձ արտամղել եւ փոխարինել պատերազմով՝ բո¬լոր դժբախտությունների եւ տառապանքների մարմնավոր¬մամբ:
Թող որ ինձ մերժեին վայրի գազանները, ես հեշտորեն կտանեի այդ վիրավորանքը, քանզի դաժանությունը վայրի գազանների էության մեջ է, նրանք չար են իրենց բնույթով:
Թող որ ինձ ատեին անբանական էակները, ես կներեի նրանց անտեղյակությունը, քանզի ով զուրկ է բանականությունից, չի կարող ըստ արժանվույն գնահատել իմ բերած ընծաները:
Բայց ապշեցուցիչ բան է: Թեպետ բնությունը միայն մարդուն է օժտել բանականությամբ, Աստծո կամքը եւ հայտնությունը ընկալելու հատկությամբ, միայն նրան է ստեղծել բարությամբ եւ համաձայնության մղումով լի, բայց ես ավելի շատ ամենակատաղի գազանների, ամենից անբանական եւ չարասիրտ արարածների մեջ եմ ինձ համար ապաստարան գտնում, քան թե մարդկանց մեջ:
Ամենակատաղի եւ վայրի գազանների մեջ էլ համաձայնություն գոյություն ունի: Առյուծը երբեք իր նմանի հանդեպ արյունարբություն չի դրսեւորում: Վարազը վարազին չի պատառի իր մահացու ժանիքով: Լուսանների միջավայրում խաղաղություն է տիրում: Վիշապը կատաղած չի հարձակվում մեկ այլ վիշապի վրա: Իսկ գայլերի միջեւ համաձայնությունը նույնիսկ ասացվածք է դարձել:
Բայց ես կարող եմ ավելի զարմանալի բաներ պատմել: Անբարեպաշտ հոգիները, որոնք առաջինը խախտեցին եւ շարունակում են խախտել Աստծո խաղաղությունը եւ մարդկանց միասնությունը, այսօր միավորվել են եւ միմյանց միջեւ լիակատար փոխըմբռնմամբ պաշտպանում են իրենց սրտամոտ բռնապետությունը:
Միայն թե մարդկանց (իսկ հատկապես նրանք բոլորից ավելի միաբանության կարիքն ունեն) ի զորու չեն հաշտեցնելու ո՛չ բարի եւ հզոր բնությունը, ո՛չ դաստիարակությունը, ո՛չ փոխադարձ համաձայնությունից ակնկալվող օգուտը: Ամենածանր փորձությունները, ամենադառը փորձը չեն կարողանում մարդկանց միավորել եւ ներշնչել փոխադարձ սեր:
Իսկ չէ՞ որ բոլոր մարդիկ դեմքի եւ մարմնի ընդհանուր ձեւ ունեն, ձայնի ընդհանուր հնչյուն: Կենդանի էակների մյուս տեսակները մարմնի ձեւով մեծավ մասամբ տարբերվում են միմյանցից: Բայց դեմքով եւ բանականության ուժով օժտված է միայն մարդը. բանականությունը ներհատուկ է բոլոր մարդկանց՝ տարբերելով այլ էակներից: Դրանից բացի, մարդկանց լեզու է տրված՝ լավագույն միջնորդը համաձայնություն եւ բարեկամություն հաստատելու համար:
Լեզուն հնարավորություն է ընձեռում հաստատելու բարեկամություն, համաձայնություն եւ փոխադարձ սեր, քանի որ մարդկանց մեջ ցանված են իմացության եւ առաքինության սերմեր, բոլորն օժտված են բանականությամբ, հեզաբարո են եւ տրամադրված մերձավորի համար բարիք գործելու, բացառությամբ այն դեպքերից, երբ ցանկասիրությամբ կամ հանցավոր մտքերով համակված մարդը, ասես հարբած Ցիցերայի ըմպելիքից, վերածվում է գազանի: Հատկապես այդ պատճառով ժողովրդի մեջ ընդունված է «մարդկային» անվանել այն ամենը, ինչը ծառայում է որպես մարդկանց միջեւ բարյացակամ փոխհարաբերության հատկանիշ. այդպիսով, «մարդկային» բառը նշում է մարդու բնույթի բարոյական, այլ ոչ թե ֆիզիկական հատկությունները….
Ավա˜ղ, ինչպես ասացվածքն է պնդում, չար գործերը հաշտեցնում են չար մարդկանց: Կա՞ ավելի փխրուն բան, քան մարդկային կյանքն է: Կամ՝ ավելի կա՞րճ: Եվ որքա˜ն փորձանքների եւ ձախորդությունների է նա ենթարկված: Այդուհանդերձ, իմանալով դա, մարդիկ, ասես, բանականությունից զրկված, իրենց գլխին ամեն տեսակի փորձանք են բերում, ավելին, քան կարող են տանել ու դիմանալ: Մարդկանց մտքերն այնպես են կուրացել, որ նրանք այդ ամենը չեն տեսնում: Նրանք ամեն կերպ ջանում են խզել եւ քանդել բնության բոլոր կապերը, մարդկային համակեցության եւ համախոհության բոլոր կապերը: Նրանք ամենուր կռվում են միմյանց դեմ, եւ դրան վերջ ու սահման չկա: Ազգը ազգին է բախվում, քաղաքը՝ քաղաքին, պետությունը՝ պետությանը, եւ միմյանց վնաս են հասցնում….
Ո՞ր ազգը այս տարիներին չի պատերազմել ցամաքում եւ ծովում մեծագույն մոլեգնությամբ: Ո՞ր մի երկիրը հեղեղված չի եղել քրիստոնեական արյունով: Ամո՛թ եւ խայտառակությո՛ւն: Քրիստոնյաները մարտնչում էին ավելի անողոքաբար, քան հին հրեաները, քան հեթանոսները, քան վայրի գազանները: Հին հրեաները պատերազմում էին օտարերկրացիների դեմ: Նման պատերազմ քրիստոնյաները պետք է մղեին իրենց միջեւ տարածված արատների, այլ ոչ թե մարդկանց դեմ: Հին հրեաներին ճակատամարտերում ղեկավարում էր հավատը: Իսկ քրիստոնյաներին, եթե մի կողմ դնենք կանխակալ կարծիքները, ամենուր մարտի է մղել սնափառությունը: Ցասումը (վատթարագույն խորհրդատուն) եւ անհագ ընչաքաղցության հանցավոր ծարավն են ղեկավարում նրանց: Հին հրեաները պատերազմում էին բարբարոսների դեմ, իսկ քրիստոնյաները դաշինք են կապում թուրքերի հետ եւ ճակատամարտում են միմյանց դեմ….
Հեթանոս բռնապետերին սովորաբար փառքի ծարավն էր մղում պատերազմ սկսելու: Հանուն դրա նրանք նվաճում էին բարբարոսներին եւ վայրի ժողովուրդներին, ինչը վերջիններիս համար նաեւ բարենպաստ էր լինում, ուստի եւ պարտվածները լավ էին տրամադրվում հաղթողի հանդեպ: Եվ հեթանոս բռնապետերն ամեն ինչ անում էին, որպեսզի հաղթանակը լիներ անարյուն՝ որպես իրենց անհաղթ ուժի եւ վաստակած փառքի հաղթանակ, եւ որպեսզի հաղթողի բարությունը մխիթարություն լիներ պարտվածների համար:
Բայց ես ամաչում եմ հիշել, թե որքան փուչ եւ ունայն բաների պատճառով են քրիստոնյա միապետերն աշխարհը ձգում պատերազմի հորձանուտը: Մեկը որոնում է եւ իրեն վերագրում մի ինչ-որ հին եւ վարկաբեկված տիտղոս, կարծեք թե դա բացառիկ կարեւորություն ունի իշխելու եւ թագավորությունը կառավարելու համար, կարծեք դրանում են ամփոփված երկրի բարեկեցությունը եւ բոլոր բարիքները: Մյուս միապետը հայտնաբերում է, թե իր հարյուրավոր տիտղոսների մեջ անտեսվել է ինչ-որ մի մանրուք (ես արդեն չեմ կարող ձեզ ասել, թե ինչ): Երրորդ միապետն անձնապես վիրավորված է զգում իր հասցեին (սեփական տիկնոջ սուտ փոխանցմամբ) առանձնապես ոչինչ չնշանակող բառի կամ արտահայտության գործածությունից:
Բայց ամենից հանցավորը եւ նողկալին բռնապետերի երեսպաշտությունն է: Նրանք իրենց հզորությունը տեսնում են ժողովրդի ներսում եղած համաձայնությունը քանդելու մեջ, իսկ երբ դրան հասնում են, ժողովրդին ներքաշում են պատերազմի մեջ, որպեսզի մասնատեն նրանց, ովքեր դեռ միասնական են եւ որպեսզի ավելի անկաշկանդ եւ հեշտորեն թալանեն եւ կեղեքեն դժբախտ մարդկանց….
Խաղաղությունը մեծավ մասամբ կախված է խաղաղություն ցանկացող սրտերից: Բոլոր նրանք, ում խաղաղությունն է ցանկալի, ողջունում են խաղաղությունը պահպանելու ամեն մի հնարավորություն: Նրանք ջանում են կամ չնկատել խաղաղության խոչընդոտները, կամ վերացնում են դրանք, կամ էլ հաշտվում են շատ բաների հետ, միայն թե խաղաղությունը՝ մեծագույն բարիքը պահպանվի: Մյուսները առիթ են որոնում պատերազմ սկսելու…. Եվ այդժամ սկսում են վերհիշել բազում վիրավորանքներ, ամեն մարդ վերհիշում է իրեն հասցրած վիրավորանքները եւ պատճառած չարիքը: Միաժամանակ, ոչ ոք լավ գործերի մասին չի հիշում, դրանք խոր մոռացության մեջ են հայտնվում, այնպես որ իսկապես համոզիչ տպավորություն է ստեղծվում, թե բոլոր մարդիկ պատերազմ են ցանկանում եւ ձգտում են պատերազմի….
Բոլոր քրիստոնյաները եղբայրներ են: Ուրեմն ինչո՞ւ նրանցից ամեն մեկը չի ուրախանում՝ տեսնելով մյուս մարդկանց բարեկեցությունն ու բարգավաճումը…
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ